«Երբ ժամանակին նույն բանը կրկնվում էր, ո՞ւր էին նրանք։ Երբ Գյումրիում Պերմյակովը գնդակահարեց հայ ընտանիքին, այն ժամանակվա նախարարն ո՞ւր էր, այն ժամանակվա ղեկավարներն ո՞ւր էին։ Երբ քո ընկեր երկիրը կամ իր քաղաքացին ու զինվորը մտավ Գյումրի և ընտանիք գնդակահարեց, դրանք ո՞ւր էին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում ՀՀ պետական սահմանը հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու վերաբերյալ իշխանության հասցեին հնչող քննադատություններին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը։
Դիտարկմանը, թե Պերմյակովը պետական սահման չէր հատել, Դուրգարյանը շարունակեց․ «Պետական սահմանը միշտ խախտել են, ցավոք։ Ավելի վատ է, որ պետական սահմանը չեն խախտել։ Փաստորեն գյումրեցին իրավունք չունի՞ հանգիստ քնի, որովհետև ռուսը կարող է մտնել ընտանիք ու գնդակահարել։ Ավելի վատ, որ սահմանը չեն հատել»։
Մեր հարցին, թե ինչու Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո հանրային մեծ ալիք բարձրացավ՝ ինքնիշխանության պաշտպանության և հանցագործին պատժելու պահանջով, իսկ Շաքիի դեպքերից հետո քաղաքացիական հասարակության կողմից նմանօրինակ կոշտ արձագանք կամ զանգվածային փողոցային պայքար չեղավ, Դուրգարյանն ասաց․
«Որովհետև օրենքը գնալով գալիս է իր տեղը, մարդիկ սկսում են օրենքով աշխատել, իսկ անօրեն երկրում ինչ ասես կարող է լինել։ Իսկ այն ժամանակ, լինելով անօրեն երկիր, ապրելով մի երկրում, դու կարող էիր վտանգ ունենալ, որ քո երկրում ինչ-որ օտարազգի մեկը կարող է մտնել քո տուն ու քեզ գնդակահարել։ Մենք հիմա ավելի լավ վիճակում ենք գտնվում»։
Կարդացեք նաև
Դուրգարյանը որևէ խնդիր չի տեսնում նաև այն դրվագում, որ ՀՀ իրավապահները ադրբեջանցու՝ ՀՀ սահմանը հատելու մասին տեղեկացել են Ադրբեջանից, երկու օր շարունակ չեն կարողացել հայտնաբերել նրան և հայտնաբերել են միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները հանցագործության վրա են բռնել։
«Դուք վախենո՞ւմ եք ադրբեջանցուց։ Ես ադրբեջանցուց չեմ վախենում, ոչ էլ թուրքերից»,- ասաց նա։
Մեր հարցին, թե ադրբեջանցի զինծառայողի հանցագործությունը ՀՀ տարածքում չկոտրե՞ց իշխանության՝ խաղաղության ու անվտանգության հետ կապված միֆերը, Դուրգարյանը պատասխանեց․
«Ոչ։ Ես վստահ եմ, որ ցանկացած սադրանք կարելի է սարքել։ Ես համարում եմ, որ ցանկացած գործողություն կարող է սադրանք լինել։ Մինչև չխորանանք, չենք կարող դրա գնահատականը տալ։ Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ հայը չի կարող Ադրբեջան մտնել»։
Մեր դիտարկմանը, թե եթե հայը Ադրբեջան մտնի, նրան չեն տանի հոսպիտալ, Դուրգարյանը ընդհատեց հարցով․
«Իսկ ինչի՞ տարան։ Իսկ ես համարում եմ, որ քրիստոնյա մարդը հենց այդպես է․ տարել է հոսպիտալ, ես դրա գնահատականը չեմ կարող տալ։ Ես թշնամի չունեմ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































