«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-օգոստոս ամիսներին։
Այսպես.
- Տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-օգոստոս ամիսներին բարձր մակարդակում է, սակայն վերջին ամիսներին նկատվում է դրա աստիճանական դանդաղում և աճի կառուցվածքի անհավասարակշռության վատթարացում։ Հունվար-օգոստոսի կուտակային աճը կազմել է 7.3%: Ութ ամիսների աճը հիմնականում ապահովվել է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ոլորտների հաշվին։ Միաժամանակ, ծառայությունների և շինարարության բարձր աճի պայմաններում արդյունաբերությունում օգոստոսին անկում է գրանցվել, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական։ Արտաքին առևտրի դինամիկան, կապիտալ ծախսերի կրճատումը և գնաճի՝ թիրախային միջակայքից բարձր մակարդակը ևս վկայում են, որ բարձր ընթացիկ աճը չի վերածվում հավասարակշռված և երկարաժամկետ կայուն աճի։ Կարևոր է ոչ միայն աճի տեմպի պահպանումը, այլև դրա կառուցվածքի և որակի բարելավումը:
- Արտաքին առևտրում արտահանման և ներմուծման կուտակային դինամիկան շարունակում է շարժվել հակադիր ուղղություններով։ Օգոստոսին արտահանման տարեկան անկումը փոխարինվել է 1.3% աճով, իսկ հունվար-օգոստոսի կուտակային անկումը կազմել է 6.5%։ Միաժամանակ, ներմուծման աճն օգոստոսին կազմել է 14.9%, իսկ կուտակային աճը՝ 9.3%։ Այս տարբերությունը մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ճնշումը։ Հատկանշական է հունվար-հուլիսին բուսական ծագման արտադրանքի արտահանման գծով գրանցված 31.7% անկումը, որը կարող է արտացոլել նաև ՌԴ-ի կողմից հունիսից կիրառված սահմանափակումների հնարավոր ազդեցությունը:
- Հարկաբյուջետային հատվածում ծախսերի կառուցվածքը մտահոգիչ է։ 2026թ. հունվար-օգոստոսին ընթացիկ ծախսերն աճել են 17.8%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 25.0%-ով։ Կապիտալ ծախսերի նվազումը շարունակում է սահմանափակել բյուջետային ներդրումների միջոցով տնտեսության պոտենցիալի զարգացման հնարավորությունները:
- Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքի կուտակային աճն արագացել է: Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը դարձել է ներքին պահանջարկին և արժութային շուկային աջակցող լրացուցիչ գործոն։ 2026թ. հունվար-հուլիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.87 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 716.6 մլն ԱՄՆ դոլարի դիմաց՝ աճելով 2.61 անգամ կամ 160.6%-ով։ Դրամական ներհոսքի աճի պայմաններում ՀՀ դրամը շարունակում է արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ



















































