ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի ապօրինի կալանավորման որոշումը 27 օր անց դեռևս չի տրամադրվել ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա պաշտպանական թիմին։ Պաշտպանական թիմը սա գնահատում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)։
2026 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառել է խափանման միջոց կալանք՝ երկու ամիս ժամկետով՝ բավարարելով Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը, որում նա նշել էր, որ սպինալ ծանր հիվանդություններով տառապող Գագիկ Խաչատրյանը, ով չի կարողանում անգամ ինքնուրույն քայլել, կարող է խուսափել քննությունից, ազդել քրեական գործի վրա կամ նոր հանցանք գործել։
Թեպետ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրած դատարանի որոշման պատճառաբանական մասին դատական նիստից 27 օր անց փաստաբանական թիմը չի ստացել և հետևաբար ծանոթ չէ, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը, որը ապացուցված է բազմաթիվ բժշկական կոնսիլիումների եզրակացություններով, ակնհայտ է, որ չէր կարող կալանավորվել, իսկ առավել ևս հիմք լինել, որ Գագիկ Խաչատրյանը՝ մնալով ազատության մեջ, կարող էր խոչնդոտել գործի քննությանը, թաքնվել քննությունից կամ նոր հանցանք կատարել։
Նշենք, որ 2026 թվականի հունիսի 5-ին և 7-ին քննչական մարմինը միջնորդել էր Գագիկ Խաչատրյանին կալանավորել, սակայն երկու դեպքում էլ դատարանը մերժել էր միջնորդությունը։ Հունիսի 5-ից մինչև սեպտեմբերի 2-ը Գագիկ Խաչատրյանը ոչ մի կերպ չի փորձել թաքնվել, խոչնդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել։ Ավելին՝ նա այդ ընթացքում զբաղված է եղել առողջական վիճակի ծայրահեղ ծանր վիճակի կայունացման փորձերով։ Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ միջնորդության մեջ նշված պատճառաբանությունները ակնհայտ անհիմն են։ Ի վերջո, սա այն դեպքն է, երբ անձի առողջական ծանր վիճակն առերևույթ տեսանելի է, ու ոչ մի փաստաթուղթ անհրաժեշտ չէ դա տեսնելու համար։
Կարդացեք նաև
Այժմ Գագիկ Խաչատրյանը կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ զրկված լինելով առողջության պահպանման համար նվազագույն միջոցներից՝
- հաշմանդամության համար նախատեսված կարևոր պայմանների բացակայություն,
- տարբեր բյուրոկրատական ընթացակարգերի հղում անելով՝ չի թույլատրվում իր ընտրած բժշկին տեսակցել-զննել նրան։
Այս ամենով հանդերձ, արձանագրում ենք, որ դատարանի կողմից կալանավորման որոշումը չտրամադրելով՝ Գագիկ Խաչատրյանը արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելուց։ Բացի դա, թվացյալ իրավական ճգնաժամ է առաջանում Գագիկ Խաչատրյանի գործով, քանի որ երկու ամսվա կալանավորման որոշումից հետո Գագիկ Խաչատրյանը և իր պաշտպանները չեն կարողացել հատուկ վերանայման բողոք ներկայացնել և հետևաբար փաստացի զրկվել են այդ կարևոր իրավունքից օգվելուց։ Սա արդեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում է։
Գագիկ Խաչատրյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականության, ինչպես նաև դատական ստուգման անարդյունավետության հիմքերով։
Դիմումով ներկայացվել է, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալություններն իրականացվել են կամայական և անհամաչափ կերպով, չնայած շտապօգնության երկու խմբերի կողմից նրա տեղափոխումը բժշկական առումով անթույլատրելի գնահատելուն և հոսպիտալացման անհրաժեշտության արձանագրմանը, նրան ուժով դուրս են բերել անկողնուց և պատգարակով տեղափոխել Քննչական կոմիտե, որտեղ նրա վիճակը վատացել է, սակայն դա չի խոչընդոտել այնուամենայնիվ նրան պատգարակով դատարան ներկայացնելուն։
Դիմումում ներկայացվել է, որը վերը նշված հանգամանքները հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտմանը։
Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմ



















































