Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ նախագիծը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով նախաձեռնության հեղինակներն առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 11 անդամ, 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։
Զեկուցողը նշել է, որ հանձնաժողովի իրավասությունների շրջանակում լինելու են բարեվարքության խախտումները, դրանց բացահայտման և պատժելիության դեպքերի քննությունը, Հայ Առաքելական եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության ու հարկային պարտավորություններին առնչվող հարցերը, եկեղեցու ինքնակառավարման համատեքստում Ազգային-Եկեղեցական ժողովների և Եպիսկոպոսաց ու Եկեղեցական ներկայացուցչական ժողովների պատշաճ գումարման հարցը, եկեղեցուն պատկանող կամ վերջինիս կողմից տիրապետվող գույքի իրավական կարգավիճակի հետ կապված հարցերը, դրա օգտագործման իրավական հիմքերը, ինչպես նաև գույքի օգտագործման ընթացքում հնարավոր խախտումները, եկեղեցու ինքնակառավարման համատեքստում վերջինիս խորհրդակցական կառավարման հիմնախնդիրները, եկեղեցու և պետական իշխանության տարանջատման և բարձրաստիճան հոգևորականների՝ քաղաքականությամբ զբաղվելուն վերաբերող դեպքերը և ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Նախաշավիղ» կանոնադրության խախտումները:
Զեկուցողը նաև անդրադարձել է նիստի ընթացքում քննիչ հանձնաժողովի սահմանադրականության, օրինականության և նպատակահարմարության վերաբերյալ ընդդիմադիր որոշ պատգամավորների բարձրաձայնած տեսակետներին, ներկայացրել իր դիտարկումները։
Կարդացեք նաև
«Քաղաքացին մեզ քվե է տվել, այդ թվում՝ եկեղեցու հետ կապված խնդիրներին անդրադառնալու համար, և մենք ունենք այդ հանձնառությունը», – ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ ելույթ ունենալով նախագծի վերաբերյալ։ Պատգամավորը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, նշել է․ «Եկեղեցին բարենորոգվելու է՝ անկախ նրանից՝ դա դուք ուզում եք, թե ոչ»։
Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է։
Հարցի քննարկմանն ու քվեարկությանը չեն մասնակցել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները:
ԱԺ



















































