Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեքիաթներ է պատմում, որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանը որևէ արտոնություն է տալու Հայաստանին, որտե՞ղ է գրված, որ սահման է բացելու»․ Էդգար Ղազարյան

Հոկտեմբեր 27,2026 14:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Չգիտեմ էլի, մարդկանց ինչի՞ տեղ են դրել, ինչ է, մենք չենք կարդո՞ւմ այս թղթերը, չենք լսո՞ւմ այս հայտարարությունները, սա վերջը ինչի՞ մասին է։ Այնպես խրոխտ հայտարարում են՝ այս նախագիծն իրականացվելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքներով։ Դուք ձեր պաշտոնավարման շրջանում ուրիշ պայմանագիր ստորագրե՞լ եք, որտեղ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն չկա։ Պետությունը, որ ստեղծվում է, այդ պետության հետ միասին տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ու իրավազորությունը ստեղծվում է։ Չի կարող պետություն գոյություն ունենալ, այդ սկզբունքները չլինեն։ Սրանք վերաբերում են բոլոր պայմանագրերին, բոլոր տիպի իրավահարաբերություններին։ Այսօր ինչո՞ւ է ձեզ թվում, որ սա ձեռքբերում է, որովհետև դուք այնպես եք խորտակել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որ մի պայմանագրի հետ կապված հերիք չի՝ դա գրել եք, հետո էլ դա ձեռքբերում եք համարում, որովհետև կործանել եք այս երկիրը»,- ԱԺ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Հեքիաթներ է պատմում, ասում է՝ գնացքն այնտեղից կգա, կգնա Նախիջևանով։ Այս որտե՞ղ է գրված, որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանը սահման է բացելու։ Ասում է՝ Ադրբեջանն արդեն իր տարածքը տրամադրել է։ Այսինքն՝ ի՞նչ է եղել, բեռը գալիս Ռուսաստանից, մտնում Ադրբեջան, հետո գալիս Վրաստանով մտնում Հայաստան, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմա՞ն է բացել։ Սահմանային անցակետեր ունենք, մեկը բա՞ց է մինչև հիմա, դե տարեք այդ բեռը մի հատ էլ Թուրքիայով պտտացրեք, բերեք մտցրեք Հայաստան, ասեք՝ Թուրքիան էլ այս սահմանը բացեց։ Որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանը որևէ արտոնություն է տալու Հայաստանին, որտե՞ղ է գրված, որ սահման է բացելու։ Մարդիկ շատ պարզ, հստակ ասում են՝ ԹՐԻՓՓ համաձայնագրի մեջ էլ գրված՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող նախագիծ է՝ սկզբից՝ երկաթգիծ, հետո՝ ավտոմոբիլային ճանապարհներ, հետո՝ էլեկտրահաղորդման գծեր, հետո գազատար, հետո նավթատար։ Ի՞նչ միջազգային բեռն է փոխադրում, որտե՞ղ է գրված, որ այստեղ միջազգային բեռնափոխադրում է իրականացվելու, Ադրբեջանից գնալու են Նախիջևան, Նախիջևանից գնալու են Ադրբեջան, վերջ, վերջացավ այս ամեն ինչը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ընդամենը Ադրբեջանին տարածք եք հանձնում, Հայաստանի տարածքը հանձնում եք, ընդ որում՝ միայն Մեղրին չէ այստեղ, միայն երկաթգիծը չէ։ Մի բան պարզ դարձավ, որ այս հարցի քննարկումն այս ձևով չեն անում, սա երկրի ճակատագրին վերաբերող հարց է։ Ես իմ բոլոր ելույթներում համարյա միշտ դիմում եմ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին, այս անգամ դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ Ազգային ժողովի նիստերը սղագրվում են, մեր պատմության մեջ ֆիքսվելու է, որ այս ելույթներն այստեղ հնչել են, ձեր անվանական քվեարկությունն էլ է ֆիքսվելու, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031