«Հետք». 2026-ի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում «երկարատև քննարկումներից» հետո որոշեցին մրցույթ հայտարարել եւ վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա։ Այն պետք է լիներ 101-116 ձիաուժանոց, գազով ու բենզինով աշխատող չորստեղանոց մեքենա։ Տեխնիկական բնութագիրը գրելիս ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ասես իրենց ձեռքի տակ ունեցել են Տիգրան Համբարձումյանի «Opel»-ի տեխանձնագիրը։ Իսկ ով է Տիգրան Համբարձումյանը։ Նա Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, էկոպարեկ: Ի դեպ, Տիգրան Համբարձումյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։
Տիգրան Համբարձումյանը 1998 թվականի արտադրության, 116 ձիաուժ հզորությամբ «Opel» մակնիշի մեքենան գնել է 2025թ․-ին 300.000 դրամով։
Մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն Տիգրան Համբարձումյանը։ Նրա հետ կնքվել է 1 մլն 990 հազար դրամի պայմանագիր՝ նախահաշվային գնից 10 հազար դրամ պակաս։
Հետաքրքրական է նաև այն, որ թեև ՊՈԱԿ-ը 2022-2026 թվականներին վարձակալել է նույն մեքենան, սակայն դրա գինը տարիների ընթացքում փոփոխվել է։ 2022-ին մեքենան Արման Իվանյանից վարձակալվել է 695.000 դրամով, 2023-ին՝ 1 մլն 595 հազար դրամով, 2024-ին՝ 1 մլն 740 հազար դրամով։ 2025 թվականին՝ Տիգրան Համբարձումյանի կողմից մեքենան գնելուց մեկ ամիս անց նրա հետ կնքվում է 1 մլն 540 հազար դրամի պայմանագիր, իսկ այս տարի վարձակալության տարեկան գինը դարձել է 1 մլն 990 հազար դրամ։
Կարդացեք նաև
Այսպիսով, Համբարձումյանը 300.000 դրամով գնած ավտոմեքենան մեկ տարով վարձակալության է տվել արժեքից ավելի քան 6 անգամ բարձր գնով։
Զանգահարեցինք Տիգրան Համբարձումյանին՝ պարզելու, թե ինչպես է կարողացել 300 հազար դրամանոց մեքենան 1 միլիոն 990 հազար դրամով վարձակալության հանձնել։ «Դա քո գործը չի, էլ էստեղ չզանգես»,- պատասխանեց ավագանու անդամը։
Արմեն Ղազարյան,
Արեն Նազարյան,
Սարո Բաղդասարյան
Նկարազարդումը պատրաստվել է արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































