Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ով է իրականում «Խաչիկը». Համընդհանուր խաչիկացում

Ապրիլ 18,2014 12:53

ПОНАЕХАЛИ…

 

Citatum:                                                          «Խարիսխդ ո՞ւր է, խարիսխդ» (Հր.Մաթևոսյան)

 

Օրերս կարդացի հայտնի լրագրող, մոսկովյան մի շարք պարբերականների հատուկ թղթակից Իոսիֆ Վերդյանի «Խաչիկը վզին» («Хачик на шее» И.Вердиян, 19.08.2002г., ) ռուսերեն հոդվածը: Ավելի քան տաս տարվա վաղեմության այս հոդվածում վեր են հանված այսօր էլ արդիական, ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ:

Հեղինակը շատ կարևոր հարց է բարձրացնում՝ հայերիս (նաև՝ այլ ազգերի, մասնավորապես կովկասցիների) հանդեպ ձևավորված և առկա վերաբերմունքը Ռուսաստանում առհասարակ, և վերջին տարիներին տեղ գտած այլատյացության ու անհանդուրժողականության ֆոնի վրա, հատկապես:

Հոդվածն իրոք, մտահոգող է՝ գրված մտավորականի ցավով և սրտի կսկիծով:

Ուշագրավ է սակայն նյութի կառուցման մեթոդաբանությունը: Հոլովելով ռուսերենի բոլոր հոլովներով «խաչիկ» եզրը, հեղինակը, կարծես, գեղարվեստականացնում է խնդիրը, ընթերցողին ներկայացնելով իր հիմնական գաղափարը:

Ամբողջ հոդվածում հետևողականորեն տարվում է ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, արդարանալու ու փաստարկելու թեզը, անխոնջ մղումը՝ որ… «լսե՜ք, ես խաչիկ չեմ, որովհետև….»: Բերվում են պատմական փաստեր, հայերի մասին ականավոր ռուս գործիչներից մեջբերումներ, «երբեմնի ընդհանուր հայրենիքի ու պատմության» վկայակոչում և այլն:

Հեղինակը, կարծես իրեն մեղավոր զգալով, ակամա ընդունում է, համակերպվում է հենց իր կողմից՝ իր վրա դրված պիտակի հետ, ապա՝ փորձում հերքել, թե դա այդպես չէ, կամ՝ արդարանալ:

Հոդվածում, սակայն, բաց է թողնված առանցքային տարրը. Ինչպիսի՞ն է, այնուհանդերձ ԱՆՁԻ ԻՆՔՆԱԸՆԿԱԼՈՒՄԸ: Վերջին հաշվով, անձի (էթնիկական խմբի, համայնքի, ազգի) ինքնաընկալումն ու ինքնանույնականացումն են պայմանավորում նրա հոգեվիճակը, նրա անձնային և ազգային ինքնաբավությունը, այլ՝ ոչ դրսից արված պրոեկտումներն ու պիտակավորումները: Խոսքս իհարկե, առողջ անձի (ազգի) մասին է:

Այո, եթե դու որպես էթնոսի կրող ինքնաբավ չես, եթե քո ազգային նկարագիրը բացակայում է քո մեջ, իսկ ինքնությունդ հաստատ չէ, ստիպված ես քեզ նայելու «ռուսի (թուրքի, ֆրանսիացու և այլն) պրիզմայով», ու «խաչիկացման» վտանգից անընդհատ արդարանալու ես: Եթե դու լոկ օբյեկտ ես, կրավորական, անդեմ ու անգոյ, ապա քեզ հեշտ է պիտակ կպցնել և դու անզոր ես լինելու դրանից ազատվել:

Ասել է, թե՝ If You are not Somebody, you cannot be Anybody!

mimino

Ամփոփելով, ասեմ.

«Խաչիկը» արտագնա աշխատանքի մեկնած մարդը չէ, ով կիսատ-պռատ ռուսերենով իր ընտանիքի օրվա հացի խնդիրն է լուծում, բայց՝ մշտապես իր ազգային նկարագրով ու կոլորիտով է:

Իրականում՝ «խաչիկը» ազգային նկարագիրը կորցրած, անհայրենիք, ինքնություն չունեցող, ինքն իրենից, իր ծագումից ամաչող, ասես՝ «բարձրաշխարհիկ» միջավայրում իր գյուղացի հոր ներկայությունից սրտնեղող, ռուսահպատակն է (այլահպատակը), ում համար «ազգայինի» սահմանները խիստ նեղ են թվում, ով ջանասիրաբար փորձում է գտնել իրեն Կայսրության ճեմասրահներում, բայց ի վերջո «հոգնում» ու հայտնվում հետնամուտքում՝ «խաչիկի» կարգավիճակով:

«Խաչիկը» սովետահայ քաղքենին է, որը երեկ Սառնակունքից ուրբանիզացվել է Երևան, իսկ այսօր իր հայ երեխային ռուսական դպրոց է տալիս՝ կանխելու ապագայում նրա հավանական «խաչիկացումը»:

«Խաչիկը» Միմինոն չէ, ում մերժեց Լարիսա Իվանովնան, և ով այդպես էլ իրեն չգտավ Մեծ ավիացիայում և վերադարձավ է իր գյուղը, իր ծնողի ու իր շան՝ Զարբազանի մոտ:

«Խաչիկը» ռուսի տնփեսա Պապիշվիլին է, ով դատարանում «չի կողմնորոշվում»՝ հպարտանա՞, թե՞ ամաչի որ վրացի է…

«Խաչիկը» Ֆռունզը չէ, ով իր պարզամտության պատճառով ուրիշի փոխարեն հայտնվել է հյուրանոցում: Նա այդտեղ հյուր է և ավելիին չի հավակնում: Նա իր տունն ունի, իր հայրենիքը, ուր շտապում է վերադառնալ, որտեղ «мама готовит долма», որն ամենահամեղն է, որտեղ «на кухне открываешь простой кран, вода течет, второе место занимает в мире…», և նա հպարտ է այդ ամենով:

«Խաչիկը» պրոֆեսոր Խաչիկյանն է, ով ամաչում է իր ազգակցի վարմունքի համար, ում կարծիքով «նրա նմանները խայտառակում են Ռեսպուբլիկան»:

«Խաչիկը» օտարն է յուրայինների մեջ և յուրայինը՝ օտարների: Ամեն քար իր տեղն է ծանր:

Էպիլոգ:                                                           Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի – ես դարձա ցեղակրոն:

Գ.Նժդեհ

 

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930