ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործով, որը վերաբերում է «քիմիկների» զորամասի զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու դեպքերին, Հակակոռուպցիոն դատարանն այսօր որոշել է դատական նիստն անցկացնել դռնփակ։
Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանում միջադեպ է տեղի ունեցել։ Զոհված զինծառայողների հարազատները վրդովմունք են արտահայտել շուրջ վեց տարի ձգվող դատավարության կապակցությամբ։
«Հեսա այս շիշը շպրտելու եմ քյալիդ, ջարդեմ, քեզ մորթելու եմ։ Ես Սարգսյան Դավիթի կինն եմ, քեզ վառելու եմ, լեշդ փռելու եմ։ Նիկոլից դավաճան՝ դու ես»,- բորբոքված բղավել է Սարգսյանի կինը։
«Շիշը մռթիդ եմ տալու, խոսքս հիշի։ Երեխուն պահես, մեծացնես, տանեն փո՞ւռը տան, այ մարդ»,- գոռացել է զոհված զինծառայողի մեկ այլ ծնող։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում, հանդիսանալով պաշտոնատար անձ և պետ՝ ենթակա անձնակազմի նկատմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել են նյութական ծանր հետևանքներ։
Այս գործով անցնում են նաև այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։
























































