Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 19,2026 10:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն ահաբեկելով՝ փորձում է հայկական անկախ պետականությունը հասցնել «խաղաղ» ու անփառունակ ավարտի՝ Չինաստանում քննարկվում է համաշխարհային զարգացումների ապագա ընթացը:

Եկեք փորձենք տրամաբանել։

ԱՄՆ նախագահ Թրամփին անհրաժեշտ է մեծ գործարք։ Այնպիսի գործարք, որը նա կարող է ներկայացնել որպես պատմական հաղթանակ․ մասնավորապես՝ միջուկային զինանոցների կրճատում, Ուկրաինայում պատերազմի դադարեցում, Չինաստանի հետ գլոբալ պայմանավորվածություններ, Իրանի շուրջ կարգավորում։ Եվ ցանկալի է՝ այս ամենը լինի միանգամից։

ՌԴ նախագահ Պուտինին անհրաժեշտ է Ռուսաստանի՝ որպես գերտերության ճանաչում, որի շահերի հետ Արևմուտքը հաշվի կնստի։ Եվ առաջին հերթին՝ զիջումներ Ուկրաինայի հարցում, ինչպես նաև եվրոպական անվտանգության ոլորտում։

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին, կարծում եմ, ժամանակ է անհրաժեշտ։ Չինաստանը շահագրգռված է տնտեսական կայունությամբ, սակայն մտադիր չէ հրաժարվել Թայվանի նկատմամբ իր դիրքորոշումներից։ Պեկինը միանգամայն կարող է Վաշինգտոնի հետ լարվածության թուլացումը փոխանակել առևտրի և տեխնոլոգիաների ոլորտում զիջումների դիմաց։

Թվում է՝ բանակցային օրակարգերն ու փոխզիջումների հնարավորություններն անսահման են։ Բայց բնականաբար երեք առաջնորդներից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ ավելին, քան պատրաստ է զիջել։

Դոնալդ Թրամփը չի կարող Վլադիմիր Պուտինին պարզապես «նվիրել» Ուկրաինան։ Վլադիմիր Պուտինը բնականաբար մտադիր չի լինի հրաժարվել իր կենսական պահանջներից։ Իսկ Սի Ծինփինը դժվար թե համաձայնի սահմանափակել սեփական երկրի առաջանցիկ զարգացման հնարավորությունները՝ բավարարվելով առաջնորդների գեղեցիկ լուսանկարով։

Մեկ կարևոր հանգամանք ևս։ 2026 թվականի աշխարհը 1945 թվականի աշխարհը չէ։ Եվրոպան, Հնդկաստանը, Ճապոնիան, Թուրքիան, Պարսից ծոցի երկրները պարզապես դիտորդներ չեն, որոնք հնազանդորեն կընդունեն Վաշինգտոնի, Մոսկվայի և Պեկինի կայացրած որոշումները։

Հետևաբար, ես չէի սպասի, որ վաղը կհայտնվի աշխարհի նոր «քարտեզը՝ քանոնով գծված սահմաններով»։ Սակայն պայմանավորվելու կամ նույնիսկ չպայմանավորվելու հետևանքով՝ աստիճանաբար փոքր և միջին պետությունների շահերը վերածվելու են սակարկության առարկայի։ Եվ դրա համար, ամենևին էլ պարտադիր չէ, որ երեք խոշոր գերտերությունները, այսօրվա հանդիպման արդյունքում, ազդեցության գոտիների բաժանման մասին համաձայնագիր ստորագրեն։

Այնուամենայնիվ, դժվար թե վաղը մենք արթնանանք միանգամայն նոր աշխարհում։ Բայց միանգամայն հնարավոր է, որ տեսնենք, թե ի՞նչ կանոններով և ինչ եղանակով են պատրաստվում այն վերափոխել կամ վերաձևել։

Հ.Գ. Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30