Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Սուլթան Գասիմովի գործով դատաքննությունը կմեկնարկի հոկտեմբերի 13-ին։ Նախկին դիվանագետը մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ։
Այսօրվա նիստում Գասիմովի փաստաբանը խնդրել է գործը վերադարձնել նախաքննության՝ պնդելով, որ քննության ընթացքում խախտումներ են եղել։ Տուժող կողմն էլ պահանջել է փոխել նրա խափանման միջոցը։ Դատարանը երկու միջնորդություններն էլ մերժել է։
Քննության վարկածով՝ Գասիմովը Ռուսաստանում բնակվող մի քաղաքացու խոստացել է աճուրդով հողատարածք ձեռք բերել, իսկ մեկ ուրիշին՝ ոսկի տեղափոխել այլ երկիր։ Գործով երկու տուժող կա, նրանց պատճառված վնասը գերազանցում է 10 միլիոն ռուբլին։ Գումարի մի մասը նախաքննության ընթացքում վերադարձվել է։
Գասիմովը 2009-ին նշանակվել էր Եկատերինբուրգում Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոս, իսկ 2016-ին տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2024-ի հոկտեմբերը։
Կարդացեք նաև



















































