Տնօրենը չի կիսում մասնագետների կարծիքը
2023թ. սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Մերի Մանուչարյանը։
Նա իր թեկնածուական ատենախոսությունը՝ «Գույքային ապահովագրության վիճակը և զարգացման ուղիները Հայաստանի Հանրապետության ագրարային համակարգում», պաշտպանել է 014 մասնագիտական խորհրդում 2014թ. ապրլին: Պաշտպանությունը տեղի էր ունեցել Յու. Սուվարյանի նախագահությամբ:
Կարդացեք նաև
«Առավոտին» են դիմել մի խումբ մասնագետներ, որոնց խնդրանքով, անունները չենք հրապարակում, նրանք տիկին Մանուչարյանի ատենախոսությունում մի շարք աղբյուրների տեքստերի հետ համընկնումներ են հայտնաբերել, փաստում են, որ կան բացթողումներ, իսկ առկա մասնագիտական գրականության ցանկը 50 աղբյուրից էլ պակաս է: «Առավոտին» ուղարկված ուսումնասիրության մեջ նրանք ներկայացրել են 2 աղբյուրի վրա հիմնված այն արտագրությունները կամ թարգմանությունները, որոնք նրանց կարծիքով համարվում են գրագողություն:
«Կիրակոսյան Կ․ Ապահովագրական գործ։ Ուս․ ձեռնարկ/Կ․ Կիրակոսյան․- 2-րդ հրատ․- Եր․։ Կռունկ, 2011․ – 352 էջ։ Ատենախոսության Էջ 15-ի նախավերջին պարբերությունից մինչև 19-րդ էջի կեսը՝ ներառյալ գծապատկերը, վերցվել է տվյալ ուսումնական ձեռնարկի 50-րդ էջից մինչև 52-ի կեսը և որոշակի փոփոխություններով է ներկայացվել տեքստը որպես սեփական տեքստ, սակայն, իրականում, հիմնականում արտագրություն է:
Ատենախոսության Էջ 21-րդ էջի դասակարգումից հետո, որը մոտ էջի կեսն է, մինչև 22-ի կեսը վերցված է տվյալ ուսումնական ձեռնարկի էջ 54-ի երեք պարբերությունից մինչև էջ 55-ի կեսը: Ատենախոսության 37-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 43-րդ էջի երկրորդ պարբերությունը, բացառությամբ գծապատկեր 1.2.1-ի և աղյուսակ, որին հղում է կատարվել, մնացած տեքստը արտագրություն է և վերցված է տվյալ ուսումնական ձեռնարկի 331-րդ էջի 6-րդ պարբերությունից մինչև 337-րդ էջի նոր ենթավերնագիրը: Ատենախոսության 59-րդ էջի 4-րդ պարբերությունից սկսած մինչև 60-րդ էջի 4-րդ պարբերությունը վերցված է տվյալ ուսումնական ձեռնարկի 330-րդ էջի առաջին պարբերությունից մինչև 331-րդ էջի առաջին պարբերությունը: Ատենախոսության այդ հատվածի տեքստը արտագրություն է: Ատենախոսության 62-րդ էջի 2-րդ պարբերությունը, տվյալ ուսումնական ձեռնարկի 331-րդ էջի երկրորդ պարբերության արտագրությունն է:
Ատենախոսության 104-րդ էջի առաջին երկու պարբերությունը, որոշակի փոփոխությամբ, վերցվել է տվյալ ուսումնական ձեռնարկի 263-րդ էջի առաջին երեք պարբերությունից: Տեքստւմ կատարվել են որոշակի փոփոխություններ, բայց հիմնականում արտագրություն է, առանց գրքի համապատասխան էջին հղման: Ատենախոսության 111-րդ էջի թվարկումից հետո սկսվող պարբերությունից թվարկումը ներառյալ 3-ը, վերցվել է տվյալ ուսումնական ձեռնարկի 270-րդ էջի երկրորդ պարբերությունից հետո սկսվող թվարկմամբ պարբերությունից: Այս հատվածը համարվում է արտագրություն:
Այս աղբյուրի դեպքում բառացի կամ ուժեղ համընկնումների հատվածներում պահպանվել են ոչ միայն նույն գաղափարները, այլև նախադասությունների կառուցվածքը, բառապաշարը, թվարկումների հերթականությունը և բազմաթիվ ամբողջական ձևակերպումներ։
Страхование: учебник для студентов, обучающихся по специальностям «Финансы и кредит», «Бухгалтерский учет, анализ и аудит» / [Ю.Т. Ахвледиани и др.]; под. ред. В.В. Шахова, Ю.Т. Ахвледиани. – 3-е изд., перераб. и доп. — М.: ЮНИТИ-ДАНА, 2009. — 511 с.
Ատենախոսության 51-րդ էջի վերջին պարբերությունից դասակարգմամբ մինչև 55-րդ էջի առաջին պարբերությունը տվյալ դասագրքի 144-րդ էջի 4-րդ պարբերությունից մինչև 147-րդ էջի առաջին պարբերության վերջն ընկած հատվածի թարգմանությունն է: Ատենախոսության 55-րդ էջի երկրորդ պարբերությունը տվյալ դասագրքի 147-րդ էջի չորրորդ պարբերության թարգմանությունն է։ Ատենախոսության 55-րդ էջի երրորդ պարբերությունը տվյալ դասագրքի 148-րդ էջի երրորդ պարբերությունից թարգմանություն է։ Ատենախոսության 55-րդ էջի երրորդ պարբերությունից մինչև 57-րդ էջի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը թարգմանություն է դասագրքի 148-րդ էջի չորրորդ պարբերությունից մինչև տվյալ դասագրքի 149-րդ էջի հինգերորդ պարբերություն։ Ատենախոսության 57-րդ էջի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունից մինչև 59-րդ էջի կեսը թարգմանություն է դասագրքի 150-րդ էջի երկրորդ պարբերությունից մինչև տվյալ դասագրքի 151-րդ էջի վերջը։ Ատենախոսության 76-րդ էջի երրորդ պարբերությունից մինչև 78-րդ էջի վերջին պարբերությունը թարգմանություն է դասագրքի 258-րդ էջի առաջին պարբերությունից մինչև տվյալ դասագրքի 259-րդ էջի վերջին պարբերությունը։ Ատենախոսության 79-րդ էջի երրորդ պարբերությունը թարգմանություն է դասագրքի 259-րդ էջի վերջին պարբերությունից, որն ավարտվում է 260-րդ էջում: Ատենախոսության 79-րդ էջի վերջին պարբերությունը թարգմանություն է դասագրքի 260-րդ էջի երկրորդ պարբերությունից մինչև տվյալ էջի վերջին պարբերությունը:
Ատենախոսության 85-րդ էջի 4-րդ պարբերությունից մինչև 86-րդ էջի երրորդ պարբերությունը թարգմանություն է դասագրքի 261-րդ էջի վերջին պարբերությունից, որն ավարտվում է հաջորդ էջում: Ատենախոսության 86-րդ էջի 5-րդ պարբերությունից մինչև 90-րդ էջի 4-րդ պարբերությունը թարգմանություն է դասագրքի 265-267 էջերից, բացառությամբ 267 էջի նախավերջին պարբերությունը: Ատենախոսության 118-րդ էջի բանաձևից հետո երրորդ և չորրորդ պարբերությունները թարգմանություն է դասագրքի 139-րդ էջի առաջին երկու պարբերության: Ատենախոսության 118-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 3.2-ի ենթագլխի վերջին պարբերությունը թարգմանություն է դասագրքի 142-րդ էջի առաջին երկու պարբերության: Ուսումնական ձեռնարկից կամ դասագրքից հատվածներ էին հայտնվել ատենախոսության ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ գլուխներում, որոնք, ըստ ԲՈԿ-ի պահանջի, համարվում են ինքնուրույն վերլուծական աշխատանք:
Ատենախոսությունում կան ոչ ստույգ հղումներ, որտեղ ճիշտ նշված լինի աղբյուրի տարեթիվը, կոնկրետ էջը կամ վերնագիրը, կամ էլ տրվում է հղում, սակայն՝ աղբյուրը բացելուց հետո տվյալ էջում այդպիսի բան հնարավոր չէ գտնել:
Օրինակ՝
Ատենախոսության 53-րդ էջում 28-րդ տողատակի հղումով նշվում է Ахвелдиани Я.Т., Шахов В.В., Москва, «ЮНИТИ-ДАНА», 2008г., с. 139., երբ սա բանաձևի վրա դրված հղումն է: Այստեղ բացակայում է դասագրքի վերնագիրը, իսկ դասագրքի հրատարակման տարեթիվը պետք է լիներ 2009թ. և ոչ թե 2008թ.-ը, իսկ տվյալ էջում այդպիսի բան չկա, որին տեքստում հղում է կատարվել, ինչը նշանակում է, որ դասագրքի տվյալ էջում որևէ բանաձև չի եղել:
Ատենախոսությունում հիշատակվել են ՀՀ օրենքներ, որոնց համապատասխան հղումը տողատակում բացակայել է, ինչպես նաև նշվել են օրենքներ, որոնք երբեք չեն ընդունվել ՀՀ ԱԺ-ի կողմից մինչև 2015թ.-ին։ Մասնավորաբար՝ Ատենախոսության էջ 96-ում նշվել է «Գյուղատնտեսության խորհրդատվական և տեղեկատվական համակարգի մասին» ՀՀ օրենքը, որը գոյություն չի ունեցել և ներկայումս գոյություն չունի: էջ 97-ում նշվել է «Բույսերի նոր սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքը, սակայն մինչև 2015 թվականը, մինչև Մ. Մանուչարյանի ատենախոսության պաշտպանությունը, այդ ճշգրիտ անվանումով ընդունված օրենք գոյություն չի ունեցել։ «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքն ընդունվել է միայն 2017 թվականին»,-նշված է մեզ ուղարկված ուսումնասիրության մեջ:
Ատենախոսությունն ուսումնասիրած մասնագետներն ընդգծում են, որ տնօրեն դառնալուց հետո Մ. Մանուչարյանի՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում հրապարակումների թվաքանակը կտրուկ ավելանում է, և ներառում է այնպիսի բնագավառներ, որոնցով նախկինում նա չի զբաղվել: Նրանք տարակուսանք են հայտնում, թե ինչպես է հնարավոր նման կարճ ժամանակահատվածում այդ թվաքանակը ապահովել, դառնալ մի շարք բնագավառների խորը գիտելիքներ ունեցող մասնագետ:
Նշենք, որ ժամանակին «Առավոտն» անդրադարձել էր տիկին Մանուչարյանի ղեկավարած կառույցում տիրող մթնոլորտին, իսկ «Հետքն» արձանագրել էր, որ արտագրությունների դեպքեր էին հայտնաբերվել տնտեսագիտության թեկնածու Մերի Մանուչարյանի, գիտահրատարակչական բաժնի ղեկավար Անահիտ Մարկոսյանի և գիտական քարտուղար Եվգենյա Հակոբյանի, նախկին տնօրեն Դավիթ Հարությունյանի եւ այլ աշխատակիցների հոդվածներում:
«Առավոտը» գրավոր հարցում էր ուղարկել Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանին: Խնդրել էինք պարզաբանել, արդյոք համամիտ է՝ մասնագետների նշած փաստարկների հետ եւ ինչ վերաբերմունք ունի իր ատենախոսության վերաբերյալ նման կարծիքների մասով: Նաեւ հետաքրքրվել էինք՝ արդյոք առաջիկայում վերընտրվելու դեպքում պատրաստվում է պատժել իր աշխատանքից դժգոհ աշխատակիցներին` նկատի ունենալով, որ գիտաշխատողների շրջանում մտավախություն կա, որ իրենց տարակարգերը կարող են պահպանել կամ ավելի բարձր տարակարգերի նշանակվել միայն տնօրենի յուրայինները: Տիկին Մանուչարյանը գրավոր պատասխան է ուղարկել. «Ատենախոսության վերաբերյալ մի խումբ մասնագետների» կարծիքը չեմ կիսում, համաձայն չեմ նրանց հետ: Ինչ վերաբերում է նրանց հետագա աշխատանքին, գրեթե տարի է՝ յուրաքանչյուր առիթով անհիմն բողոքներ են ուղղում տարբեր գերատեսչություններ, որոնց կատարած ստուգումներով փարատվում են, եւ հիշյալ աշխատակիցները, ինչպես տեսնում եք, մինչ օրս աշխատում են»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2026



















































