Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական մանիֆեստը կարևոր է

Օգոստոս 29,2026 12:30 Share

Բնապահպանական, էկոլոգիական մանիֆեստը հանրային հռչակագիր, կոչ կամ գրավոր հայտարարություն է, որն արտահայտում է անհատի, խմբի կամ կազմակերպության, հանրության սկզբունքները, արժեքները և պարտավորությունները՝ ուղղված բնության ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Այն գործողությունների ուղեցույց է, որը կոչ է անում մարդկությանը վերանայել իր հարաբերությունները մոլորակի հետ։

Վերջին տասնամյակներին, կապված էկոլոգիական իրավիճակի վատթարացման հետ, բնապահպանական նպատակային գործունեություն է իրականացվել աշխարհում։

Մասնավորապես ՄԱԿ-ը ձեռնարկել է քայլեր, որոնք միտված էին շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխություններից բխող մարտահրավերներին դիմակայմանը և գլոբալ պայքարի օրակարգի մշակմանը։ Այս գործընթացները հիմնված են իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերի, գիտական հետազոտությունների և համաշխարհային բարձր մակարդակի գագաթաժողովների վրա։

Արժե հիշատակել Կիոտոյի արձանագրության մասին, որը 1997 թվականին է ներկայացվել ու հանդիսանում է կլիմայի փոփոխության վերաբերյալ առաջին իրավաբանորեն պարտադիր համաձայնագիրը, որով ըստ էության զարգացած երկրները պարտավորվեցին կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։

2015թ. Փարիզյան կլիմայական համաձայնագիրը ՄԱԿ-ի պատմության ամենանշանակալի ձեռքբերումներից է, որը միավորեց աշխարհի գրեթե բոլոր երկրներին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ սահմանափակել գլոբալ տաքացումը 2 աստիճան ցելսիուսից ցածր՝ պահպանելով այն 1,5 աստիճան ցելսիուսի սահմաններում։

Կարևոր էր 2021 թվականի Գլազգոյի կլիմայական պակտը, երբ առաջին անգամ ՄԱԿ-ի փաստաթղթերում ամրագրվեց ածխի օգտագործման աստիճանական նվազեցման և հանածո վառելիքի սուբսիդիաների կրճատման պահանջը։

2022-ին ընդունվեց «Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակ» պատմական համաձայնագիրը, որի նպատակն է մինչև 2030 թվականը պաշտպանության տակ վերցնել մոլորակի ցամաքային և ջրային տարածքների մոտ 30 տոկոսը՝ կենսաբազմազանության կորուստը արգելակելու համար։

ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունվել են մի շարք պատմական հռչակագրեր, որոնք հիմք են դրել ժամանակակից բնապահպանական իրավունքին և քաղաքականությանը։

1972 թվականին ընդունվեց Ստոկհոլմի հռչակագիրը, որտեղ առաջին անգամ ամրագրվեց առողջ շրջակա միջավայր ունենալու մարդու հիմնարար իրավունքը։ Այդ հենքի վրա ստեղծվեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը՝ UNEP-ը։

1992 թվականին ընդունվեց Ռիոյի հռչակագիրը շրջակա միջավայրի զարգացման մասին, որը հայտնի է «Երկրի գագաթաժողով» անվամբ ու բնապահպանության պատմության ամենաազդեցիկ հռչակագիրն է, որը սահմանեց 27 հիմնարար սկզբունքներ։ Մասնավորապես՝ կայուն զարգացման, աղտոտողը վճարում է, և նախազգուշացման սկզբունքները։

2000 թվականին ընդունվեց ՄԱԿ-ի «Հազարամյակի հռչակագիրը», որտեղ առանձին բաժին նվիրվեց «Մեր ընդհանուր միջավայրի պաշտպանությանը»։ Այն սահմանեց նաև ջրային պաշարների պահպանման, անտառների ոչնչացման կանխման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հանձնառություններ։

2012-ին ՄԱԿ-ի կայուն զարգացման «Ապագան, որ մենք ենք ուզում» համաժողովում ընդունվեց «Կանաչ տնտեսության» անցման հանձնառությունը։

Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17, նախնական օրակարգը ներառում է «Գործողություններ՝ հանուն բնության» կարգախոսը։ Սա կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ կիրականացվի Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակային ծրագրի՝ KMGBF. առաջընթացի ծավալուն գնահատումը։

Վերջին ավելի քան 50 տարիների ընթացքում ՄԱԿ-ի, աշխարհի պետությունների, մարդկային հանրության կողմից կատարվել են կոնկրետ քայլեր միտված մեր մոլորակի՝ Երկրի, բոլոր մարդկանց տան, բնապահպանական, էկոլոգիական իրավիճակի նորմալացմանը։ Բայց ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, առկա իրողությունները նեգատիվ երևույթների՝ մասնավորապես ջերմոցային երևույթի ու գլոբալ տաքացման, անտառահատումների, հավերժական սառույցների հալման, կենսաբազմազանության նվազման, կենդանատեսակների ոչնչացման գործընթացները անկասելի ընթացքի մեջ են ու լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքակրթության համար։

Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մոլորակի յուրաքանչյուր քաղաքացի իր ներդումը պետք է ունենա Երկրագնդի բնական վիճակը բարենորոգելու, այն ապրելու ու արարելու՝ ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար պիտանի և հարմարավետ դարձնելու գործում։

Մեր ժամանակներում մարդու գերակտիվ տնտեսական գործունեությունը, որը հիմնականում չի պահպանում բնապահպանական նորմեր, մի կողմից իր ապրելակերպի բարելավմանն է ուղղված, իսկ մյուս կողմից սպառնում է իր և մարդկության գոյությանը։ Այդ իսկ պատճառով գիտակցելով մեր պատասխանատվությունը բնության ու գալիք սերունդների առջև՝ մենք հռչակում ենք բնության պահպանության մանիֆեստը՝ որը կրում է՝ «Մեկ մոլորակ, մեկ հայրենիք, մեկ ապագա» անունը և պարտավորվում՝ առաջնորդվել նրա հիմնական սկզբունքներով։

Բնությունն ու մարդկային հասարակությունն անբաժանելի են։ Մենք Երկիր մոլորակի տերերը չենք, այլ դրա պահապանները։ Ստանձնելով պատասխանատվություն ներկա և գալիք սերունդների առջև, մենք միավորում ենք մեր գործողությունները համամոլորակային հետևյալ սկզբունքների շուրջ.

. Կլիմայական և արդյունաբերական պատասխանատվություն, որը կապահովվի վերականգնվող էներգետիկային անցումով և ջերմոցային գազերի կրճատմամբ,

. Օվկիանոսների և ջրային պաշարների պաշտպանություն, որը կուղեկցվի պլաստիկի դեմ գլոբալ պայքարով ու ջրային էկոհամակարգերի պահպանմամբ,

. Կենսաբազմազանության և վայրի բնության վերականգնում, որը կուղեկցվի անտառահատումների դադարեցմամբ, նոր անտառազանգվածների հիմնադրմամբ, կենդանական աշխարհի պաշտպանությամբ,

. Շրջանաձև տնտեսություն և կայուն զարգացում, որը կուղեկցվի առանց թափոնների արտադրության կազմակերպմամբ ու գիտակից սպառմամբ,

. Համաշխարհային համերաշխություն և էկո քաղաքացիություն, ըստ որի բնապահպանական գիտակցությունը պետք է դառնա մոլորակի կրթական համակարգի առանցքը՝ ձևավորելով «Մոլորակի քաղաքացու» մտածելակերպ ու վարքագիծ։

. Մաքուր օդը և ջուրը, առողջ շրջակա միջավայրը հանդիսանում են մոլորակի յուրաքանչյուր բնակչի հիմնարար իրավունքը՝ անկախ նրա բնակության վայրից, սեռից, տարիքից։

Բնապահպանական մանիֆեստը, որի նախագծի ներկայացման իրավունքը ունի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ընդունող կողմ և համակազմակերպիչ, հստակորեն պետք է արտահայտի այն միտքը, որ քաղաքակրթությունն այսօր պլան Բ չունի, քանզի չունի Մոլորակ Բ։ Այսօր կայացվող որոշումները կերտում են վաղվա աշխարհը և նման մանիֆեստը հանուն ԵՐԿՐԻ վրա կյանքի պահպանության է։ Համոզված ենք, որ մարդկությունը կհրաժարվի մարդակենտրոն մտածելակերպի որոշ՝ միայն սպառողական բնույթի սկզբունքներից և աստիճանական անցում կկատարի բիոցենտրիկ՝ կենսա և բնա կենտրոն գիտակցության։

Առայսպահ տիեզերական մասշտաբով Երկիրը միակ հայտնի «Կապույտ կղզյակն» է, որտեղ կյանք գոյություն ունի ու այդ կյանքի և քաղաքակրթության պահպանումը ոչ թե քաղաքական ընտրություն է, այլ ՄԱՐԴ տեսակի բարոյական և էվոլյուցիոն պարտքը։

Կարծում ենք՝ COP 17-ը լիովին ի զորու է ընդունելու Երևանյան բնապահպանական մանիֆեստ, որը չունենալով պարտադիր իրավական ուժ, կծառայի որպես բարոյական և քաղաքական հզոր կողմնորոշիչ մասնակից բոլոր երկրների, և մոլորակի բնակիչների համար։

Կամո ԱԹԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել