«Բոլորդ լավ գիտեք, որ իմ եղբորը յուրաքանչյուր ընտրությունից առաջ ինչ-որ պատրվակով կալանավորում են, որից հետո արդարացնում և ազատ են արձակում։ Գոռին երեկ ազատ են արձակել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Բոլորիդ ներկայությամբ ասում եմ՝ այդ համացանցը լցնելու համար արված գործ էր, որ բոլոր լրատվականներով տարածին՝ ա՛յ, Դավիթ Համբարձումյանի եղբորը կալանավորել են ինչ-որ վիճաբանության համար»,- այսօր Մասիսում լրագրողների հետ զրույցում ասաց առաջիկա ՏԻՄ ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ դա փորձ էր, որ ինքը չառաջադրվեր համայնքապետի թեկնածու, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց․ «Ինձ նման մեթոդներով հետ կանգնեցնելը՝ ժողովրդի վստահությունը վայելելուց, կարծում եմ, հնարավոր չէ»։
Այսօր Մասիսում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը։ Դավիթ Համբարձումյանն ընտրություններին մասնակցում է «Կառուցող» դաշինքով․ «Մենք նոր բան չենք գալիս ասելու, մենք ասում ենք՝ արել ենք, անում ենք, կառուցել ենք, կառուցում ենք և շարունակելու ենք կառուցել, և մեր կարգախոսն է՝ «Կառուցենք Մասիսը միասին»»։
Կարդացեք նաև
Պատասխանելով ընտրություններից իր ակնկալիքների մասին հարցին էլ՝ Դավիթ Համբարձումյանն ասաց․ «Ես և իմ թիմը այս ընտրություններին մասնակցում ենք հաղթելու նպատակով։ Տոկոսների մասին կարծում եմ՝ գուշակություն կլինի խոսելը, ավելի լավ է համբերենք, մեր քաղաքացիները իրենց քվեով կհիմնավորեն այդ հաղթանակը»։
Դիտարկմանը՝ իր միակ մրցակիցը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» առաջադրած թեկնածուն՝ Հովհաննես Հակոբյանն է, ով նախկին քաղաքապետի որդին է, չունի՞ մտավախություն, որ վարչական ռեսուրսներ կկիրառվեն, պատասխանեց՝ չի բացառում․ «Նման դեպքեր արդեն եղել են։ Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, հիմա հայտարարություններ անել։ Որ պահին նման մեթոդ կիրառեցին, այդ պահին վստահաբար մեր թիմը կարձագանքի։ Մենք այդ վարչական ռեսուրս կիրառելուց էլ, անկեղծ ասած, չենք վախենում։ Անելու են․․․ արդեն դեպքեր ունենք, որ անում են։ Ճնշումների դեպքեր էլ կան, իհարկե, չհիմնավորվող են, որովհետև մարդիկ հայտարարություն չեն տվել»։
Պատասխանելով Ստեփանավանի նախադեպի մասին, որը ողբերգությամբ ավարտվեց, հարցին էլ՝ Դավիթ Համբարձումյանն ասաց․ «Ցավում եմ թեկնածուի ընտանիքին, ցավալի դեպք է… Ինձ ոչ մի բան չի վախեցնում, կներեք էլի այդպես արտահայտվելու համար։ Եթե մի բանի մեջ մտնում ես, եթե վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես։ Ես կարծում եմ, որ նման բաներից վախենալ պետք չի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
























































