Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ԱՊՀ տարածքի տարվա լավագույն երիտասարդ երգչուհի է ճանաչվել Բելլա Ամարյանը

Հունիս 19,2026 16:14 Share

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի օպերային երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մեներգչուհի Բելլա Ամարյանը, օրերս Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 19-րդ համաժողովում արժանացել է «Դեբյուտների համագործակցություն» մրցանակին և ճանաչվել ԱՊՀ տարածքի տարվա լավագույն երիտասարդ երգչուհի։

Իմիջիայլոց, երգչուհուն առաջին անգամ Aravot.am-ը ներկայացրել է դեռևս 2018թ., երբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Բելլա Ամարյանի (դոցենտ Նոնա Մելքումովայի դասարան) առաջին բեմելն էր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ «Հովեր» պետական երգչախմբի հետ, որտեղ Սեն-Սանսի «Սուրբ ծննդյան» օրատորիայում, կատարելով մեցցո-սոպրանոյի ձայնաբաժինը, նա պարզապես ստիպեց մասնագետներին ու հանդիսատեսին այլևս հիանալու և բարձրաձայն արտահայտվելու իր բեմական հմայքի, հյութեղ երգչական ձայնի, նույնիսկ բեմական բարձր կուլտուրայի մասին։

Երիտասարդ երգչուհուն շատ շուտ նկատեցին օպերային թատրոնում և ոչ միայն։ Այսպես՝ նա այստեղ հանդես է եկել գլխավոր դերերգերով՝ Բիզեի «Կարմենում», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայում», Ազնավուրի երաժշտությամբ «Թուլուզ Լոտրեկում», գլխավոր կերպարով մասնակցել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Վ. Շարաֆյանի երաժշտությամբ բեմադրված «Արքան հրապարակում» ներկայացմանը և այլն։

Ուշագրավ էր երկու-երեք տարի առաջ այս երգչուհու մասնակցությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների ընկերակցությամբ՝ Վերդիի «Օթելլոյի» համերգային կատարմանը։ Իսկ արտասահմանյան բեմելներից, մեր դիտարկմամբ, առանձնացնենք արվեստագետի՝ տարբեր նախագծերով ելույթները Մոսկվայի «Բոլշոյ», Կրասնոյարսկի Դ. Խվորոստովսկու անվան օպերային թատրոններում, հյուրախաղերը Ռուսաստանի, Լեհաստանի, Լիբանանի, Իտալիայի քաղաքներում՝ դիրիժորներ Կարեն Դուրգարյանի, Էդուարդ Թոփչյանի, Ջանլուկա Մարչիանոյի, Դմիտրի Յուրովսկու և այլ մաեստրոների ղեկավարությամբ։

Միայն այս տարեսկզբից Բելլա Ամարյանը հանդես է եկել երկու հեղինակավոր փառատոներում։ Նշենք միայն երկուսը. Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնում նա հանդես է եկել Պուչինիի «Ջանի Սկիկկի» օպերայում՝ խաղընկեր ունենալով աշխարհահռչակ բաս-բարիտոն Սըր Բրին Թերֆելին։ Իսկ Իտալիայի Տարանտո քաղաքի Սան Կատալդո տաճարում, «Միստերիում» փառատոնի շրջանակներում կազմակերպված Զատկական համերգին, մեցցո-սոպրանոյի երգաբաժինն է կատարել Հայդնի «Նելսոնի պատարագ» ստեղծագործությունում։ Այս երկու փառատոնային ծրագրերը ղեկավարել է մաեստրո Մարչիանոն։

Վերը շարադրվածը երիտասարդ արտիստի ստեղծագործական ուղու փոքր մասն է կազմում։ Մի կարևոր բան մոռացանք նշել՝ մասնակցությունը վարպետության դասերին այնպիսի պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Յան Թուսենը (Ֆրանսիա), Օռլին Անաստասովը (Բուլղարիա)։ Դասեր է առել նաև մեր ճանաչված արտիստներից, այդ թվում՝ Գևորգ Հակոբյանի, Հովհաննես Այվազյանի, գերմանաբնակ Կարինե Բաբաջանյանի, ֆրանսաբնակ Լիաննա Հարությունյանի և այլոց մոտ։

Անդրադառնալով Բիշքեկում կայացած համաժողովին՝ մեզ հետ զրույցում Բելլա Ամարյանը նախ անուն առ անուն նշեց հայաստանյան պատվիրակության կազմը՝ մաեստրո Թոփչյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյան, «Սարեր» մշակութային հ/կ-ի նախագահ Էռնա Ռևազովա, ապա շեշտեց, որ «Համագործակցության աստղեր», «Դեբյուտների համագործակցություն» մրցանակների հանձնման արարողության ժամանակ, ի թիվս այլոց, «Համագործակցության աստղ» է շնորհվել Էդուարդ Թոփչյանին։ Տեղեկացրեց նաև, որ համաժողովին մասնակցել է ԱՊՀ երկրների ավելի քան 200 ներկայացուցիչ։

Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք երգչուհու առաջիկա ծրագրերով։ Առանց մանրամասնելու՝ նա ասաց, թե կմասնակցի Իտալիայի և Գերմանիայի թատրոններում անցկացվող լսումներին, Երևանի օպերային թատրոնում կշարունակի հարստացնել իր երգացանկը, կշարունակի նաև տարբեր նախագծերով մասնակցել մարզային միջոցառումներին։

Հետաքրքրությանը՝ իրեն արդեն նկատե՞լ են մենեջերները կամ նրանցից գոնե մեկը, որովհետև այսօր աշխարհը օվկիանոս է օպերային շքեղ ձայների, և առանց այդ մասնագետների հետ համագործակցության անհնար է հաջող կարիերա անել, Բելլա Ամարյանն ասաց, որ ինքն արդեն ճանաչված գերմանական մենեջերական կազմակերպության՝ Opera-connection-ի արտիստ է 2025 թվականից, երբ վերջինիս ղեկավարը՝ Էռկի Ալսթը, լսումների էր եկել Երևանի օպերային թատրոն։

Համակարծիք լինելով, թե նման մենեջերական կազմակերպությունների հետ համագործակցությունը ժամանակավոր բնույթ է կրում, երգչուհին մանրամասնեց, որ իր պայմանագիրը մեկ տարի ժամկետով է, հետո էլ հավելեց.

— Արտասահմանյան շրջագայությունների ժամանակ նոր ծանոթություններ ես ձեռք բերում… Ի վերջո, կարիերայիս սկզբից ելույթներս տեղադրել եմ յութուբյան իմ էջում։ Տպավորություններից ու կարծիքներից բացի՝ եղել են մեկ-երկու առաջարկ, որոնց, անկեղծ ասած, չեմ արձագանքել։ Պատճառը մեկն է՝ գոհ եմ ու շնորհակալ մեր օպերային թատրոնում ստեղծագործելուց։ Ինձ նկատում են ու հրավիրում նաև թատրոնից դուրս, այդ թվում՝ արտերկրից։ Դժգոհելու առիթ պարզապես չունեմ և շնորհակալ եմ Աստծուն։

Սամվել Դանիելյան

Բիշքեկյան համաժողովից լուսանկարները տրամադրել է Բելլա Ամարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930