Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ թորած ջրի մասին

Հոկտեմբեր 18,2014 18:30

Այդպես եղել է:

Կյուրոս Մեծը, Մեծն Ալեքսանդրը եւ նրանցից առաջ Շումերի Ան-Ակ թագավորը, ով հպարտանում էր, թե ինքը սիրում է կարդալ միայն նախաջրհեղեղյան գրականություն, մեծարում էին գիրն ու գրի հեղինակներին պահում էին իրենց կողքին՝ որպես ճշմարտության բերան: Եվ այնուհետեւ նաեւ իշխան Սահակ Բագրատունին, ով փնտրեց ու գտավ Մովսես Խորենացուն եւ պատվիրեց Հայոց Պատմությունը, որը, թերեւս, այսօր միակ պատմությունն է ազգիս, քանզի Ոսկեդարի մնացյալ բոլոր Պատմությունները, ըստ էության, հայոց եկեղեցու պատմություններն են:

Հին, վաղնջական ժամանակներում բոլոր մեծերը հարգել եւ իրենց կողքին պահում էին երեւելիների, ովքեր կարող էին ստեղծել գրականություն, փիլիսոփայություն, պատմություն ոչ միայն իրենց՝ տիրակալների կյանքը փառաբանող, այլեւ ժամանակները ժամանակներին փոխանցող:

Եվ այդ ամեն ինչը կենդանի ջուրն էր…

Հետո, շատ ավելի ուշ, երբ Ոսկե Հորդայի ահեղ խան Ջանիբեկին այցելեց տափաստանի թափառական ասացող Ասսան Ղայկին, Ջանիբեկ խանը ընդհատեց բարձրագույն խորհուրդը եւ ընդունեց աշուղին…

Այդպես եղել է:

Հիմա այնքան էլ այդպես չէ: Թեեւ վերջին շրջանում բարեբեր նշանները երեւում են:
«Տրիումֆ» սրճարանում մի խումբ մտավորականներով նստած՝ խոսում էինք մեր օրերի անպտուղ ստեղծագործական միությունների մասին: Եվ տխուր էր, քանզի այդ միությունները այլեւս թորած ջուր են, ուր ոչ ձուկ է աճում եւ ոչ՝ ծաղիկ: Հրաշալի գրողներ էին, նկարիչներ, եւ բոլորը օտարված էին իրենց խեղճ, ուզվոր ու գետնաքարշ միություններից:

Ես՝ միության անդամս, լսում էի նրանց ու մտածում, որ կենդանի ջուրը կորցրել է իր հիշողությունը, եւ որ մենք չենք լցնում իրար բաժակներ ապրեցնող ջրով, այլ ուզում ենք խմել մի բաժակից, երբ այդ բաժակը վաղուց արդեն դատարկ է:

Մտածում էի նաեւ, որ երեք գրողի կամ երեք նկարչի մտերմությունն ինքնին մշակույթի փաստ է, ու մյուսների առաջին ցանկությունը լինում է քանդել այդ մտերմությունը, եւ երբ չեն կարողանում քանդել, հավաքվում են նրանց շուրջ: Եվ պարզվում է, որ ստեղծագործական միությունը այդ երեք մարդն են կամ տասներեքը, որ պահպանում են գույնի, խոսքի կենդանի ջուրը, որն Աստծո անբարբառ հիշողության մեջ է…
Այնինչ շարունակում է ծփալ թորած ջուրն այսօր, մեր կյանքի ու մեր անոգեղեն օրերի վրա, ծփում ու ծածկում է մեր խամրող, մարմրող հիշողությունը ՄԵԾԻ, ՄԵԾՈՒԹՅԱՆ մասին… Տալիս են՝ չեք ուզում, ուզում եք՝ չեն տալիս, եւ ափսոս, առայժմ այսպես շարունակ… Այնինչ, կարծես թե, Նարեկացու բերանով ասած՝ պարտավոր էինք բարեհարդար տերեւ լինել դալարագեղ թփի համար:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031