ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայի հետ որևէ կապ չունի։
«Դուք գիտեք, որ օրենսդրական նախաձեռնությունն ի սկզբանե 2017-2018 թվականներին է մշակվել, հընթացս մենք մոնիտորինգի ենք ենթարկել ամբողջ օրենսդրության կատարողականը, բացահայտել ենք, որ թե օրենսդրական խնդիրներ ունենք և թե գործնական խնդիրներ ունենք։ Նաև դուք էլ ինձ բազմիցս հարցեր ուղղել ընտանեկան բռնության դեպքերի ոչ պատշաճ քննության կամ ոչ պատշաճ օրենսդրական գործիքակազմ ունենալու մասին։ Գործընկերների հետ քննարկել ենք, և պատգամավորները հանձն են առել նախաձեռնությամբ հանդես գալու»,- ասաց նա։
«Սա հերթական շրջափուլն է, որով ավելի համալիր կերպով որոշակի փոփոխություններ են առաջարկում, որ ես վստահ եմ, որ էական փոփոխություններ է բերելու պրակտիկայում»,- հավելեց նա։
«Բայց ես չէի ուզենա, որ մենք նեգատիվ նայեինք նախագծին, որովհետև երբ ընտանեկան բռնության զոհերի աչքերով նայենք իրավիճակին, իրենք էլ ասում են՝ 5-6-րդ անգամ մեր մեջ գտել ենք այդ վստահությունը, որ դիմենք իրավապահ համակարգին, բայց դատախազի հայեցողական ռեժիմը կա կամ կարող է հետո հաշտվենք տուժողի հետ, բողոքը հետ վերցնենք։ Եվ նախագծի հեղինակները փաթեթում այն տրամաբանությունն են դրել, որ այն բոլոր օղակները, որտեղ այս բացերը կարող են լինել, դրանք դուրս են բերվում պարզապես, որպեսզի շղթան շատ հստակ լինի։ Եվ եթե կա բռնության դրվագ, դրվագով գնալու ենք առաջ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ Արփինե Սարգսյանի՝ սա մեր հասարակությանն անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է։ Քրեադատավարական գործիքակազմը շարունակելու է գործել, և եթե պարզվեց, որ որևէ մեկը որևէ մեկի մասին կեղծ տեղեկություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, սուտ մատնության դրույթը կգործի։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Արփինե Սարգսյանը ներկա էր «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը։ Ցուցադրությունն իրականացվում է «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման շրջանակում՝ ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ։



















































