ՄԱԿ-ի երբեմնի բարձր ամբիոնից Թրամփի ու Նեթանիահուի ելոյթներն, ինչ խօսք՝ ընդառաջւեցին համարժէք պատասխաններով…։
Առաջնի դէպքում, որն լի էր իրանական ժողովրդի ու քաղաքակրթութեան հասցէին անպատկառ յայտարարութիւններով, հնչեցւած պատասխան խօսքով՝ նախագահ Փեզեշքիանը կատարեց պարտն ու պատշաճը՝ ճշտորոշելով իրական ոճրագործի ու իրական զոհի տեղն ու հանգամանքը…։ Երկրորդի դէպքում, որն ուղեկցւած էր հէնց Իսրայէլի վարչապետին յատուկ հակա-Իրան սպառնալիքներով, պատասխանն առաւել քան հատու էր, երբ յիշեալի ելոյթի սկզբից եւեթ, տասնեակ երկրների դիւանագիտական պատւիրակութիւններ որպէս բողոք ու արհամարհանք՝ լքեցին ՄԱԿ-ի գերաստիճանի դահլիճը…։
Պատերազմով ու զոռբայութեամբ աշխարհի կարգուսարքը այլանդակող ԱՄՆ եւ Իսրայելի ռեժիմների ղեկավարները, համաշխարհային խաղաղութեան խորհրդանիշ ՄԱԿ-ի ամբիոնում իսկ, նոր այլանդակութեան նախադէպը իրականացրեցին…։
Ուժի եւ պատերազմի սպառնալիքներով իրենց քաղաքական կարիերան փրկելու համար, Թրամփ-Նեթանիահու տանդեմը հաւասարապէս կանգնած են ներքին խոչընդոտ-արգելքների առջեւ: Թրամփը՝ կոնգրէսական միջշրջանային մօտալուտ ընտրութիւններում պարտւելու, իսկ Նեթանիահուն՝ վաղուց ի վեր իր դէմ յարուցւած դատավարական գործընթացի առջեւ կանգնելու վախերը դիմագրաւելու հարկադրանքի առջեւ են կանգնած, որոնցից խուսափելու հաւանական ելքը, այսպէս, թէ այնպէս, համարում են « ատոմական Իրանի» դէմ նորանոր արկածախնդրութիւնների դիմելը…։
Կարդացեք նաև
Նոյն ՄԱԿ-ի ամբիոնից, ի հովանաւորութիւն ԱՄՆ-Իսրայէլ հակա-Իրան կեցւածքի, ելոյթ ունեցաւ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը, տւեալ դէպքում ընդգծելով եւրոբլոկի զինւորական-լոգիստիկ աջակցութիւնը։
Իրանի դէմ սեղմւող օղակը համալրում են տարածաշրջանի ու հարեւան արաբ մի շարք ծախու երկրներ, որոնք մասնակիցն են ԱՄՆ կողմից Իրանի ինչպէս տնտեսական ու բանկային սանկցիաների, այնպէս էլ՝ օդային, ցամաքային ու ծովային շրջափակմանը…։
Ահաւասիկ, ռազմա-քաղաքական, առեւտրա-տնտեսական, հաղորդակցական ու յատկապէս քարոզչական պատժամիջոցների ու շրջափակումների դէմ-յանդիման կանգնած Իրանը անդրդւելի է՝ սեփական իրաւունքների, ինքնիշխանութեան , ազգային-կրօնական եւ պետական- հայրենական արժանապատւութեան ու համընդհանուր շահերի պաշտպանութեան գործում։
Դա, ինչ խօսք, ապացուցւած է ինչպէս իրանական ժողովրդի ու հայրենիքի հազարամեայ պատմութեան երկայնքում, այնպէս էլ՝ վերջին յիսնամեայ հերոսական մաքառումներում…։
Դերենիկ Մելիքեան
Թեհրան



















































