Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է մարդն ապրում աշխարհում տեքստ՝ մանիֆեստային

Մարտ 10,2014 11:12

Մարդն ապրում է աշխարհում ստեղծագործական աշխատանք անելու համար:

Ինչու աշխատանք: Որովհետև դա միշտ չէ՝ որ հաճելի է: Դա մեծ եռանդ է պահանջում:

Ինչու ստեղծագործական. որովհետև դա է, որ հաճույք է դարձնում կյանքը և աշխատանքը:

Ինչ է նշանակում ստեղծագործական: Գործունեություն, որը ստեղծում է նորը՝ որ մինչ այդ չկար, և այդ նորը լավն է:

Ինչ է աշխատանքը: Այն կարող է լինել չարքաշ, անստեղծագործ, անհետաքրքիր, դժվար, կրկնողական… Ամեն անգամ, երբ մարդ գործ է ավարտում՝ նա հաճույք է զգում, և այդ հաճույքում կա ստեղծագործական պահ: Եթե անստեղծագործ գործ էր՝ հաճույք է, որ այն ավարտվեց: Եթե ստեղծագործ՝ հաճույք է, որ այն ստացվեց, կամ սպասում է՝ արդյոք կընդունեն որ ստացվել է, թե ոչ՝ որ նույնպես հաճելի, թեև անհանգիստ, սպասում է:

Իսկ ով ասաց, որ մարդը դրա համար է ապրում: Նախ՝ դա հաճույք է պատճառում: Երկրորդ՝ դրա հետ կապված է մարդու առաքելությունը: Այսինքն` պիտի հասկանանք, համաձայնենք, որոշենք, թե ինչ է մարդը, որպեսզի համաձայնենք, որ նա ապրում է ստեղծագործական աշխատանքի համար:

Իսկ ինչու ենք հաճույքն ընդգծում: Որովհետև մարդ հաստատ չի ապրում տառապելու համար: Նա համաձայն է տառապել մի քիչ, չափավոր՝ ասենք չարքաշ աշխատելով կամ պարտքից դրդված՝ որպեսզի հետո հաճույք ստանա:

Մնացած հաճույքներն ավելի ստորին են, քան ստեղծագործականը, որն իր մեջ ունի հաղթահարման պահ: Եթե հաճույքի մեջ կա ստեղծագործական պահ՝ դա մեր տեսակի հաճույք է: Եթե մարդը գիտի, որ դրա համար է ապրում՝ կարող է ցանկացած հաճույքի մեջ ներդնել ստեղծագործական պահ, այդպիսով դարձնելով հաճույքը ստեղծագործ:

Բայց ով ասաց, որ մարդը դրա համար է ապրում: Գուցե՝ վերապրելու, գոյատևելու: Բայց սա ցածր նպատակ է: Եվ ավելի լավ է ստացվում գոյատևելն ապահովել՝ եթե ստեղծագործական աշխատանք ես անում, նորն ես ստեղծում: Այստեղ փաստորեն ավելի վերին նպատակը ծածկում է ավելի ստորինը և օգնում, որ վերջինս էլ իրագործվի: Չի լինում դեպք, երբ գոյատևելու խաթր դու պիտի ստեղծագործականությունդ զոհաբերես: Ընդհակառակը: Գուցե գոյատևելու խաթր պիտի վատ բան անես, և դա վատ է: Բայց դա էլի կպահանջի ստեղծագործականություն, ավաղ, վատ նպատակի տանող:

Ուրեմն ինչ է մարդը: Մարդը շոշափուկ է: Մարդը բնության շոշափուկն է՝ բնության ինքնաճանաչման, ինքնազարգացման պրոցեսում: Մարդը մարդկության մասնիկն է: Մարդկությունը բնության օրգանն է՝ գործիքը՝ ինքնաճանաչման ու ինքնազարգացման:

Ինչու է բնությունն ուզում ինքնաճանաչել ու ինքնազարգանալ: Որովհետև դա ստեղծագործական պրոցես է, աշխատանք, որը գեղեցիկ է, հաճելի ու իմաստուն:

Արդյոք հավատում եք սրան:

Սովետի ժամանակ ոմանք առանց կատակի ասում էին՝ որ մտավորականը իդեալական՝ Քրիստոսն է առանց լուսապսակի: Իսկ հայկական Քրիստոսը գեղջուկն է, աշխատավորը, սիմոնը:

Ինչու ուրիշները պիտի հավատան սրան: Փորձեք ապրել ըստ այս խորհրդի կամ ըստ այլ խորհրդի: Տարբերությունը կտեսնեք: Սա, ինչպես և այլ հավատամքները, տալիս են հնարավորություն՝ ապրել երջանիկ կամ գոնե հասկանալով: Վատ է այն մարդը՝ որ խորհուրդ չունի: «Գրքի մարդ» չէ, կասեր մուսուլմանը: Ինչու: Որովհետև ապրում է՝ առանց հասկանալու, թե ինչու, էկլեկտիկորեն: Ապրում է սխալ պատճառով, ապրում է՝ կարծելով, որ մի բանի համար է ապրում, իսկ իրականում՝ մեկ այլ բանի համար է ինքն ապրում:

Բայց տարբեր խորհուրդներ կան: Այն մարդը, որն ապրում է այս խորհրդով՝ ստանում է հետևյալ առավելությունները. նա տեսնում է, ինչպես է աշխարհը զարգանում. մարդկությունն ու բնությունը: Նա տեսնում է նաև, ինչպես է ինքը մասնակցում այդ զարգացմանը: Առանց սնափառության՝ նա ոչ աստվածային Քրիստոս է դառնում: Նա տեսնում է իր գործի արդյունքը: Եթե չի տեսնում՝ նա մեկ է համոզված է, որ այն է պետք անել: Իրականում, բացի շատ վաղ երեխա մահացածներից, այդպիսի դեպք չկա, որ մարդ չտեսնի ու չգնահատի իր փոքրիկ կամ մեծ ստեղծագործ աշխատանքի արդյունքը՝ այն, ինչպես է այդ աշխատանքն ազդում բնության զարգացման վրա: Ինքը չգնահատեց՝ ուրիշները հո կան ու կան:

Ինչ է վատ մարդը: Վատ մարդն այն է, ով տվյալ բոլոր իրադրություններում անում է գործողություններ՝ որոնք հակառակ են իմ էս ասածին: Ամենքս կարող ենք լինել վատ մարդ, ոչ լրիվ լավ մարդ: Բայց եթե մենք ապաշխարում ենք ու հետո լավ բան անում՝ մենք ներվում ենք բնության կողմից, ինքներս մեր կողմից: Իսկ եթե մենք այնքան խորքային վատն ենք, որ միշտ վատ ենք անում, սուտ ենք ապաշխարում և այլն՝ երբևէ չենք ներվում բնության կողմից, և չենք մասնակցում լիակատար չափով կյանքի այս տոնին՝ բնության՝ մեր միջոցով ինքն իրեն դիտելուն ու կրեատիվ կերպով զարգացնելուն:

Որն է ապացույցը, որ դա տեղի է ունենում՝ այդ զարգացումը:  Առայժմ այդ ապացույցը մեծ չէ՝ միայն մարդկության չափի մեջ է. մարդկությունն է զարգանում. մենք գիտենք այժմ մարդկության մասին և մարդու մասին շատ ավելի, քան գիտեինք առաջ:

Սովորական պայմաններում, երբ մարդ փողոց է դուրս գալիս ու դիմացն ուրիշ մարդ է ելնում՝ նա ավելի շուտ կասի «բարև», քան թե կսպասի, որ դիմացինն իր վրա հարձակվի: Այլապես աշխարհը կփլվեր: Դա է առաջին ապացույցը, որ զարգացում, թեպետ վայրիվերող, բայց կա: Որ ստատիստիկորեն ավելի հաճախ երկու մարդ երբ իրար են հանդիպում՝ չեն սպանում միմյանց, քան սպանում են: Եվ ավելի ու ավելի քիչ է հավանական՝ որ կսպանեն: Սպանելու դեպքերը հատուկ են, բարևելը՝ համընդհանուր:

Մարդկությունն ավելի է խոշորացել, տարածվել: Ավելի քիչ երեխաներ են զոհվում: Մենք աշխատում ենք, որ քիչ երեխաներ զոհվեն, որ քիչ մարդ զոհվի, որ պատերազմ քիչ լինի, որ հիվանդությունները քիչ լինեն: Ուրիշները հաճախ սա շփոթում են մարդու էգոիզմի հետ. նրանց կարծիքով, մարդն ամեն ինչ անում է իր էգոիզմի պատճառով, և դրա համար էլ, ասենք, մի կողմից նոր դեղամիջոցներ է հայտնագործում՝ իսկ մյուս կողմից ինքն իրեն հոշոտում: Դրանում է սխալը: Մարդ դա չի անում էգոիզմի պատճառով՝ ինչ էլ նա կարծի իր ներսում: Մարդը մասնիկ է մարդկության և շոշափուկ է բնության՝ նա մասնիկ է բնության մեծ օրգանի, գործիքի, և նա լավ բան անում է՝ բնության ինքնաճանաչողությունն ու ինքնազարգացումն ապահովելու համար: Իսկ վատ բան անում է՝ սխալմունքից, սխալ կարծիք ունենալուց, սխալ դաստիարակությունից:

Ինչու եմ ես կարծում որ սա ճիշտ է: Մարդկությունը հաճախ սխալվել է, հիմքում դնելով կամ միայն անհատին, կամ միայն ոչ անհատին՝ հանրությունը, աստծուն, բնությունը և այլն: Պարզ է, որ անհատը բավական ազատ է ու բավական իրավունքներ ունի: Բայց նաև պարզ է, որ բնությունն անհատից մեծ է ու գերիշխող: Ուրեմն՝ մարդը և՛ անկախ օղակ է, և՛ կախյալ: Դա է մարդու ազատության դուալիստական էությունը: Հոլիստիկ մարդու: Ոչ թե քաղաքական ազատության՝ այլ ամբողջական:

Սա մեծ շանսեր է տալիս մարդուն՝ և՛ ազատ գործելու, և՛ մխիթարվելու, եթե չկարողացավ: Էլ ավելի մեծ շանսեր է տալիս՝ հասկանալու, թե բնությունն իրենից ինչ է ուզում,  և այդ ուղղությամբ գործելու՝ որ էլ ավելի հստակորեն զգա իր առաքելությունը և, երկու ուժերի՝ իր կամքի ու բնության նախանշած ուղղության վեկտորները համատեղելով՝ ուժեղացնի իր ազդեցությունը:

Սա է, որ իմ ասածը տարբերում է վուլգար. վուլգար մարքսիզմը կարծում էր՝ թե բնությանը պետք է հաղթել ու ոչնչացնել: Եվ մի շարք այլ բաներ, ասենք՝ որ մարդը չէ կարևորը, այլ պետությունը: Իսկ իմ ազգի հայկական, ոչ ֆանատիկ մարքսիզմը միշտ գիտեր, որ մարդը բնության մաս է, ու որ մարդը ստեղծագործ աշխատող պիտի լինի:

Հենց դա էր, որ մարքսիզմի իդեալի մեջ կոչվել էր «համակողմանիորեն զարգացած անձնավորություն»: Այսինքն՝ ոչ թե կիսատ՝ ոչ թե քաղաքական՝ ոչ թե միայն ռազմիկ՝ այլ ամեն կողմ հավասարապես ու մշտապես զարգացող:

Կարելի է սա քարոզել, բայց եթե ռազմի դաշտում ես ու թշնամին հարձակվում է՝ կարող է պատահես այն վիճակում՝ երբ պիտի ընտրես՝ քարոզել թե կրակել: Դա դժվար ընտրություն է: Մեծ մասն ընտրում է կրակելը: Ոմանք՝ քարոզելը: Այդ ոմանքից շատ ոմանք՝ կանգնեցնում են թշնամու հարվածը խոսքով: Այսօր՝ երևի թե ա՛յս խոսքով: Մյուսները երևի զոհվում են:

Արդյոք երբևէ մարդկանց մեծամասնությունը կգա այս նույն կարծիքին: Կարևոր է՝ լինի փոքրամասնություն, ինչպիսին որ միշտ կար՝ որ այս կարծիքով է առաջնորդվում: Եվ երբ ու եթե այդ փոքրամասնությունն իրեն կրկին ուժեղ զգաց, իր միասնական ուժը կառուցեց՝ նա կփոխի իրադրությունը:

Միթե յուրաքանչյուրը կարող է ստեղծագործել: Այո: Իր տարբեր գործերում՝ յուրաքանչյուրը դա կարող է ու անում է: Դա բարդ պրոցես է, որի արդյունքում ստեղծվում է նորն ու լավը, այն՝ ինչը չկար առաջ: Դա հաճախ դժվար է տարբերակել նրանից՝ ինչը կա: Օրինակ՝ երեխաներ շատ կան, ու նորին ստեղծելն արդյո՞ք նոր բան ստեղծել է: Բայց նույն տրամաբանությամբ՝ կարելի է ասել- գրքեր շատ կան. ու նորը գրելն արդյոք նոր բան ստեղծել է:

Ստեղծագործելը լավ բացատրված է ստեղծագործողների կողմից, միայն ազատություն ու հավատ է պահանջվում՝ որ այն դառնա բոլորիս ու յուրաքանչյուրի ձևը՝ գործիքը՝ կարողությունը՝ լավ զգալ, կյանք փոխել, զարգացնել՝ ու ճիշտ ձևով:

Արդյոք կա մութ ստեղծագործություն: Դա էլ կա, բայց միշտ որպես քայլ՝ դեպի լույս, դեպի լուսավոր ստեղծագործություն:

Արդյոք կա չստացված ստեղծագործություն: Լիքը, բայց միշտ՝ որպես քայլ՝ դեպի ստացված ստեղծագործություն:

Արդյոք ստեղծագործության յուրաքանչյուր դեպք մյուսին հավասար է: Ոչ: Սարքված սեղանը տարբեր է վեպից, մի սեղանը մյուսից, մի վեպը մյուսից: Կա սեղան՝ որ ստեղծագործություն է, և լիքը սեղաններ՝ որոնք չեն: Կան լիքը վեպեր՝ որոնք գրեթե ստեղծագործություն չեն, թեև վեպի նյութն ինքնին արդեն ստիպում է՝ այն բանը, որից վեպ ես սարքում՝ ստիպում է, որ այն գոնե մի քիչ ստեղծագործություն լինի: Սեղանի նյութը՝ ասենք փայտը, դա կարող է և չստիպել: Բայց ցանկացած քանակով սեղան սարքելիս, ցանկացած տիպական սեղան, կարելի է հիշել, որ երևի թե այդ սեղանի փայտը մթերողների երկար շարքում մի պահ եղել է ստեղծագործական, որն էլ մտել է այս, նույնիսկ ամենատափակ ու սովորական, սեղանի մեջ: Կամ՝ որ առաջին սեղանը հորինողի ստեղծագործությունն է թաղված ամեն սեղանի արքետիպում: Կամ՝ նրա շուրջ նստողներն են ստեղծագործում, և նա կրկին դառնում է աշխարհի, բնության, մարդկության ու մարդու մեծ ստեղծագործության շրջապտույտի կարևոր մաս:

Յուրաքանչյուր մարդ հանճար է: Բայց ոչ ամեն պահին: Բայց անպայման:

Միաժամանակ՝ յուրաքանչյուր մարդ՝ գործիք է, նախ մարդկության մասնիկ լինելով, հետո՝ ավելի մեծ բանի՝ բնության շոշափուկ լինելով: Մարդու սոլիդարությունն ուրիշ մարդկանց հետ մարդկության մասշտաբով է:

Եթե ապրում ես այսպես ու ստեղծագործում՝ ու գիտես դա՝ լավ է ու մխիթարված ես, եթե ոչ երջանիկ: Եթե ապրում ես ու չի ստացվում՝ եթե գիտես որ դու մեծի մաս ես՝ էլի մխիթարանք է: Մենք բոլորս մրցում ենք հասնել մի բանի, բայց հասածը չգիտի, հասել է թե ոչ, իսկ չհասնողը չգիտի՝ գուցեև հասել է, ու տարիներ կամ դարեր հետո դա պարզ կդառնա: Եվ եթե չհասար էլ՝ կարևոր չէ, քանի որ մասնակից էիր այս խելակորույս վազքի:

Մարդը մահկանացու է: Ձևը, որով նա մնում է՝ այն դրոշմն է, որ նա թողեց մարդկության ու բնության կյանքի մեջ: Բայց երբ նրա անունն էլ մոռացվի՝ նրա արածը, ապրածը լցվում է մարդկության ապրածի մեջ, և դրանով նա անմահ է, քանի դեռ մարդկությունը կա, քանի դեռ կա բնությունը, որ ստեղծել է իր այս գործիքը՝ ինքն իրեն հասկանալու, ճանաչելու, առաջ շարժվելու, զարգանալու, գեղեցկանալու համար:

Մարդկությունը շատանում է: Ճիշտ այն պատճառով՝ որով որ բանվորների թիվն է կրճատվում աշխարհում: Լինելով բնության ամենաբարդ առանձին վերցրած գործիքը՝ մարդը դառնում է բնության պրոգրեսի հիմնական ուղղությունը. այլ գործիքները տեղները զիջում են մարդուն, ինչպես չարքաշ աշխատանքը՝ սերվիսին, քանի որ մարդը կարողանում է այլ գործիքների ֆունկցիան էլ կատարել՝ ինքնաճանաչման, և շատ այլ բաներ էլ: Քանի որ չարքաշ աշխատանքն ավտոմատացվում է՝ իսկ սերվիսը՝ մարդու կողմից մարդուն խնամելը՝ դառնում ավելի ու ավելի կարևոր:

Կորուստներն ինչ են:  Ազգեր, լեզուներ անհետանում են, բնությունը կոտորվում է:

Որովհետև ոչ բոլորն են, ու բնավ ոչ բոլորն են հետևում այս խորհրդին: Ոչ բոլորը գիտեն, որ մարդը ստեղծագործ աշխատող շոշափուկ է: Կա անհետացման երկու դեպք՝ ճիշտ և սխալ: Ճիշտն այն է, երբ անհետանում է մի բան, տեղ տալով նորին, որն իր մեջ կրում է հինն ու հնից էլ կարևոր բաներ: Թե ո՛ր չափով կարևոր՝ դժվար հարց է: Հինն անհետանալ չի կարող: Այն փոխակերպվում է: Օրինակ՝ թանաքով գրիչը չի անհետացել. կուզես՝ օգտագործիր: Այն պարզապես դարձել է գրելու հնարավորություններից մեկը, այն էլ՝ ոչ առաջնային: Իսկ մի դար առաջ՝ առաջնային ու գրեթե միակ էր:

Մեր հիմնական նպատակն է՝ երբ հինն անհետանալու է՝ այնպես անել՝ որ չանհետանա այլ փոխակերպվի, որ ամեն լավն ու գեղեցիկը մնա՝ ու նորն առաջանա, փոխակերպելով այն:

Եվ դա մեզ հաջողվում է, ինչի ապացույցն ու գրավականն է ինտերնետը, որը ցույց է տալիս, որ եթե ոչ կենդանի բնությունը կամ անհետացած ազգերը՝ ապա մարդու մտքի արդյունքն այլևս չի անհետանա: Ալեքսանդրիայի գրադարաններ այլևս չեն լինի այն իմաստով՝ որ ինչը որ կարելի է աննյութ կերպով պահպանել՝ պահպանվելու է: Իսկ հետո մարդը կհայտնագործի՝ ինչպես ճամփորդել անցյալում, կամ ինչպես այն միավորել ներկայի հետ, ու նոր շանս կտա ամեն անհետացածին՝ լինել, նորից լինել, ստեղծագործաբար աշխատել:

»»»

Ես հիմա կասեմ մի թեզ՝ որը կզարմացնի շատերին. իմ կարծիքով, այսօր շատ ավելի մարդ կա, որ ստեղծագործ աշխատանքով է զբաղվում, քան առաջ: Եվ դրանց քանակը գնալով ավելանում է: Նրանք մնում են փոքրամասնություն, ու շատերը չգիտեն էլ, որ իրենք այդպիսին են: Նրանք, ովքեր գիտեն՝ մարդկության իսկական առաջնորդներն են: Այդ նրանց գծագրած ծրագրով է մարդկությունն առաջնորդվում, նույնիսկ եթե կարծի, թե՝ քաղաքական իշխանավորների:

Բայց այսօր ավելի շատ այդպիսի մարդ կա, քան երեկ, և վաղը կլինի էլ ավելին: Պետք է նրանց բացատրել, թե նրանք իրականում ինչով են զբաղվում և ով են:

Երբ ավելի ու ավելի շատ մարդ դառնա այդպիսին ու հասկանա, որ իրենք այդպիսին են՝ աշխարհը կվերակերպվի աներևակայելի ձևերով, ու կստեղծվի բացարձակապես նոր իրավիճակ. զարգացումը կդառնա անընդհատ, թռիչքային, ու մենք կհայտնվենք բացարձակապես այլ աշխարհում:

Բնության ինքնաճանաչումը մարդու միջոցով՝ կօգնի բնությանն ավելի լավ հասկանալ, թե ինքն ուր է շարժվում, ու թռչել դեպի իր այդ անասելի հետաքրքիր որ ֆանտաստիկ ապագան՝ մարդու հետ միասին:

Քանակը կդառնա որակ: Որակը՝ նոր որակ: Սա՝ նոր էություն:

Որոշ մարդիկ կարծում են, որ ստեղծագործ աշխատողների քանակը միշտ փոքր կմնա: Որ մի խումբ ստեղծագործ աշխատողներ՝ հերիք են, մարդկությանն առաջնորդելու համար, իսկ մնացածները նրանց հետևում են, նրանք առաջնորդում են մնացածներին: Մինչև այսօր՝ դա այդպես է եղել, քանի որ մարդիկ չեն կարողացել իրականացնել մասսայաբար՝ իրենց ստեղծագործ աշխատանքի պոտենցիալը: Բայց ստեղծագործ աշխատանքը պարտադիր է եղել միշտ՝ եթե ուզում ես գոյատևել ու ինչ-որ բանի հասնել: Ավելի ու ավելի շատ մարդիկ են դա հասկանում այսօր: Նրանք կարող են հայացք գցել անցյալին՝ ու տեսնել, որ դա այդպես էր միշտ: Ուրեմն ոչինչ չի խանգարում, որ ավելի ու ավելի շատերն այդպիսին դառնան:

Որոշ մարդիկ էլ կարծում են, որ ստեղծագործ աշխատողների քանակը պետք է արհեստականորեն փոքր պահել, նույնիսկ եթե պոտենցիալ կերպով՝ նրանք կարող էին շատ լինել: Սա էլիտիստ և ի վերջո ֆաշիստական մոտեցում է, և բնության զարգացման ընթացքն այս մոտեցումը հերքում է:

Այսօր ոմանց թվում է, թե հակառակն է: Ոմանց թվում է, թե ստեղծագործ աշխատողների քանակն այսօր ավելի փոքր է, քան երեկ էր: Ինչու:

Որովհետև այսօր մարդն ավելի շատ ինֆորմացիա ունի՝ չարի մասին, ու իրեն թվում է՝ թե չարն ավելացել է:

Բայց իրականում երկու բան է եղել՝ ինֆորմացիան է հասանելի դարձել, և մարդկանց քանակն է ավելացել. այդ երկու հանգամանքը համադրված՝ մեզ թվում է, թե չարն ավելացել է:

Իսկ իրականում պետք է համեմատության մեջ տեսնել. չարի մասին մեր գիտելիքն է ավելացել, չարի դրսևորումների մասին մեր հասկանալը:

Իսկ դա ինչ է նշանակում: Հասկանալ, իմանալ՝ նշանակում է սկսել միջոցներ ձեռնարկել, տարբերակներ ծրագրել՝ որպեսզի հաղթահարել:

Ինֆորմացիայի տարափից շշմած՝ մարդ կարծում է, որ պիտի կանգ առնի ու մտածի՝ թե ինչպես այդ տարափից գլուխ հանել: Ինչպես ընտրել՝ ո՛ր ինֆորմացիան է իրեն պետք: Մինչդեռ կանգ առնելու կարիք չկա, և ոչ ոք չի պատրաստվում կանգնեցնել բնության զարգացման ընթացքը. և այն երբեք կանգ չի առել: Մարդն իր պատմության մեջ դեռ երբեք չի հանդիպել մի իրադրության՝ որը չկարողանար հաղթահարել: Ուրեմն հավանական է՝ սա էլ կհաղթահարի ընթացքի մեջ:

Կարևոր է, իհարկե, որ մարդիկ լինեն՝ որ այս ամենը հասկանում են ու աշխատում՝ մարդուն օգնելու համար՝ տակից դուրս գալ ինֆորմացիայի այս տարափից: Օգնել նրան՝ կողմնորոշվել: Եվ նրանք կան:

»»»

Իսկ կենդանին, անկենդան բնությունը, կամ ֆլորան ի՞նչ են:

Նրանք բոլորը թերմարդ են: Քարը՝ որ ընկած է ճանապարհին ու մտածում է՝ տեղաշարժվել թե ոչ: Այծյամը՝ որին խփեց որսի ելած պրեզիդենտը: Կակտուսը՝ որ լուռ նայում է, թե երբ կջրես իրեն:

Բնությունը նպատակահարմար է: Նրա իմմանենտ զարգացման ծրագրի մեջ՝ կա իր զարգացման եթե ոչ վերջնակետի՝ գոնե շատ հեռու ապագա կերպարի սաղմը, ինչպես մարդու սաղմի մեջ՝ կա ապագա մարդու ծրագիրը: Մենք չենք կարող պատկերացնել այն հոյակապ, նոր, ֆանտաստիկ աշխարհը, որ կստացվի, երբ շատ մարդիկ դառնան ստեղծագործ աշխատող: Բայց այն կա: Մարդը ծրագրված էր քարի, այծյամի, կակտուսի մեջ: Մարդու մեջ ծրագրված է բնության՝ մեզ այսօր անհասկանալի վաղը չէ մյուս օրը:

Քարը, այծյամը, կակտուսը՝ բոլորը մարդ են նույն իմաստով՝ ինչ և նորածին երեխան է մարդ: Մարդ են օձը, կարիճը, խլուրդը, գայլը: Դրա համար էլ սպանել կարելի է բոլորին՝ նավթին, օձին, ժայռին՝ բայց խղճի խայթ զգալու ես: Եթե նրանք ավելի քիչ հնարավորություն ունեն իրենց արտահայտել՝ դա նրանից է, որ այդ հնարավորության շատ ավելի մեծ չափը քեզ է տրված: Ուրեմն՝ դա քո դերն է՝ նրանց խոսեցնել: Եվ ինչպես երեխային ես խնայում ու խնամում՝ խնայել ու խնամել նրանց: Եթե դու ստիպված ես սպանել՝ ասենք, մոծակին՝ ոչինչ, նրանք շատ են: Բայց սպանելով՝ դու հնար ես ստեղծում՝ որ քեզ հանգիստ թողնի ու դու ստեղծագործաբար աշխատես: Իսկ եթե սպանում ես հանուն քմահաճույքի ու հետո բան չես անելու՝ դու մոծակասպան ես:

Այսինքն կա ամեն ինչի չափ ու սահման, և այն տրված է: Պետք է միայն ճիշտ գտնել: Իսկապես ճիշտ, իսկ դա հեշտ չէ: Դրա մասին կխոսենք մեկ այլ անգամ: Հիմիկվա համար բավական է «էգոիստական» մոտեցումը. Հայաստանը դատարկվել է կենդանիներից, իսկ դա լավ է արդյոք: Ով է մեղավոր: Հայաստանը կեղտոտ է: Իսկ դա լավ է արդյոք: Ով է մեղավոր: Արդյոք դա վերականգնելի է: Կասեն՝ ուրիշ տեղերն էլ նույն վիճակն է: Վախթանգ Անանյանի «Սևանի ափին»-ում Սևանը լի է ձկնով, ափերը՝ թռչնով, բույսով, մուֆլոնով, նապաստակով, կզաքիսով: Այժմ Սևանը դատարկ է: Սակայն այժմ նաև ամերիկյան Մեծ Լճերն են տափաստան, ավելի տափաստան՝ քան Նաթանիել Բամպոյի ժամանակ:

Բայց սա քո՛ տունն է: Հայաստանի բնությունն ափսոս է:

Կասեք՝ դե քանի որ այդ ամենազոր բնությունը թույլ է տալու, որ հետո այդ ամենազոր մարդկությունը հայտնագործի անցյալ գնալու գաղտնիքն ու հետ բերի այծյամին՝ ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ: Այո: Բայց դա չի արդարացնում ոչնչացնողին:

Բայց չէ որ տարբերություն կա իրականի և վիրտուալի միջև: Կետաձկան նկարը լավ բան է, բայց եթե կետաձուկ չկա՝ ում է այն պետք: Այո: Կենտավրոս էլ չկա: Բայց նրա նկարը կարևոր է:

Դա՝ մի պատասխան:

Մյուսը:

Նկարը սոսկ առաջին քայլն է կորածը վերադարձնելու: Բայց կորածը վերադարձնելն իմաստ ունի միայն եթե նորն է ստեղծվելու, և միայն եթե դու դա գիտես ու դրա վրա ես աշխատում: Ուրեմն կա մխիթարանք՝ եթե գոնե նկարը ստեղծվել է: Եթե կա կետաձուկ և իր նկար՝ աշխարհն ամբողջական է: Եթե կա միայն կետաձուկ առանց մարդու՝ աշխարհի գլխավոր շոշափուկի՝ աշխարհ գրեթե չկա: Եթե կա կետաձկան նկար առանց կետաձկան՝ կա գաղափար:

Ուրեմն դու համարում ես, որ աստված չկա ու կա միայն բնությու՞ն:

Ինչպես կուզեք անվանեք: Կարելի է բնությանն աստված անվանել, կարելի է աստծուն բնություն: Աստծո մասին խոսելիս, մենք այսօր սովոր ենք նրան պատկերացնել որպես ամպի վրա նստած  գիտակից ծերուկի: Դրա համար էլ այդքան մազալու է՝ երբ իրեն կնոջ պես են պատկերում հավասարության համար: Մենք ապրում ենք կարծրատիպերի շրջանակներում: Պատկերացրեք բնությունը՝ այն շատ ավելի բարդ է, քան աստծո մասին մեր ցանկացած պատկերացում:

Այս աշխարհայացքը պահանջում է ուսուցում և գիտելիք: Ինչ այն չի ներում՝ կարծրատիպը կամ նախապաշարմունքն իր փոխարեն ներկայացնելը: Առանց գիտելիքի՝ ստեղծագործ էր աշխատանքը թե ոչ, կար այնտեղ աշխատանք թե ոչ՝ կմնա անհայտ: Ուրեմն եթե գիտելիքին հավատարիմ ես՝ կարող ես անվանել սեղանը աթոռ, և հակառակը: Չէ որ իրենց ներսից՝ որպես աշխարհի ինքնաճանաչման շոշափուկ՝ այդ սեղանն էլ, աթոռն էլ այլ պատկերացում ունեն իրենց մասին: Կամ՝ կունենային, եթե կարողանային: Ճիշտ ինչպես մարդն ու իր անունը:

Բառերի և մարդկանց անունները փոխելը լավ վարժություն է՝ որ կարծրատիպերից դուրս գաս:

Ուրեմն սա բավական հին պատկերացում է: Բայց ինչու այսօր կարելի է սրան հավատալ լրջորեն: Ինչու միայն այսօր է սա ձևակերպվում այսպես հստակորեն: Այսօր՝ այս խելակորույս, թվում է՝ գամերը կորցրած աշխարհում:

Որովհետև այսօր կան սրա ապացույցները՝ ակնառու: Միայն այսօր մենք գիտենք՝ տեսնում ենք՝ մեր միջից այսքան մարդ միանգամից կարող է տեսնել՝որ սա է արել մարդկությունը: Ոչ թե հատուկենտները՝ այլ լիքը մարդ միանգամից սա տեսնում է:

Որ սա է բնության նպատակը: Ինտերնետի համաշխարհային ցանցի շնորհիվ՝ մեր աչքերի առջև ակնառու է դառնում ողջ մարդկության վաստակը և ամենօրյա տրոփյունը: Ահա այն: Ուրեմն կարիք չկա շփոթմունքի: Կա աշխարհը՝ գեղեցիկ, կա մարդկությունը՝ գեղեցիկ, և կաս դու՝ որ պիտի ընտրես. ապրել արդյոք հանուն այդ գեղեցկությունների թե ոչ, և ինչպես ապրել: Զարգացնել արդյոք դրանք, թե ոչ:

Բնությունը բարդ է, քանի որ իր նպատակն ինքն իր մեջ է: Թե ինչ կլինի, երբ մարդկությունն էլ ավելի առաջ գնա իր ինքնաճանաչողության մեջ՝ մենք չգիտենք: Բայց լավ ֆանտաստներն անընդհատ դրա մասին մտածել են. նրանք ստեղծել են ավելի արդար հասարակություններ, ավելի նոր աշխարհներ, դրանք մոդելներ են, որոնք ցույց են տալիս, որ թեև մենք չգիտենք բնության բանը՝ բայց քանի որ այսքան հազարամյակ չենք անհետացել և ընդհակառակը, զարգացել ենք՝ ուրեմն այնքան էլ սխալ ուղու վրա չենք:

Այս դուալիզմի անալոգիան կարելի է ցույց տալ՝ ասենք, հարց դնելով, թե ինչն է ավելի կարևոր՝ մարդն իր ողջ մարմնո՞վ, թե նրա ուղեղը, միտքը, հոգին: Մարդն իր ողջ մարմնով կարևոր է, քանի որ առանց դրա մնացածը չկա: Կան մարմնի մասեր, առանց որոնց նա կա, բայց կան մասեր՝ առանց որոնց չկա, ասենք՝ սիրտը: Բայց առանց ուղեղի՝ մտքի, հոգու, – մարդ չկա, նույնիսկ եթե սիրտը բաբախում է: Այդպես էլ բնության մեջ. առանց մարդու՝ բնություն չկա: Առանց բնության որոշ մասերի՝ մարդ կա, բայց առանց որոշ մասերի՝ չկա:

»»»

Ե՛վ նրանք, որոնք բնությունը մարդուն գերադասում էին, և՛ նրանք, որոնք այս իմ ասածին (դուալիզմին) հավատում էին և հետևում այս արժեքներին, դարերի ընթացքում, իռացիոնալիզմի դեմ պայքարելով, երբեմն հռետորաբանորեն շատ ավելի են ընդգծել արտաքին աշխարհի գերադասությունը մարդու ներքինին:

Դա պետք էր՝ որ մարդ արտաքին աշխարհն իրոք ճանաչելով զբաղվի, ոչ թե միայն բան-ման հորինելով: Ինչպես ասել են Ստրուգացկիները՝ աստծուն հավատալը հոյակապ ձև է ամեն ինչ հասկանալ՝ առանց որևէ բան իմանալու: Դրա համար էլ աշխարհի ուսուցման ու գիտության համակարգը՝ համալսարանները և ակադեմիաները, գիտական կենտրոնները և այլն՝ գնացել են «օբյեկտիվ», նյութական, մատերիալիստական, էմպիրիկ, փորձի վրա հիմնված, ռացիոնալ, մարդուց անկախ գործող հարցեր ուսումնասիրելու ուղով: Դա էր մինչև հիմա, վերջին երկու դարում, համարվում ամենաառաջատար ուղղությունն աշխարհում:

Նրանք ասում էին. մոռացի՛ր մարդու ներքինը՝ ուսումնասիրիր արտաքին աշխարհը, նույնիսկ ներքինն ուսումնասիրելիս՝ ուսումնասիրիր այն որպես արտաքին, ոչ թե որպես քո մաս, իսկ եթե ինտրոսպեկցիա ես անում՝ շատ հստակ մեթոդաբանությամբ պիտի անես՝ որ դա համարվի գիտություն:

Այն, ինչ ուրիշը չի կարող ստուգել, այն փորձը, որ չի կարելի կրկնել՝ գիտական հետևություն չէ: Չնայած սա վիճելի պնդում է, քանի որ կարելի է պատկերացնել, որ կա մի փորձ՝ որ անկրկնելի է տվյալ պարագայում, բայց ցույց է տալիս օրինաչափություն, որ միևնույն է գոյություն ունի, և ուրեմն գիտական արդյունք է՝ սակայն առայժմ մարդկությունն այդպես է պայմանավորվել, պարզության համար, և մենք պիտի հետևենք այդ սկզբունքին, որպեսզի կարողանանք տարբերակել գիտելիքը կարծրատիպից ու նախապաշարմունքից:

Այսօր դրանք կրկին ուզում են միմյանց խառնվել:

Գիտելիքն իհարկե շատ բարդ կառուցվածք ունի, դրա վերաբերյալ անընդհատ կռիվ է գնում:

Սակայն կա մի համեմատաբար պարզ չափանիշ. եթե կոճակը սեղմում ես ու լույսը վառվում է՝ ուրեմն լուսավորող այդ սարքը գիտելիքի վրա է հիմնված: Եթե չի վառվում՝ կամ սարքը փչացել է, կամ էլեկտրականություն չկա, կամ գիտելիքի վրա հիմնված չէ: Եթե առաջին երկու պայմանը կարելի է բացառել՝ ապա պատճառը վերջինն է:

Գիտելիքի վրա հիմնված ամեն ինչ այն է, ինչ աշխատում է, ինչպես որ կոչված է աշխատելու. այն, ինչի՝ դեպքից դեպք նույն կերպ աշխատելու վրա կարելի է հենվել, հույս դնել:

Սա պարզունակ ձև է, բայց օգնում է տարբերակել գիտելիքը մնացյալից:

Աշխարհի զարգացման ընթացքը բարդ է, և ամեն ինչ կարելի է ու պետք է կասկածի ենթարկել, ու քննադատաբար վերլուծել: Դիտելով աշխարհի զարգացման ընթացքը՝ կարևոր է տարբերակել՝ որն է լավն ու ճիշտը, որը՝ շեղումը, իսկ որը՝ սխալն ու վատը: Լավն ու ճիշտը ի վերջո միշտ միասին են, սխալն ու վատը՝ ի վերջո նույնպես: Շեղումների կուտակումը կարող է լավ ու ճշտից իրավիճակը տանել դեպի վատ ու սխալի:

Օրինակ՝ արտաքին աշխարհի գերադասումը ներքինին՝ որ ծնեց ռացիոնալ ու «օբյեկտիվ» գիտությունը՝ չափազանցություն է, շեղում, բայց հասկանալի շեղում է: Եթե այն չի հասկացվում որպես ստիպված շեղում՝ գիտությունը սկսում է սխալ ուղղությամբ զարգանալ: Ասենք՝ մարդուն որպես մեքենա են մեկնաբանում: Եթե հասկացվում է՝ գիտության ընթացքն ուղղվում է. մեքենան սկսում են որպես մարդ մեկնաբանել, ինչը թույլ է տալիս ստեղծել ավելի լավ ռոբոտ՝ քան հակառակ մոտեցման դեպքում (սա իհարկե պետք չէ պարզունակ հասկանալ, բայց ասենք մեքենայի՝ ազատ, պատահական ռեակցիա տալու հատկությունը՝ որ նոր ռոբոտներին հատկացնում են, մեքենան որպես մարդ մեկնաբանելու օրինակ է):

Մյուս կողմից, մարդկությունն ինքն իր սխալներն ուղղելու տենդենց ունի, միայն թե՝ դանդաղ: Եթե ուզում ես արագ լինել՝ պիտի աշխատես գոնե քո մեջ, քո կողմից, քո շրջապատում այդ սխալներն արագ ուղղել, որքան կարող ես: Թե չէ սխալները կրկնվելու, ամրապնդվելու, վերածնվելու հատկություն ունեն, որը դանդաղեցնում է մարդկության ընթացքը:

Մարդու ներքինի կարևորությունը՝ այդ արտաքին աշխարհը հասկանալու համար, կամաց-կամաց հենց գիտնականների կողմից էլ է շատ ընդգծվել, սկսած Էյնշտեյնից՝ որն ասել է, որ Դոստոևսկին իր համար ավելի կարևոր էր, քան Գաուսը, մինչև այսօրվա մասնիկային ֆիզիկան ուսումնասիրողները՝ որոնք գիտեն, որ մասնիկը որպես նյութական մարմին կհայտնվի միայն այնտեղ՝ որտեղ իրենք կնայեն, և հենց այդ պահին, որովհետև այլ տեղերում այն ներկա է որպես լղոզված ճառագայթում, ալիք լոկ, որպես նյութականացման հնարավորություն լոկ: Այսինքն մասնիկին նյութականացնում է կոնկրետ հետազոտողի հայացքը լոկ:

Բայց սրա հետ կապված՝ էլ ավելի կարևոր հասկացություն է կամաց-կամաց ձևավորվում աշխարհում: Այն սկիզբ է առնում շատ վաղուցվա մտածողների թեզերից. մարքսիզմից՝ որն ասաց որ խնդիրը ոչ թե աշխարհը բացատրելն է, այլ փոխելը: Դեռ մինչ այդ Գյոթեից՝ որն ասաց որ «բան» հասկացության բոլոր իմաստներից գերադասելի է «գործ» իմաստը: Բախտինից՝ որն ասաց որ ամենակարևորը մարդու արարքն է: Շչեդրովիցկուց՝ որն ասաց որ միտք առանց գործի գոյություն չունի: Եվ այլ, և այլն, և այլն: Դա գործունեական պարադիգմն է: Հետո դա դարձավ, ասենք, հետպոստմոդեռնական ու հետմարքսիզմյան մոտեցումների առանցք՝ ասենք, այն թեզը, որ աշխարհը մարդ կառուցում է սոցիալապես, ոչ թե այն իրեն տրված է որպես «դուրս»:

Այն ասում է. ասենք, կա թուփ և կա ծառ: Պատկերացնենք, որ մարդ չկա: Թուփն ու ծառը տարբերակվա՞ծ են արդյոք: Գուցե այո՝ աղվեսը, ծիտը, ճագարը, սկյուռը և այլք դրանք տարբեր ձևով են օգտագործում: Բնությունն է դրանք տարբեր ստեղծել: Բայց միայն մարդն էր՝ որ եկավ ու սկզբում հստակորեն բաժանեց դրանք՝ որպես տեսակներ՝ միմյանցից, իսկ հետո տեսավ, թե որքան միանման ու որքան տարբեր կարող են լինել դրանք իրականում, և, օրինակ, հայտնագործեց, որ ձմերուկը՝ չնայած թվում է պտուղ խնձորի կամ կարտոֆիլի պես՝ բայց իրականում հատապտուղ է՝ մոշի պես: Մինչ այդ ձմերուկը չգիտեր՝ որ ինքը հատապտուղ է: Հիմա՝ մարդու շնորհիվ՝ գիտի, բայց էլի կասկածում է. իսկ ինչու՞ ինքը նման չէ մոշի, ինչու՞ է այդքան մեծ:

Մարդու ստեղծագործական աշխատանքը, գործունեությունն է, որ փոխում, զարգացնում է աշխարհը, բնությունը, որպեսզի բնության ինքնաճանաչողությունն ու ինքնազարգացումը տեղի ունենան անխաթար կերպով: Մարդու ազատությունն է հուշում նրան՝ ինչպես վերաձևակերպել բնությունը՝ որ այն ճիշտ լինի, որ այն զարգանա ճիշտ ընթացքով, ավելի համապատասխան՝ իր ուրույն, իր մեջ ներկա զարգացման տենդենցներին:

Սա իհարկե այսքան պարզ ու հեշտ ընթացք չէ, մարդ կարող է սխալվել, կարծել թե բնության իմմանենտ խորհուրդը մի բան էր ասում՝ իսկ հետո պարզվի, որ այն այլ բան էր ասում. բայց ընդհանուր առմամբ սա է ընթացքը:

 

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31