Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հարավկովկասյան նոր խաղաքարտը

Նոյեմբեր 29,2014 12:00

Ի՞նչ է ծրագրում այս Պուտինը

Դեռ նոր են կրքերը հանդարտվում ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի խոցումից հետո մեր տարածաշրջանի կայունության առնչությամբ, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ շահագրգիռ երկրների, կառույցների կողմից հայտարարությունները, երբ մի նոր իրադարձություն տեղի ունեցավ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան նոյեմբերի 24-ին Սոչիում ստորագրեցին դաշնության եւ ռազմավարական համագործակցության պայմանագիր: Այն գործելու է 10 տարի եւ հետագայում կարող է հինգ տարին մեկ երկարաձգվել։ Այդ պայմանագրով ՌԴ-ն կրկնապատկելու է աբխազներին հատկացվող տնտեսական օգնությունը։ Պուտինը խոստանում է նոր երկարաժամկետ ծրագրեր, ֆինանսավորում, վստահեցնում է, թե 2015-ի ընթացքում Աբխազիային կտրվի 5 միլիարդ ռուբլի: Պուտինի խոսքով` նոր պայմանագիրը վկայում է երկու երկրների միջպետական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Այն ենթադրում է պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում, ռուսական կողմը երաշխավորելու է Աբխազիայի սոցիալական մակարդակի աճին, առողջապահության, կրթության եւ գիտության բնագավառների ծառայողների աշխատավարձը աստիճանաբար կհասցվի ՌԴ չափանիշներին։

Այլ կերպ ասած՝ ստորագրվել է մի պայմանագիր, որով Աբխազիան դե ֆակտո դառնում է Ռուսաստանի մաս, իսկ սա նշանակում է` նոր լարվածություն Վրաստանի հետ հարաբերություններում: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ռուս-աբխազական պայմանագրի ստորագրումը գնահատեց որպես վրացական տարածքները ՌԴ-ի կողմից անեքսիայի ենթարկելու ակտ ու Վրաստանի պետականությանը սպառնացող վտանգ: ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն եւ արեւմտյան տարբեր երկրներ հայտարարեցին, որ չեն ճանաչում այդ պայմանագիրը, ու ՌԴ-ից պահանջում են հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ճանաչելուն ուղղված գործողություններից, քանի որ համարում են, որ այդ պայմանագիրը խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ուշագրավ է, որ Պուտինը նաեւ խոսեց տրանզիտային երկաթուղային միջանցքի հնարավորության մասին. «Գտնում ենք, որ հնարավոր է` բոլոր գործընկերների համաձայնության դեպքում, քննարկել եւ իրականացնել, օրինակ, այնպիսի ծրագիր, ինչպիսին է Սուխումի-Թբիլիսի` մինչեւ Հայաստան եւ մյուս կողմից` Ռուսաստան, տրանզիտային երկաթուղային միջանցքի բացումը»: Պուտինը հավելել է, որ նմանօրինակ ծրագրերը կնպաստեն տարածաշրջանի բոլոր շահագրգռված գործընկերների համագործակցությանը։ Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան էլ նշել է, թե մտադիր են զարգացնել երկաթուղային հաղորդակցությունը. «Կա ցանկություն եւ տարվում է համապատասխան աշխատանք, որպեսզի Աբխազիան դառնա տարանցիկ երկիր. ՌԴ-ից բեռները Վրաստանի միջոցով անցնեն Հայաստան եւ հակառակ ուղղությամբ»:

Այս հարցի արծարծումը կրքեր բորբոքեց Վրաստանում: Վրաստանի վարչապետի` ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսպես է մեկնաբանել աբխազական երկաթուղու բացման վերաբերյալ Պուտինի հայտարարությունը. «Մենք այդ հարցը կդիտարկենք այն դեպքում, եթե դա ծառայի աբխազական հակամարտության կարգավորմանը, եւ եթե այդ ամենն իրականացվի Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ, Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանք ցուցաբերելու դեպքում: Այդ դեպքում մենք կարող ենք լսել ռուսական կողմի նախաձեռնությունը, թե նա ինչպես է պատկերացնում երկաթուղու վերականգնումը»: Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հավելել է, որ անհնար է Մոսկվայի ու Սուխումի նախաձեռնությամբ Աբխազական երկաթուղու վերականգնումը, քանի որ ՌԴ-ի հետ նախագծերում Աբխազիան ներառելը երբեք չի բխի Վրաստանի շահերից: Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին էլ նշել էր, որ Վրաստանի տրանսպորտային ու տարանցիկ պոտենցիալի օգտագործումը երկրի բացառիկ ու ինքնիշխան իրավունքն է, ինչի համար էլ մեկ այլ երկիր իրավասու չէ իրագործել նման նախագծեր, ինչպիսին է աբխազական երկաթուղու վերաբացումը:

Այսպիսով, ի՞նչ է ծրագրում այս Պուտինը: Գուցե նա ընդամենը հող է նախապատրաստում, որպեսզի Աբխազիան եւ Հարավային Օսիան էլ ինտերգրվեն ԵՏՄ-ի՞ն: Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին տարիներ շարունակ հնչել են բազմաթիվ հայտարարություններ: Հայկական կողմը դեռ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Երեւան կատարած այցից հետո նշում էր, թե աբխազական երկաթուղու գործարկման համար ռեալ նախադրյալներ կան, Իվանիշվիլին էլ, կարծես, դրա գործարկման հնարավորություններ էր տեսնում: Բայց այս հարցը այդպես էլ լուծում չստացավ:

Թվում է, թե այսօր Պուտինը տրանզիտային երկաթուղային միջանցքի բացման թեմայի արծարծումը կրկին օրակարգային հարց դարձնելով` գայթակղիչ ծրագիր է առաջ քաշում: Բայց այստեղ հարց է ծագում, իսկ ինչու՞ մինչ այժմ ռուսական կողմը չի նպաստել այդ գաղափարի կյանքի կոչմանը, եւ ի՞նչ է փոխվել այսօր: Չէ՞ որ հայկական կողմից տարիներ շարունակ եղել են այս ուղղությամբ դրական ակնարկներ, ազդակներ աբխազական երկաթուղու գործարկման առնչությամբ, իսկ Վրաստանից էլ պնդել են, որ թե՛ Շեւարդնաձեի, թե՛ Սաակաշվիլիի օրոք այդ հարցի շուրջ բանակցություններ ընթացել են, աշխատանքային խմբեր են ձեւավորվել ու նախագծեր են կազմվել, եւ որ Վրաստանը սկզբունքորեն կողմ է եղել այդ գաղափարին` մշտապես նշելով, որ բանակցությունները կարող են ընթանալ Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ, աբխազական կողմն այդ բանակցությունների կողմ հանդիսանալ չի կարող:

Արդյոք կա՞ն նախադրյալներ, որ Պուտինը բանակցությունների սեղանի շուրջ կնստի վրացական կողմի հետ ու լրջորեն կքննարկի այս հարցը` այն էլ օրերս ռուս-աբխազական ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո, թե՞ դա ընդամենը հերթական «բարի» ցանկության ցուցադրություն է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930