ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանում։
«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող։
Նախքան զեկույցին անդրադառնալը և Հայաստանի ընտրությունների դիտարկման վերաբերյալ լավ զեկույցի համար զեկուցողին շնորհակալություն հայտնելը, ցանկանում եմ, ավելի ճիշտ՝ պետք է արձագանքեմ պարոն Էդվարդ Լիի ելույթում հնչած խոսքերին։ Իրականում, Հայ Առաքելական եկեղեցու և Եկեղեցու նկատմամբ հարձակումների մասին խոսելիս նրա ելույթը ես կանվանեի թերի տեղեկությունների վրա հիմնված։
Իրականում Հայաստանի Կառավարությունն ու Հայաստանի պետությունն իրենց գործողություններով պաշտպանում են Եկեղեցին։ Եվ դրա պատճառն այն է, որ անձը, որն այժմ զբաղեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետական կարգը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը գործակալ է, միջազգային գործակալ, ինչը հաստատված է փաստերով և փաստաթղթերով, մի երկրի, որը… ներողություն, եթե թույլ տաք, չշարունակեմ։
Կարդացեք նաև
Եվ վերջինը։ Եպիսկոպոսները ձերբակալված չեն եպիսկոպոս լինելու համար։ Նրանց նկատմամբ հարուցված են քրեական գործեր։ Վերջնական արդյունքը մենք չէ, որ պետք է որոշենք. դա պետք է որոշի դատարանը, սակայն այդ քրեական գործերը վերաբերում են քաղաքացիական անձանց՝ Հայաստանի ժողովրդի դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։
Այժմ ցանկանում եմ ինձ հատկացված այս մեկուկես րոպեի ընթացքում անդրադառնալ զեկույցին և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել զեկուցողին։ Թույլ տվեք սկսել նրանից, թե ինչը պետք է լինի այս քննարկման ելակետը։ Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները որոշում կայացրին ազատորեն, մրցակցային ընտրությունների պայմաններում, և նրանց որոշումը հարգվեց։ Ըստ զեկույցի՝ ընտրողներին իրական ընտրության հնարավորություն է ընձեռվել պատշաճ կազմակերպված գործընթացում, ընտրությունների օրն անցել է կազմակերպված և հանգիստ, ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում քվեարկությունը դրական է գնահատվել։ Այս ձեռքբերումը հատկապես կարևոր է, քանի որ դրանք սովորական ընտրություններ չէին։ Հայաստանը բախվել է արտաքին միջամտության և տեղեկատվական գործողությունների, որոնք զեկույցում բնութագրվում են Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար աննախադեպ։ Այդուհանդերձ, մեր ինստիտուտները դիմակայեցին։
Հարգելի՛ գործընկերներ, դրական գնահատականը մեզ հիմք չի տալիս բավարարվելու առկա արդյունքներով։ Զեկույցում կան հարցեր, որոնք պահանջում են մեր ուշադրությունը՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում, լրատվամիջոցների անաչառություն, մատչելիություն։ Մենք պետք է աշխատենք դրանց ուղղությամբ և մենք դա կանենք։
Միևնույն ժամանակ, պնդումներն ու ընկալումները չեն կարող ինքնաբերաբար ներկայացվել որպես հաստատված խախտումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) և խորհրդարանական ներկայացվածությանը վերաբերող՝ հատկապես էական հետևանքներ ունեցող եզրակացությունները պահանջում են մանրակրկիտ իրավական գնահատական, այլ ոչ թե քաղաքական ենթադրություններ։
Հայաստանի ժողովրդավարությունը բազմիցս փորձության է ենթարկվել։ Հունիսի 7-ին այն անցավ ևս մեկ լուրջ փորձություն։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին ժողովրդավարությունը, իրենց ապագան որոշելու ինքնիշխան իրավունքը և, ամենից առաջ, խաղաղությունը։
Այժմ մեր պատասխանատվությունն է ամրապնդել այս երեքը։
Շնորհակալություն»,- ավարտել է խոսքն ԱԺ պատգամավորը։
ԱԺ



















































