ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երկկողմ հանդիպում է ունեցել Կատարի արդարադատության նախարար Իբրահիմ բին Ալի Ալ Մուհաննադիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շարունակականության ապահովմանը, այդ թվում՝ երկկողմ պայմանագրային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերին, ինչպես նաև համագործակցության առավել լայն շրջանակ ներառող հուշագրի կնքման գործընթացին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ՝ համապատասխան համաձայնագրերի ստորագրման և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման նպատակով։
Քննարկվել են նաև արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային այլ մեխանիզմների կիրառման հարցերը։ Կողմերն անդրադարձել են դատավարությունների թվայնացման ուղղությամբ Կատարի փորձին, այդ թվում՝ հեռավար դատավարությունների իրականացման պրակտիկային։ Քննարկվել է նաև այս ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը։
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել նախանշված ուղղություններով շարունակել արդյունավետ համագործակցությունը:



















































