Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ Է

Հոկտեմբեր 30,1999 00:00
Vahe Gabrielyan

Թեեւ հոկտեմբերի 27-ի մեղավորների քննությունը չի ավարտվել, սակայն ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այս ահաբեկչությունը կապված չէ ո՛չ ԼՂՀ հակամարտության կարգավորման, ո՛չ դրան զուգահեռ ընթացող բանակցային գործընթացի հետ։ Կապված չէ երկրի ղեկավարության կամ նրանցից որեւէ մեկի հետ, ոչ էլ երկրի կողմնորոշման (ռուսամետ, արեւմտամետ- Լ. Ա.) հետ։ Այն քաղաքականությունը, որը վարվել է ԼՂՀ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ, շարունակվելու է»։

Հանրապետության նախագահի եւ ԱԺ պատգամավորների միջեւ ձեռք բերված համաձայնությամբ՝ զոհված գործիչների հուղարկավորությունից անմիջապես հետո ԱԺ-ն կգումարի նիստ՝ կընտրվի ԱԺ ղեկավարություն։ Ապա ՀՀ նախագահը խորհրդակցություն կանցկացնի ԱԺ ղեկավարության, պատգամավորների, «Միասնություն» դաշինքի հետ եւ կնշանակի վարչապետ։ Մինչ այդ վարչապետի պաշտոնը կստանձնի ՀՀ նախագահը։ Նախագահի խոսնակի երեկվա ասելիքը այսքանով չսահմանափակվեց։ Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ ղեկավարության հետ անվտանգության հարցերի շուրջ զրուցելիս բարձրացրել է ԱԺ անվտանգության ուժեղացման եւ շենքն անհրաժեշտ սարքավորումներով զինելու հարցը։ Առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, թե ժողովրդի ընտրյալների եւ ընտրողների միջեւ չպետք է լինեն լրացուցիչ խոչընդոտներ։ ԱԺ մուտք գործած զինյալ խմբի՝ որեւէ ուժի կողմից ղեկավարվելու հնարավորությունը, գոնե այս պահի դրությամբ, բացառվեց։ Խմբի 5 անդամներից չորսը ԱԺ շենք են մտել անցագրով՝ քանդած զենքն արտահագուստի տակ թաքցրած։ «Գիտակցաբար սահմանափակվել եւ Ազգային հեռուստատեսությամբ չեն հաղորդվել ԱԺ-ի դահլիճից ուղղակիորեն տարվող բանակցությունները եւ ահաբեկիչների կոչերը՝ ելնելով շենքում գտնվողների մերձավորներին լրացուցիչ ապրումներ չպատճառելու մղումից»։

Հանրապետության նախագահի՝ ժողովրդին անմիջական չդիմելու, այլ միայն կոչեր հղելու փաստը պրն Գաբրիելյանը պայմանավորեց նախագահի խիստ լարված աշխատանքային գրաֆիկով։ Այն, որ Արարատի մարզի բնակիչները փակել են Ղարաբաղին միացնող ճանապարհը, մամուլի խոսնակը տեղեկություն չուներ։ Նրան հայտնի չէր նաեւ՝ ուժի մե՞ջ է նոյեմբերի 5-ին նախագահներ Քոչարյանի եւ Ելցինի հանդիպումը Սոչիում, թե ոչ։ ԱԺ պատգամավորները երեկ լրագրողներին հայտնել էին, թե նախագահ Քոչարյանը հրաժարական կտա, եթե բանակը չենթարկվի իրեն։ Վահե Գաբրիելյանին այս ինֆորմացիան եւս հայտնի չէր. «Կարող եմ միայն ասել, որ ՀՀ նախագահին սատարում են բոլոր քաղաքական ուժերը եւ ողջ խորհրդարանը»։ Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ նախագահին հրաժարական է ներկայացրել միայն ՆԳ նախարարը։ «Առավոտի» հարցին՝ պատրաստվո՞ւմ է նախագահը ստորագրել այն կամ պաշտոնանկ անել նախարար Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, խոսնակը պատասխանեց, որ ՆԳ նախարարի դիմումը ստորագրված չէ։ Դարձյալ շեշտվեց, որ վարչապետը կնշանակվի ԱԺ ղեկավարության եւ «Միասնություն» դաշինքի հետ նախագահի խորհրդակցելուց հետո միայն։ Ապա վարչապետի հայեցողությամբ կլինի կառավարության նորացում. «Վարչապետը կդնի նոր կաբինետի հարցը»։

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության հայտնի հայտարարությանը, ՀՀ նախագահը ուժային կառույցների որեւէ քաղաքական հայտարարություն տեղին չի համարում։ Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո Հայաստանի ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քաղաքականությունը չի փոփոխվելու, հետեւաբար որեւէ հիմք՝ կարծելու, թե արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները կվատանան՝ չկա։ OPT հեռուստաընկերությունն արդեն որոշակի կարծիք է հայտնել, որ ռուսամետ ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի չեզոքացումը ձեռնտու էր արեւմտամետ նախագահին՝ ազատորեն իրականացնելու իր քաղաքականությունը. «Ինչ վերաբերում է «Однако» ծրագրի մեկնաբանի ենթատեքստին, ես դա բացարձակապես մերժում եմ։ Ես դա դատապարտում եմ։ Այդ տոնով խոսելը եւ այդպիսի դատողություններ անելը, այն էլ այս պահին, պատիվ չի բերում»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031