Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Դավոյան. «Ես պատրաստ եմ գնալ Բաքու, ասել ա՛յ գարշելի ընկերներ, էս ի՞նչ եք անում» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 20,2014 11:58

Այսօր՝ նոյեմբերի 20-ին «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նրանք անդրադարձան սահմանային վերջին դեպքերին եւ հայկական ուղղաթիռի խոցվելուն:

«Ադրբեջանը հատուկ մարտավարություն ունի, հենց հարաբերություների մեղմացման նշույլ է երեւում, իրավիճակը սրելու քայլեր է անում: Այդ քայլերն Ադրբեջանին ոչ մի օգուտ չեն բերում, միջազգային ասպարեզում վարկանիշն էլ ընկնում է, բայց դրանով մեր խնդիրները չեն լուծվում: Իրենց ամբողջ հույսը իրենց նավթադոլարների վրա է…Չնայած այս ամենին, սա չի նշանակում, թե նրանք իրավունք ունեին չեզոք գոտում հայկական ուղղաթիռը խփելու»,-ասում է Ռազմիկ Դավոյանը:

Նրա ձեւակերպմամբ, Ադրբեջանի հետ քաղաքակիրթ լեզվով խոսելը դարձել է աբստրակտ մի բան, իրենք մոռացել են Մինսկի խմբի, հրադադարի եւ այլնի մասին: «Միայն մեր արտաքին գերատեսչության հարցը չէ, մեր նախագահն ուղղաթիռով գնաց Արցախ, դա պատգամ էր Ալիեւին, որ մեր օդային տարածքը պաշտպանված է: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, նրանց քաղաքականությունը բորենու քաղաքականություն է… Պրովոկատորը սադրանք է արել, որպեսզի մենք էլ հարձակվենք»,-շարունակեց Դավոյանը:

Նա չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀ պարտված արտաքին քաղաքականության արդյունքն է, որ չենք կարողանում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը բերել: «Ես պատրաստ եմ դրոշն առած գնալ Բաքու, ասել ա՛յ ընկերներ, ա՛յ գարշելի ընկերներ, էս ի՞նչ եք անում, բայց Ալիեւի տերերը նախ պետք է նրան ասեն այ, հեյ, հոյ, էստեղ լեշ չի ընկած, մարդիկ են… Հիմա թե Ալիեւի տերերի շահագրգռությունն ինչքան է, ես չգիտեմ»,- բորբոքվեց արվեստագետը:

Հաղթանակ Շահումյանի ասելով, պետք է պատրաստ լինեինք Ադրբեջանի նման վերաբերմունքին: «Ես ուզում եմ նաեւ ցավակցությունս հայտնել ուղղաթիռի անձնակազմի անդամների ընտանիքներին: Միջազգային հանրությունն էլ մի տեսակ կղերական դիրքորոշում ունի, բոլորին մի գծի վրա են դնում ու խրատում, թե ինչպես պետք է պահեն իրենց: Յոթ-ութ օր է միջազգային կազմակերպություններին թույլ չեն տալիս մոտենալ ուղղաթիռին: Երեւի մերոնք գիտակցաբար ուժային մեթոդներով չեն գնում դիակները բերելու, եթե չեզոք տարածք է՝ Ադրբեջանը կարող է իր հսկողության տակ վերցնել, մենք էլ կարող ենք հսկել, հետախույզներով, բանով դիակները բերել: Մեր տեղեկությունները լրատվամիջոցներից է եւ ֆեյսբուքից, ավելիին չենք տիրապետում: Երեւի մերոնք գիտակցաբար թողնում են ուղղաթիռը, որ միջազգային կառույցները գնան տեսնեն, որ դա իրոք խոցված ուղղաթիռ է»,-ասում է գեղանկարիչը:

Արվեստագետները պատրաստ են տարբեր ազգերի ողջամիտ մտավորականերով հավաքվել ու համապատասխան հայտարարությամբ հանդես գալ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930