ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը և հարակից միջոցառումներին։
Հայաստանի ներգրավվածության առանցքային ուղղություններից էր Ռուանդայի հետ համատեղ Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների համակարգումը։
Բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մի շարք անդամ պետություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուանդայի համատեղ աշխատանքը և առաջնորդությունը բանակցային գործընթացում, անդամ պետությունների հետ կառուցողական ներգրավվածությունը և գործողություններին միտված հռչակագրի մշակմանն ուղղված ջանքերը։
Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել ելույթով, ինչպես նաև Սինգապուրի առողջապահության և սոցիալական քաղաքականությունների համակարգման նախարարի հետ համատեղ նախագահել բազմաշահառու պանելներից մեկը։
Կարդացեք նաև
Քննարկման առանցքում էին ազգային կարողությունների ամրապնդումը, կայուն ֆինանսավորումը, ինչպես նաև պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների, դեղամիջոցների և առողջապահական այլ անհրաժեշտ արտադրանքի արդար հասանելիության ապահովումը։
Հայաստանը, Ռուանդան և Համավարակների հիմնադրամը համատեղ Նյու Յորքի Rockefeller Center-ում կազմակերպել էին նաև համաժողով՝ նվիրված համավարակներին պատրաստվածությանն ու առողջապահական համակարգերի դիմակայունության ամրապնդմանը։
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև մի շարք այլ հարակից միջոցառումների և քննարկումների՝ անդրադառնալով, մասնավորապես, համավարակներին պատրաստվածության կայուն ֆինանսավորմանը և փախստականների ու տեղահանված անձանց ներառական ընդգրկմանը պատրաստվածության և արձագանքման գործընթացներում։
Հայաստանի մասնակցությունն ընդգծել է երկրի հետևողական աջակցությունը գլոբալ առողջապահության ոլորտում բազմակողմ համագործակցության ամրապնդմանը։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն



















































