Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր հակափաստարկներ է ներկայացնում

Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր հակափաստարկներ է ներկայացնում

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցնում է՝ «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի չի  ունեցել հողածածկ գոտում՝  երթևեկելի մասից դուրս, ինչպես տարածում է տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Ըստ պարոն Բաղդասարյանի, դեպքի լուսանկարներից էլ ակնհայտ երեւում է, որ վթարը եղել է երթեւեկելի բանուկ հատվածում. «Այո՛, եթե իսկապես երթեւեկելի հատվածից դուրս տեղի ունեցած լիներ վթարը, ինչպես պնդում է պարոն Բալոյանը, Վարդան Պետրոսյանը վթարի մեջ կճանաչվեր մեղավոր»:

Պարոն Բաղդասարյանին նաեւ զարմացրել են պարոն Բալոյանի այն հայտարարությունները, թե վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձել են  «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել. «Մենք ընդամենն առաջարկել ենք միասին քննարկել եւ վեր հանել դեպքի օբյեկտիվ ճշմարտությունը»:

Իսկ ինչ վերաբերում է Բալոյանի պնդմանը, թե 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության նյութը տեղադրվեց հենց երեխաների քառասունքի օրը, պարոն Բաղդասարյանը վստահեցրեց՝ իրենք ոչ մի նյութ չեն տեղադրել. « Չի եղել նման բան երբեւէ ոչ մի տեղ չենք տեղադրել: Մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութը  պատրաստ է, բայց սպասում ենք որոշ գործողությունների, որ լիովին համոզվենք՝  իրականում վթարի մեխանիզմը ճիշտ է որոշված ու վեր է հանված օբյեկտիվ ճշմարտությունը…այո՛, ես նման քայլը՝ երեխաների քառասունքի օրը նյութի տեղադրումը կհամարեի բարոյական տեսանկյունից ոչ ընդունելի, բայց ոչ մի նյութ, կրկնում եմ, չենք տեղադրել՚: Ես զարմացած եմ՝ ինչո՞ւ է պարոն Բալոյանը նման բան ասել, եթե մենք ոչ մի նյութ չենք տեղադրել»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «Վազ 2121» մակնիշի մեքենային:   Վթարի հետևանքով՝ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք