Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելին, քան հիջաբի արգելք․ Ալիևի աշխարհաքաղաքական հաշվարկները

Նոյեմբեր 13,2026 17:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանում բողոքի ցույցեր բռնկվեցին այն բանից հետո, երբ 2026 թ․ սեպտեմբերի 21-ին Նախարարների կաբինետը հաստատեց դպրոցական համազգեստի նոր կանոններ, որոնք արգելում են «կրթության մեջ աշխարհիկության սկզբունքին հակասող» հագուստը։ Թեև որոշման մեջ հիջաբը չի նշվում, դպրոցները հոկտեմբերի 12-ից սկսեցին կիրառել կանոնները՝ հիջաբ կրող աշակերտներին դասի չթողնելով։ Հոկտեմբերի 6-ին Նախարարների կաբինետի առանձին որոշմամբ նույն պահանջը տարածվեց նաև ուսուցիչների վրա, և դրանից կարճ ժամանակ անց Բաքվի ու Սումգայիթի ուսուցիչներին հանձնարարվեց հանել գլխաշորերը։

Բողոքի ակցիաների մեկնարկից կարճ ժամանակ անց, երբ ցույցերի տեսանյութերը սկսեցին տարածվել, Ադրբեջանի օգտատերերի համար սահմանափակվեց Instagram-ի և TikTok-ի, ինչպես նաև, տեղեկությունների համաձայն, X-ի հասանելիությունը։ Հաղորդումներ հայտնվեցին, որ սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում ադրբեջանական Նարդարան գյուղում՝ Բաքվի մերձակայքում գտնվող և կրոնական պահպանողականությամբ հայտնի բնակավայրում, բերման է ենթարկվել 88 մարդ։

Սակայն իշխանությունների արձագանքը վկայում է, որ խոսքը դպրոցական համազգեստից կամ աշխարհիկության սկզբունքից ավելի լուրջ բանի մասին է։ Հոկտեմբերի 12-ի եթերում Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը՝ «AzTV-ն», հայտարարեց․ «Պետությունը կխափանի յուրաքանչյուր քայլ նրանց կողմից, ովքեր ցանկանում են արաբա-պարսկական արժեքներ խառնել այս ինքնությանը, այսինքն՝ փորձում են դեռ դպրոցական տարիներից փոխել ու այլասերել մեր մանկահասակ երեխաների աշխարհայացքը»։

Այս ձևակերպումն ինքնին խոսուն է։ Հիջաբը, ներկայացնելով որպես «արաբա-պարսկական արժեքների» ներթափանցում, ազդակ է, որ իշխանությունները կրոնական արտահայտման շուրջ վեճը վերաձևակերպել են որպես ազգային ինքնության և արտաքին ազդեցության հարց։ Այլ կերպ ասած՝ խնդիրը շատ ավելի հեռուն է գնում, քան այն, թե ինչ է թույլատրվում կրել աշակերտներին ու ուսուցիչներին։ Այն ավելի կարևոր հարց է առաջ քաշում․ ինչո՞ւ է Ալիևը որոշել հենց հիմա արհեստականորեն ստեղծել այս առճակատումը, և ի՞նչ աշխարհաքաղաքական հաշվարկներ կարող են թաքնված լինել դրա հետևում։

Այս հակասությունները ցուցարարների աչքից չեն վրիպել։ Լայնորեն տարածված մի տեսանյութում ավանդական մուսուլմանական հագուստով մի կին վկայակոչում է Հեյդար Ալիևի ժառանգությունը՝ պնդելով, որ թե՛ նա, թե՛ նրա որդին աջակցել են աղջիկների կրթությանը․ «Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը […] ասել են, որ աղջիկները նույնպես պետք է կրթություն ստանան։ Կրթությունն ազատ իրավունք է։ Մեր Սահմանադրության ոչ մի հոդված հիջաբի որևէ արգելք չի պարունակում»։

Կրոնական պահպանողականությունը որպես քաղաքական սպառնալիք օգտագործելը Ալիևի վարչակարգի համար նորություն չէ։ Տարիներ շարունակ վարչակարգը շահարկել է արմատական իսլամի պատրանքը՝ իրեն ներկայացնելու համար որպես Ադրբեջանի աշխարհիկ պետականության երաշխավոր, և միաժամանակ այդ պատումով օրինականացրել էլ ավելի ավտորիտար գործելաոճը։ 2019 թ․ ադրբեջանցի հետազոտող Մուրադ Իսմայիլովը գրել է․ «Շարունակաբար ամրապնդելով իսլամի՝ որպես Ադրբեջանի պետականության կայունությանն ու աշխարհիկ բնույթին սպառնացող անմիջական վտանգի պատկերը և «լիբերալ», «ժողովրդավարական» Արևմուտքի ու երկրի ներսում աշխարհիկացված բնակչության աչքում իրենց ներկայացնելով որպես իսլամական սպառնալիքը կանխելու ունակ միակ ուժ՝ իշխող վերնախավն օգտագործել է արմատական իսլամիստական խաղաթուղթը՝ արդարացնելու համար իր գնալով ավելի հակալիբերալ վարչակարգն ու ավտորիտար գործելակերպը»։

Ուշագրավ է, որ 2026 թ․ հոկտեմբերին «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միության կազմած քաղբանտարկյալների թարմացված ցուցակում ընդգրկված էր 322 մարդ։ Ցուցակի համաձայն՝ 322 անձից 178-ը, այսինքն՝ ավելի քան 55%-ը, դասակարգված էին որպես «հավատացյալներ», ինչը ցույց է տալիս, թե որքան մեծ տեղ է զբաղեցնում կրոնական ինքնությունը Ադրբեջանի քաղբանտարկյալների պատկերում։

Մոտ 16 տարի առաջ Ալիևի վարչակարգի և իսլամիստ համարվող մարդկանց միջև խոշորագույն առճակատումներից մեկը տեղի ունեցավ Նարդարանում։ Խնդիրը սկիզբ է առնում 2010 թ․ դեկտեմբերից, երբ Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարեց հանրակրթական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների մասին, ինչը բողոքի ալիք բարձրացրեց ողջ երկրում, այդ թվում՝ կրոնապես պահպանողական Նարդարան բնակավայրում։ Հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով գլխաշոր կրելու իրավունք, իսկ 2011 և 2012 թվականներին հաջորդած ցույցերից հետո մասնակիցները ենթարկվեցին ձերբակալությունների և քրեական հետապնդման։ Այսպիսով, Նարդարանի բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ հիջաբի սահմանափակումները նոր երևույթ չէին, այլ երկարամյա պետական քաղաքականության մաս, որը բազմիցս բախման մեջ է դրել կրոնական ազատությունը և աշխարհիկության իշխանական մեկնաբանությունը։

Հիջաբի շուրջ վեճի վերջին բռնկման նորությունն այն էր, որ ցուցարարները հիմնականում ուսուցչուհիներ և աշակերտուհիներ էին։ Ոմանք նույնիսկ տեսանյութեր էին նկարահանել՝ դիմելով փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով պաշտպանել կրթության իրենց իրավունքը։

Թաքնված լարվածություն «մեկ ազգ, երկու պետություն» դաշինքում

Հիջաբի շուրջ վերջին վեճը նոր հարթություն է հաղորդել Ադրբեջանի և Թուրքիայի միջև գնալով ավելի տեսանելի դարձող լարվածությանը։ Թեև նրանց հարաբերությունները հաճախ նկարագրվում են «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով, երկու երկրների միջև հրապարակային տարաձայնություններն այլևս դժվար է անտեսել։

Հակասություններն արդեն ակնհայտ էին դարձել սեպտեմբերին, երբ գրեթե 70 երկրների պատվիրակություններ լքեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը կամ դատարկ թողեցին իրենց տեղերը, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սկսեց իր ելույթը։ Ադրբեջանի պատվիրակությունը, սակայն, մնաց դահլիճում։ Սա լայն դժգոհություն առաջացրեց, հատկապես X-ի թուրք օգտատերերի շրջանում։ Ի պատասխան՝ Ադրբեջանի Միլլի մեջլիսի Արտաքին միջամտությանը և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ժամանակավոր հանձնաժողովը հայտարարեց, որ այդ արշավը նպատակ ուներ թիրախային գովազդի և սոցիալական ցանցերի թե՛ իրական, թե՛ կեղծ հաշիվների միջոցով խարխլել Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական հարաբերությունները։

Հիջաբի շուրջ վեճը այս տարաձայնությանը ևս մեկ շերտ ավելացրեց։ Սահմանափակումներին Թուրքիայի կտրուկ արձագանքը Անկարայում Ալիևի դեմ ցույցերի առիթ դարձավ, իսկ ադրբեջանցի պատգամավորներից մեկն էլ ավելի բորբոքեց զգացմունքները՝ հայտարարելով, թե «Իլհամ Ալիևը ոչ միայն Հեյդար Ալիևի, այլև Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի քաղաքական իրավահաջորդն է»։ Աթաթուրքի ժառանգությանն այս կերպ հղում անելը հատկապես սադրիչ էր՝ հաշվի առնելով նրա նշանակությունը Թուրքիայում։

Այսպիսով, սա ընդամենը սկիզբն էր շատ ավելի լայն և նշանակալի հրապարակային բանավեճի երկու պետությունների միջև, որոնց տարածաշրջանում միավորում են խորը քաղաքական, ռազմական, տնտեսական, պատմական և մշակութային կապեր։ Նրանք փաստացի ամրագրեցին իրենց ռազմական դաշինքը 2021 թ․ հունիսի 15-ին՝ 2020 թ․ Արցախյան պատերազմից կարճ ժամանակ անց, ստորագրելով «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»։ Սակայն վերջին հինգ-վեց տարիների ընթացքում Ալիևը գնալով ավելի է ձգտել իրեն դիրքավորել որպես ինքնուրույն տարածաշրջանային ուժ՝ ցույց տալով, որ պատրաստ է քայլերի, որոնք Թուրքիան կարող է և չողջունել։

Նրա աճող հավակնությունների հիմնական գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղում ունեցած հաջողությունն է, այդ թվում՝ 2020 թ․ պատերազմի ելքը և 2023 թ․ ռազմական հարձակումը, որը ինն ամիս տևած շրջափակումից հետո հանգեցրեց հայ բնակչության էթնիկ զտմանը։ Քանի որ Ադրբեջանն իր գործողությունների համար որևէ էական պատասխանատվության չի ենթարկվել, այդ թվում՝ Հայաստանի կողմից, Ալիևը հնարավորություն է տեսնում առավելագույնս օգտագործելու այդ ձեռքբերումները թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում։

Հենց այստեղ էլ հարաբերություններն ավելի են բարդանում։ Ալիևն իր ռազմական հաջողության մեծ մասով պարտական է երկու առանցքային դերակատարների՝ Թուրքիայի և Իսրայելի աջակցությանը։ Սակայն, ձգտելով ընդլայնել Ադրբեջանի տարածաշրջանային ազդեցությունը, նա կարող է ստիպված լինել կողմնորոշվել այս երկու դերակատարների մրցակցող շահերի միջև։

Գաղտնիք չէ, որ 2020 թ․ պատերազմի ընթացքում թուրք սպաները էական դեր էին խաղում ադրբեջանական ռազմական հրամանատարության կազմում։ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նաջմեդդին Սադիգովը հանկարծակի «անհետացավ» հանրության տեսադաշտից, մինչդեռ թուրք սպաները, մասնավորապես երկու գեներալ՝ 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայը և Հատուկ ուժերի հրամանատարության գեներալ-մայոր Բախթիյար Էրսայը, տեղեկությունների համաձայն, ստանձնեցին հրամանատարական առանցքային գործառույթները՝ որպես փաստացի փոխարինողներ։

Ալիևն ինքը իր ելույթներում բացահայտ ընդունել է Թուրքիայի մասնակցությունը՝ բազմիցս անսահման երախտագիտություն հայտնելով Անկարային զգալի օգնության համար։ Թեև վերջին վեց տարիներին նա 2020 թ․ Արցախյան պատերազմի արդյունքը սեփականացրել է՝ այն ներկայացնելով որպես իր անձնական ձեռքբերում, 2021 թ․ նա հրապարակավ խոստովանել է, որ «Թուրքիան մեզ համակողմանի աջակցություն է ցուցաբերել, ոչ միայն հարվածային ԱԹՍ-ների տեսքով…»։

Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թ․ դեկտեմբերի 10-ին Ալիևի կողքին էր այսպես կոչված «Հաղթանակի շքերթում», որը նշանավորում էր Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմի ելքը։ Իր ելույթում Էրդողանը նույնիսկ հիշատակեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների անուններ՝ հայտարարելով, որ «այսօր այն օրն է, երբ ցնծում են Նուրի փաշայի, Էնվեր փաշայի և Կովկասյան իսլամական բանակի քաջարի զինվորների ոգիները…»։ Այսպիսով, երկու առաջնորդները հրապարակավ կիսեցին քաղաքական սիմվոլիկան և միասին տոնեցին 2020 թ․ պատերազմում իրենց հռչակած հաղթանակը։

Սակայն վերջերս Ալիևը գնալով ավելի մեծ դժկամություն է ցուցաբերում Թուրքիայից կամ այլ պետություններից օգնություն ընդունելու կամ ստացած օգնության ծավալը խոստովանելու հարցում։ «Յուրաքանչյուրի թիկունքում, այսպես ասած, հզոր հովանավոր կա։ Ոմանք նույնիսկ մի քանիսն ունեն։ Իսկ մենք միայնակ էինք», — նշել է նա հոկտեմբերի 2-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում ունեցած ելույթում։

Թուրքիայի դերը ժխտելով՝ Ալիևը հաշվարկված տրամաբանություն է փորձում ամրագրել․ այսօր արտաքին աջակցությունն ու օգնությունը մերժելը կարող է նրա համար միջոց լինել խուսափելու այն գնից, որը վաղը կարող են պահանջել Ադրբեջանից, երբ իրեն աջակցածները փոխարենը ինչ-որ բան ակնկալեն՝ լինի դա քաղաքական զիջումների, թե ռազմական ներգրավվածության տեսքով։ Այս հաշվարկը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք տարածաշրջանային ավելի լայն համատեքստում, հատկապես Հարավային Կովկասում Իսրայելի աճող հավակնությունների և Իրանի վրա նրա հարձակումների ֆոնին։

Երկու ռազմավարական հովանավորների արանքում․ Իսրայելը, Թուրքիան և Ալիևի հաշվարկները

Իսրայելը Ադրբեջանի համար կարևոր ռազմավարական գործընկեր է եղել, հատկապես 2020 թ․ Արցախյան պատերազմից ի վեր, երբ այն Բաքվին զգալի ռազմական և քաղաքական աջակցություն ցուցաբերեց։ Ինչպես նկատում է թբիլիսաբնակ պաշտպանության և անվտանգության փորձագետ Յուջին Կոգանը, պատերազմն ընդգծեց ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների կարևորությունը Բաքվի համար։ Իսրայելը նույնիսկ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ապացուցեց, որ ժամանակակից սպառազինության հուսալի աղբյուր է։ Զենքի մատակարարումից բացի, «Israel Aerospace Industries»-ի դուստր ընկերություն «Elta Systems»-ն իրականացրել է Ղարաբաղի թվային քարտեզագրում՝ օգնելով ադրբեջանական ուժերին մարտադաշտում գործողություններ իրականացնելիս:

Այս ծավալուն աջակցությունը, իհարկե, պարզապես բարի կամքի դրսևորում չէր։ Իսրայելն ուներ իր ռազմավարական հաշվարկները։ Ինչպես Քարնեգիի Մերձավոր Արևելքի կենտրոնին տված հարցազրույցում նշում է Կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (APRI Armenia) գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը, Իսրայելը հասանելիություն ստացավ «Իրանի սահմանին և այդ սահմանին գտնվող ուժեղ դաշնակցի, որին կարող է օգտագործել Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար»։

2020 թ․ Թուրքիան և Իսրայելը, չնայած իրենց մրցակցող տարածաշրջանային հավակնություններին, առանց մեծ դժվարության միաժամանակ աջակցում էին Ադրբեջանին։ Նրանց շահերը համընկնում էին Բաքվի շուրջ։ Սակայն այդ դասավորությունը, հնարավոր է, արդեն բարդանում է, քանի որ երկու երկրների միջև լարվածությունը սրվում է։ Իսրայելցի պաշտոնյաներն ու այլ գործիչներ գնալով ավելի հաճախ են Թուրքիային ուղղված նախազգուշացումներ հնչեցնում․ Սփյուռքի հարցերով նախարար, Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության անդամ Ամիխայ Շիքլին, տեղեկությունների համաձայն, հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է․ «Իրանից հետո հաջորդը պետք է լինի [Թուրքիան]…»։

Այսպիսով, այս ֆոնին Անկարան քիչ պատճառներ ունի ողջունելու Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրացումը, հատկապես երբ Իսրայելը բացահայտ ակնարկում է, որ Թուրքիան կարող է լինել իր հաջորդ թիրախը։ Վաղ թե ուշ Ադրբեջանից կարող են ակնկալել, որ կողմնորոշվի իր երկու առանցքային ռազմավարական հովանավորների միջև, մի բան, որից Ալիևն ակնհայտորեն կնախընտրեր խուսափել։

Միևնույն ժամանակ Բաքվի և Անկարայի միջև հիջաբի շուրջ լարվածությունը շարունակում էր ծավալվել։ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնանկ արեց իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որը հրապարակավ քննադատել էր Ադրբեջանի քաղաքականությունը, և նույնիսկ զանգահարեց Ալիևին՝ ակնհայտորեն լարվածությունը մեղմելու նպատակով։ Այնուամենայնիվ, Ալիևն, ի վերջո, հրաժարվեց մեկնել Անկարա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովին։

ԹՊԿ գագաթնաժողովների պատմության մեջ միայն մեկ անգամ էր եղել, որ Ալիևն անձամբ չէր մասնակցել՝ 2012 թվականին։ Հաջորդ 14 տարիների ընթացքում նա ոչ մի գագաթնաժողով բաց չէր թողել։ Ուստի Թուրքիայի հետ աճող հրապարակային լարվածության և Անկարայի ու Թել Ավիվի միջև խորացող հակասությունների ֆոնին այժմ բացակայելու նրա որոշումը դժվար էր համարել սովորական։ Այն կարելի էր ընկալել որպես ցուցադրական ազդակ, որ Ալիևն այլևս պատրաստ չէ տեղ տալ իր երկրի ամենամերձավոր դաշնակցին։

Ադրբեջանի իշխանություններին հարող «APA» լրատվական գործակալությունը ներկայացրեց իր բացատրությունը, թե ինչու Ալիևը չմեկնեց Թուրքիա։ Մեկնաբանության մեջ գործակալությունը Թուրքիայից Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունը որակեց որպես «անհիմն և ստոր արշավ»՝ պնդելով, որ հակասությունը սկսվել էր հիջաբի շուրջ վեճից շատ առաջ և պայմանավորված էր հիմնականում Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցությամբ․

«Ադրբեջանն այս հարձակմանը սպասում էր Իրանից, մինչդեռ հարվածն ամենավատ ձևով ստացավ Թուրքիայից՝ մի երկրից, որին «եղբայր» է կոչում։ Այդ հարվածը հասցնողները իշխող ԱԶԿ-ն և նրա դաշնակիցներն էին՝ իսլամիստ-նուրջու խմբերը»։

Այս բացատրությունը խոսուն է։ Ադրբեջանա-իսրայելական համագործակցությունն ուղղակիորեն մատնանշելով որպես վեճի հիմքում ընկած պատճառ՝ լրատվականը ենթադրում է, որ Թուրքիայի հետ լարվածությունը դուրս է գալիս հիջաբի շուրջ վեճի շրջանակից։ Այն նաև ի ցույց է դնում Բաքվում աճող անհարմարությունն այն երկրի քննադատությունից, որին Բաքուն երկար ժամանակ համարել է իր մերձավոր դաշնակիցը։

Չնայած Ալիևի՝ ԹՊԿ գագաթնաժողովը բաց թողնելու որոշմանը, Էրդողանը նոյեմբերի 8-ին այցելեց նրան Լեռնային Ղարաբաղում։ Այցի ընթացքում Էրդողանը ընդգծեց, որ «Ղարաբաղի ազատագրումը հպարտության աղբյուր է ողջ թյուրքական աշխարհի համար։ Ղարաբաղում ձեռք բերված հաղթանակը ոսկե տառերով է գրվել թյուրքական աշխարհի և մեր ընդհանուր պատմության մեջ»։

Այս հակադրությունը շատ խոսուն է։ Թեև երկու երկրների միջև լարվածությունը գնալով ավելի տեսանելի է դառնում, Էրդողանի խոսքերը կրկին Լեռնային Ղարաբաղում քաղաքական և ռազմական ձեռքբերումները ներկայացրին որպես թյուրքական աշխարհի ընդհանուր ձեռքբերում՝ ընդգծելով երկու պետությունների եղբայրությունը և Ալիևի հաջողության մեջ Թուրքիայի հատուկ դերը, մի բան, որն Ալիևը վերջերս փորձում է նսեմացնել։

Եզրակացություն․ ներքին վեճ՝ տարածաշրջանային հետևանքներով

Հենց այստեղ սկսում ենք հասկանալ, թե ինչու հիջաբի հարցը դարձավ ընդամենը պատրվակ՝ լարվածությունը սրելու և փոխադարձ մեղադրանքներ փոխանակելու համար։ Եթե Թուրքիան սկզբում կտրուկ արձագանքներով փորձում էր Ալիևին հիշեցնել նրա սահմանները և ի ցույց դնել նրա խոցելիությունը, ապա հետագայում, կարծես, զիջումների գնաց իրավիճակը լիցքաթափելու համար՝ նույնիսկ մի քանի պաշտոնյաների պաշտոնանկության գնով։ Ալիևն էլ, իր հերթին, կարծես վճռել է ցույց տալ իր քաղաքական կշիռը և տարածաշրջանային խոշոր տերությունների շարքը մտնելու իր հավակնությունը՝ ապացուցելով, որ կարող է իրեն թույլ տալ հակադրվել Էրդողանին՝ առանց վտանգելու ավելի լայն երկկողմ հարաբերությունները։

Այդուհանդերձ, վաղաժամ կլիներ այս զարգացումները մեկնաբանել որպես երկու երկրների միջև հարաբերությունների հիմնարար խզման ապացույց։ Նրանց հարաբերությունները խորապես արմատավորված են քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերով, որոնք շատ ավելի հեռուն են գնում, քան ներկայիս վեճը։ Ինչպես իր հայտնի խոսքում ասել է Մարկ Տվենը՝ «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»։ Նույնը կարող է վերաբերել նաև այս երկու ինքնահռչակ «եղբայրական» պետությունների միջև մեծ աղմուկ հանած լարվածությանը։

Ամփոփելով՝ Ադրբեջանում հիջաբի շուրջ վեճից կարելի է երկու հիմնական եզրակացություն անել։

  • Առաջին՝ Ալիևը, հնարավոր է, փորձում է ներքին թշնամի ստեղծել այնտեղ, որտեղ իրականում դա չկա։ Քանի որ չկա որևէ էական ընդդիմություն կամ ընդդիմադիր առաջնորդ, որն ազատ լինի մարտահրավեր նետելու նրա իշխանությանը, նման վարչակարգերը հաճախ կարիք ունեն ստեղծելու մշտական առճակատման պատրանք՝ հասարակությունը վերահսկողության տակ պահելու համար։ Հիջաբի հարցը կարող է ծառայել այս նպատակին, ընդ որում՝ Ալիևի համար փոքր քաղաքական ռիսկով, քանի որ ադրբեջանական հասարակությունը հիմնականում աշխարհիկ է։ Հստակ առաջնորդների կամ կազմակերպիչների բացակայության պայմաններում բողոքի ակցիաները, ամենայն հավանականությամբ, կկորցնեն թափը, և, իրոք, ցույցերն արդեն դադարել են։
  • Երկրորդ՝ վեճը պետք է դիտարկել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստում։ Ալիևը, կարծես, ձգտում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային խոշոր դերակատար՝ միաժամանակ խուսափելով Իսրայելի և Թուրքիայի միջև ընտրություն կատարելու հարկադրանքից, հատկապես Իրանի շուրջ աճող լարվածության պայմաններում։ Հետևանքները կարող են տարածվել Ադրբեջանի սահմաններից շատ այն կողմ՝ ազդելով տարածաշրջանային ուժերի հավասարակշռության, իսկ դրա հետևանքով՝ նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։

Հոդվածի բնօրինակը հրապարակվել է EVN Report կայքում։

Հեղինակ՝ պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30