Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը խաղաղ հավաքների ազատության կամայական սահմանափակումներ է կիրառում. ՔԻՀԿ

Սեպտեմբեր 29,2026 17:26 Share

2026թ․ սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը նախատեսվող հավաքների նկատմամբ կիրառել է կամայական սահմանափակումներ։

Սեպտեմբերի 20-ին նախատեսված հավաքը

Առաջին դեպքը վերաբերում է ՌԴ քաղաքացի Յան Սլովիցկիի իրազեկմանը՝ սեպտեմբերի 20-ին ժամը 12։00–16։00-ին Ալ․ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ։ Նախատեսված հավաքի օրը ՌԴ-ում Պետդումայի ընտրություններն էին և Մյասնիկյանի արձանին մոտակայքում գտնվող ՌԴ դեսպանատանը անցկացվում էր քվեարկություն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հավաքի նպատակը Ուկրաինայում պատերազմի և ՌԴ իշխանությունների քաղաքականությանը դեմ արտահայտվելն էր: Քվեարկության մասնակցության և հավաքի ժամանակի ընտրությունը (ժամը 12։00) նույնպես հատուկ էր․ այդ կերպ մասնակիցները արտահայտում էին Ուկրաինայում պատերազմի դեմ իրենց բողոքը, ինչի պատճառով դեսպանատան հարակից տարածքում երկար հերթ էր ձևավորվել։

Երևանի քաղաքապետարանի կայքում առկա տեղեկության համաձայն՝ Յ․ Սլովիցկիի կազմակերպած հավաքի նկատմամբ կիրառվել էր սահմանափակում։ Քաղաքապետարանն առաջարկել էր մասնակիցներին՝

«Հավաքի ժամանակ չտարածել այնպիսի հայտարարություններ և չհնչեցնել այնպիսի կոչեր, ինչպես նաև չօգտագործել այնպիսի իրեր և առարկաներ (պաստառներ և այլն), որոնց համակցությունը կդիտվի որպես ընտրական գործընթացի քարոզչություն։ Մասնավորապես, չհնչեցնել ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի (թեկնածուի) օգտին կամ նրանց դեմ քվեարկելու կոչեր ու հայտարարություններ, չօգտագործել վերջիններիս անուններով, անվանումներով կամ լուսանկարներով պաստառներ»։

Թեև քաղաքապետարանը ձևակերպել էր որպես հավաքի անցկացման «եղանակի» սահմանափակում, այն իրականում վերաբերում էր հավաքի բովանդակությանը։ Հավաքի «եղանակ» ասելով պետք է հասկանալ, օրինակ՝ ձայնի ուժեղացման, լուսավորության համակարգերի, վրանների, բեմերի և այլ ոչ մշտական կառույցների օգտագործումը, որն ինքնին կապված չէ բովանդակության հետ (Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, պարբ․ 148)։ Բովանդակության վերաբերյալ սահմանափակումները սպառիչ թվարկված են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում՝ արգելվում է հավաք անցկացնել սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով (ՀՀ օրենքը «Հավաքների ազատության մասին», հոդված 5, մաս 2)։ Փաստացի՝ Յ․ Սլովիցկիի նախաձեռնած հավաքի նպատակը ճիշտ հակառակն էր՝ բողոք արտահայտել պատերազմի դեմ։ Ինչ վերաբերում է խաղաղ հավաքի շրջանակներում իշխանությունների քննադատությունը (ներառյալ՝ օտարերկրյա), ապա այն սահմանափակելը որևէ պարագայում իրավաչափ չէ (Ուղեցույց, պարբ․ 149)։ Ավելին՝ քաղաքապետարանի ձևակերպումները, ըստ էության, ՌԴ-ում անցկացվող ընտրությունների «լռության օրվա» սահմանափակումներ են։ Այլ պետության օրենքը չի կարող գործել Հայաստանի Հանրապետության տարածքում, հետևաբար՝ քաղաքապետարանի սահմանափակումն առաջին հերթին չունի իրավական հիմք և հակասում է հավաքների ազատության իրավունքի միջազգային չափանիշներին։

Սեպտեմբերի 27-29-ին նախատեսված հավաքը

Երկրորդ սահմանափակումը վերաբերում էր սեպտեմբերի 27-29-ը Ազատության հրապարակում արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների հարցերով նախատեսված հավաքին։

Երևանի քաղաքապետարանը կիրառել է հետևյալ սահմանափակումը․

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.09.2026 թվականի որոշմամբ սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Նժդեհ Իսկանդարյանի կողմից ս.թ. ս.թ. սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը՝ ժ.15.00 Ազատության հրապարակում նախատեսված հավաքի ժամանակի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել ս.թ. սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-22.00 Ազատության հրապարակում։»

Հավաքի ժամանակին, վայրին կամ եղանակին վերաբերող պայմաններ առաջարկելու (սահմանափակում կիրառելու) սպառիչ հիմքերը նշված են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում։ Սահմանափակում կիրառելը իրավաչափ է, եթե ներկայացված իրազեկումից կամ քաղաքապետարանի ունեցած տեղեկություններից պարզ է, որ հավաքի նախատեսված ժամանակի, վայրի կամ եղանակի պատճառով անմիջականորեն կարող են անհամաչափ սահմանափակվել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերը։ Ընդ որում՝ ժամանակի և տևողության սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է անհատապես գնահատվեն տվյալ հավաքի բոլոր հանգամանքները, քանի որ հավաքի տևողությունն ինքնին կարող է դրա նպատակի մասը կազմել (Ուղեցույց, պարբ․ 146)։ Անգամ նույն վայրում և նույն ժամանակին զուգահեռ կամ հակադարձ ուղղվածությամբ հավաքի առկայությունն ինքնին հիմք չէ նման սահմանափակում կիրառելու համար։ Պետությունը պարտավոր է աջակցել դրանցից յուրաքանչյուրին (Ուղեցույց, պարբ․ 77, 78)։

Քաղաքապետարանի կայքի «Հանրային հավաք» բաժնում առկա չէ տեղեկություն նույն օրերին Ազատության հրապարակում մեկ այլ հավաք անցկացնելու վերաբերյալ։ Հետևաբար՝ խաղաղ հավաքների անցկացման ավանդական վայր ընկալվող Ազատության հրապարակում հավաքի տևողության նման սահմանափակումը չի կարող հիմնավորվել որպես այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակման պատճառաբանությամբ։

Հավաքի կազմակերպչի խոսքերով՝ քաղաքապետարանից հայտնել են, «որ այս փուլում ակցիաներ իրականացնելը նպատակահարմար չեն համարում» և սահմանափակումը պայմանավորել մոտ մեկ ու կես տարի առաջ անցկացված մեկ այլ հավաքի ընթացքում «խախտումների» հետ։ «Նպատակահարմարությունը» խաղաղ հավաքների ազատության սահմանափակման իրավաչափ նպատակ չէ և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածին։ Բացի այդ՝ սահմանափակումը չի կարող բխել միայն նախկինում նույն կազմակերպչի կամ մասնակիցների հավաքի փորձից, անգամ եթե դրանց ընթացքում տեղի են ունեցել բռնություններ։ Առավել ևս, որ քաղաքապետարանի վկայակոչած՝ 2025թ․ մարտի 29-ին մեկնարկած հավաք-նստացույցն ամբողջությամբ խաղաղ էր, քաղաքապետարանի պնդումներն ավելի քան հիմնավորված չեն։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել