Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

«Tour of Armenia». Իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին հաղթանակը նվիրել է տատիկի հիշատակին

Սեպտեմբեր 11,2026 20:15 Share

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի երկրորդ օրը աշխարհի տարբեր երկրների 16 թիմերի հեծանվորդները հաղթահարել են Կիրանց-Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։

Առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին (Team Ukyo)՝ ընդամենը մի քանի միլիմետրով առաջ անցնելով հերոսաբար պայքարած Լեոնարդո Վեսկոյից (Biesse-Carrera-Premac)։ Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ՝ 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։

Պատվո հարթակ բարձրանալուց հետո նա իր հաղթանակը նվիրել է տատիկին՝ Տեկլային, որը կյանքից հեռացել էր այս շաբաթ։ Երկրորդ մրցափուլի հաղթող Ֆեդերիկո Իակոմոնին, հուզմունքն ու ուրախությունը չթաքցնելով, նշել է․ «Ես Հայաստան էի եկել մեկ մրցափուլ հաղթելու և այն տատիկիս՝ Տեկլային, նվիրելու համար, ով, ցավոք, մահացավ այս շաբաթ՝ մեկնելուցս անմիջապես առաջ։

Երկմտում էի՝ մասնակցե՞լ «Tour of Armenia»-ին, թե՞ ոչ, բայց հետո որոշեցի մրցել նրա հիշատակի համար և արեցի դա։ Իմ իմպուլսիվության պատճառով, որը երկսայր սուր է, նախկինում շատ հնարավորություններ եմ ձեռքից բաց թողել, բայց հիմա ուզում եմ ուժեղացած ավարտել այս մրցաշարը՝ օգնելով Սիմոնե Ռականիին, ով պայքարում է ընդհանուր հաշվարկի համար»։

Հերթական անկանխատեսելի ու լարված մրցափուլը UCI Europe Tour-ի այս նոր մրցաշարում փոփոխություն է մտցրել նաև ընդհանուր հաշվարկի աղյուսակում․ Ալեքսանդր Բալմերը (Solution Tech Nippo Rali) խլել է կարմիր շապիկը երեկվա հաղթող՝ լեհ Միխալ Պոմորսկիից։

Երկրորդ մրցափուլը մեկնարկել է Տավուշի մարզի փոքրիկ Կիրանց գյուղից, որը հայտնի է իր 7-րդ դարի վանական համալիրով։ Մրցաշարի մեկնարկն ազդարարել է Սպորտի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն Խորեն Զարգարյանը։

2-րդ մրցափուլի արդյունքները՝ Կիրանց-Ստեփանավան

  1. Ֆեդերիկո Իակոմոնի (Team Ukyo) — 177 կմ՝ 4 ժ 19 րոպե 46 վայրկյան, միջին արագությունը՝ 40.882 կմ/ժ (10 վայրկյան բոնուսային ժամանակ)
  2. Լեոնարդո Վեսկո (Biesse-Carrera-Premac) — նույն ժամանակը (7 վայրկյան բոնուսային ժամանակ)
  3. Կևին Բիլ (General Store-Essegibi-F.lli Curia) — +28 վայրկյան (4 վայրկյան բոնուսային ժամանակ)

Ընդհանուր հաշվարկ՝ TOUR OF ARMENIA 2026

  1. Ալեքսանդր Բալմեր (Solution Tech Nippo Rali) — 6 ժ 55 րոպե 02 վայրկյան
  2. Միխալ Պոմորսկի (Att Investments) — +4 վայրկյան
  3. Ֆլեթչեր Մեդվեյ (Netcompany Ineos Racing Academy) — +8 վայրկյան

 

Ընդհանուր հաշվարկի նոր առաջատար Ալեքսանդր Բալմերը (Solution Tech Nippo Rali) նույնպես գոհ էր, քանի որ այժմ գլխավորում է նաև միավորների հաշվարկը․ «Դեռևս Tour of Armenia-ի մեկնարկից առաջ մենք թիրախավորել էինք հենց այս մրցափուլը՝ կարմիր շապիկը նվաճելու համար։ Ափսոս, որ չկարողացա հասնել առաջատարների խմբին՝ նաև մրցափուլի հաղթանակի համար պայքարելու համար, բայց ուրախ եմ, որ նոր առաջատարն եմ և կրում եմ նաև նարնջագույն շապիկը։ Հիանալի կլիներ այն պահպանել մինչև Երևան, բայց վաղը բարդ է լինելու, քանի որ ես մի փոքր ծանր եմ վերջնական վերելքի համար, որը նախատեսված է իսկական լեռնագնացների համար։ Տեսնենք»։

 

Օգոստոսի 12-ին՝ Մարտունի-Դիլիջան (Պարզ լիճ)՝ 162 կմ, 1 700 մ բարձրության հավաք

 

«Tour of Armenia»-ի երրորդ օրը նույնպես շատ տեսարժան է․ այն մեկնարկում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից և ավարտվում Դիլիջանի դեպի վեր տանող ֆինիշով՝ 162 կմ երկարությամբ և 1 700 մ բարձրության հավաքով։

Սա «Tour of Armenia»-ի գլխավոր մրցափուլն է, որը գրեթե վճռորոշ է լինելու ընդհանուր հաշվարկի համար։ Երթուղին անցնելու է Սևանա լճի արևմտյան ափով՝ հասնելով Դիլիջան քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձրլեռնային Պարզ լիճ։

Միջանկյալ սպրինտը նախատեսված է 99.2-րդ կմ-ին, իսկ լեռնային առաջին լեռնանցքը՝ Սեմյոնովկան, կավարտվի 131.3-րդ կմ-ին (եզրագծին կմնա 30.7 կմ)։ Այնտեղից երկար, իջնող հատվածը կտանի դեպի վերջնական վերելքի մեկնարկը՝ 4.6 կմ երկարությամբ, միջինը 7% թեքությամբ և մինչև 12% առավելագույն թեքության հատվածներով։

«Tour of Armenia»-ն հեռարձակվում է միջազգային այնպիսի հարթակներով, ինչպիսիք են HBO Max-ը, Disney+-ը, ESPN-ը, Flo Sports-ը, Okko-ն, SBS-ը, SPO TV-ն և Zhibo TV-ն։

 

Լուսանկարների աղբյուրը՝ Sprint Cycling Agency

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930