Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ճակատագրի պատճառներից մեկը

Փետրվար 02,2015 11:21

Մարդկային առաքինությունների թագն ու պսակը հայրենասիրությունն է:

 Գ. Նժդեհ

Ազգային ճակատագրի մյուս պատճառը ազգակցական և կրոնական կապերի առաջնահերթության հարցի նշանակության անտեսումն է: Հայերը միշտ կրոնական կապերը գերադասել են ազգակցականին և տուժել այդ ճակատագրական սխալից: Այսպես, պարսիկները մեզ ազգակից են, բայց կրոնակից չեն, իսկ հռոմեացիները, հետո բյուզանդացիները, հետո էլ ռուսները կրոնակից էին, բայց ազգակից չէին, կամ ավելի հեռավոր ազգակիցներ էին, եթե հաշվի առնենք այն տեսությունը, թե բոլոր հնդեվրոպական ազգերը՝ արիացիները դուրս են եկել Հայաստանից: Նաև պարսիկները մեր անմիջական հարևաններն են, իսկ Հռոմը՝ ոչ: Ո՞ւմ պետք է մենք ավելի բարեկամական և հավատարիմ լինեինք, մեր ազգակիցներին և հարևանների՞ն, թե՞ օտարներին և հեռավորներին: Կրոնակա՞ն հատկանիշն է ավելի կարևոր, թե՞ ազգակցականը: Պատմության քառուղիներում իրադարձությունները ցույց տվեցին, որ որքան պարսիկներն ավելի հավատարիմ եղան մեզ, մեր եղբայրությանը, այնքան ավելի շատ մենք դավաճանեցինք նրանց:

Այնինչ սերնդից սերունդ, մանավանդ խորհրդային տարիներին, մեզ դաստիարակել են այն մտքով, թե պարսիկներն են մեր թշնամիները եղել: «Հայկական պատմագրության և գրականության մեջ հայ-իրանական հնադարյան հարաբերությունները միշտ ներկայացված են թշնամական դիրքերից» [1, էջ 2]: «Հայ-պարսկական հարաբերությունները որոշ չափով դեռևս տուժում են դարերի խորքից եկող հայ պատմագրության և գրականության մեջ արմատավորված այն հայտնի գաղափարախոսությունից, թե իբր Իրանը միշտ թշնամական հարաբերությունների մեջ է եղել հայ ժողովրդի հետ» [1, էջ 6]: Սակայն իրականում մենք ենք նրանց թշնամիները եղել, քանի որ չենք սատարել մեր միասնությանը, չենք պահպանել այն: Ավելին, մենք ոչ միայն նրանց թշնամիներն ենք եղել, այլև ինքներս մեր: Որովհետև եթե մեկն իր բարեկամին թշնամի է դարձնում, նա ինքն է իրեն թշնամություն անում:

Մեզ համար ճակատագրական պահին մեր եղբայրները եղբայրաբար ուզեցին օգնել մեզ ազատվելու մեզ համար թշնամական կրոնից, որը, ինչպես նրանք կարողացել էին կանխատեսել, մեծ կորուստների պատճառ էր դառնալու հետագայում, և դարձավ: Բայց հայ ազգը չկարողացավ տեսնել դա և խփեց օգնության համար իրեն մեկնված ձեռքին: Իսկ մի՞թե կարելի էր կրոնի պատճառով թշնամանալ եղբոր հետ: Չէ՞ որ կրոնները գալիս են և գնում, իսկ ազգությունը մնում է, այն միշտ մերն է, մենք՝ նրանը: Օրինակ, մեզ մոտ, ազգի ծննդից սկսած, մեր նախնյաց ազգային կրոնն էր, հետո փոխվեց, դարձավ Քրիստոնեությունը: Պարսիկների մոտ էլ սկզբից ազգային կրոնն էր, հետո զրադաշտականությունը, հետո մահմեդականությունը: Իսկ ինչ-որ ժամանակ հետո կարող է ուրիշ կրոն լինել: Հետո՞ ինչ: Կրոնները հենց նրա համար են, որպեսզի փոխվեն ժամանակ առ ժամանակ (իհարկե, ազգային շրջանակներում): Իսկ ազգությունը երբեք չի փոխվում: Այնպես որ, հանուն կրոնի չարժեր դավաճանել ազգակցին: Պետք է ամուր կառչեինք իրար և օգնեինք մեկմեկու: Բացի այդ, սկզբում մենք դավաճանեցինք մեր ընդհանուր կրոնին, ոչ թե նրանք, քանի որ զրադաշտականությունը մեր նախնիների կրոնից այնքան հեռու չէր, որքան Քրիստոնեությունն ու մահմեդականությունը:

Թույլ փաստարկ է այն, թե եթե Քրիստոնեություն չընդունեինք, ապա կձուլվեինք: Դա ինքնախաբեություն է, ինքնահուսադրում: Չէ՞ որ նախքան քրիստոնեության ընդունումը տասնյակ հազարավոր տարիներով պարսիկների հետ նույն կրոնն ենք ունեցել, բայց նաև մեր ինքնությունն ենք ունեցել, չենք ձուլվել: Որովհետև չձուլվելու համար ազգի պահպանման մասին է պետք մտածել, ոչ թե կրոնի: Օրինակ, արաբները մահմեդականացրին պարսիկներին, բայց դրանից պարսիկները չդադարեցին առանձին, ինքնուրույն ազգ լինել: Չէ՞ որ շատ օրինակներ կան նույն կրոնը ունեցող, նույնիսկ նույն լեզուն ունեցող տարբեր ազգերի: «Կրոնը ազգերի տարբերակման պայման չէ: Oրինակ, նույն կրոնն ունեն՝ քրիստոնյաներ են և նույն լեզվով՝ իսպաներեն են խոսում և՛ իսպանացիները, և՛ մեքսիկացիները, և՛ արգենտինացիները: Այս բոլորն էլ տարբեր ազգեր ու ժողովուրդներ են: Օրինակ՝ արաբների մեջ կան և՛ քրիստոնյաներ, և՛ մուսուլմաններ, գերմանացիների մեջ` և՛ կաթոլիկներ, և՛ բողոքականներ» [2, էջ 7]:

Դա թույլ փաստարկ է, քանի որ դա նույնն է եթե պնդենք, թե պարսիկները չընդունեցին Քրիստոնեություն, որպեսզի չձուլվեն հայերին: Մի՞թե կրոնը պիտի ձուլեր մեզ, մի՞թե մենք կձուլվեինք պարսիկներին, եթե պահպանեինք մեր նախնիների, պապերի ու հայրերի կրոնը, ազգային կրոնը, Ար Աստծո կամ Արայի կրոնը: Իհարկե ո´չ: Ընդհակառակը, մեզանից էին ցեղեր դուրս գալիս և վերածվում ազգերի: Մենք միշտ հայ էինք մնում: Մեր կրոնն այնքան ուժեղ էր, որ պահպանում էր հայի ինքնությունը տասնյակ հազարամյակների ընթացքում, ըստ Պ. Հերունու՝ 40-50 հազար տարի [3, էջ 138, 143, 148, 150, 160, 173, 175, 179], ուրիշ տվյալներով՝ 9 հազար տարի [3, էջ 142]: Մի՞թե վերջին երկու հազար տարին էլ չէինք դիմանա: Իհարկե, կդիմանայինք: Իրականում լրիվ հակառակը տեղի ունեցավ, ընդունելով Քրիստոնեությունը, մենք կորցրեցինք մեր ինքնությունը, դեմքը, հոգին ու ոգին: Իսկ մարմնին պահողը, կյանք տվողն էլ հոգին է: Կորցնելով ինքնությունը, հոգին, կորցրեցինք նաև ազգի մարմինը՝ մարդկանց մեծ մասը, նաև երկիրը: Այնպես որ, ինքնությունը պահպանելու պատճառաբանությամբ Քրիստոնեությունը ընդունելը արդարացում չէ, հակառակ արդյունքը ունեցանք, կորցրեցինք մեր ինքնությունը: Կրոնը թշնամացրեց մեզ: Մեր եկեղեցու պատճառով հայ ազգը դադարեց ի դեմս պարսիկների տեսնել մեր եղբայրներին:

Չնայած դրան, երբ մենք դավաճանեցինք մեր կրոնին, նրանք շտապեցին մեզ օգնության, իսկ երբ դարեր անց նրանք դավաճանեցին իրենց կրոնին և մահմեդականություն ընդունեցին, մենք չփորձեցինք օգնել նրանց: Եղբայրաբար չվարվեցինք: Չօգնեցինք, որովհետև ինքներս էինք դավաճանել մեր կրոնին, էլ ինչպե՞ս կարող էինք չդավաճանելու խրատ տալ մեր եղբայրներին: Երկուսս էլ տուժեցինք մեր դավաճանություններից. մենք էլ թուլացանք դավաճանելուց հետո, նրանք էլ թուլացան իրենց դավաճանությունից հետո, երբ մահմեդականություն ընդունեցին: Մենք ընդունեցինք հրեաների կրոնը, իսկ պարսիկները՝ արաբների: Բայց նրանք մեր չափ չտուժեցին, որովհետև մենք շուտ դավաճանեցինք, նրանք՝ ուշ: Նրանք ձգտում էին օգնել մեզ, իսկ մենք հեռավոր Հռոմին ու Բյուզանդիային, իսկ հետագայում էլ ավելի հեռավոր Ռուսաստանին էինք հրավիրում մեր հարևանին պատժելու և ստրկացնելու համար: Եվ թանկ վճարեցինք դրա համար: Որովհետև երկու ուժի հետ հարաբերություն պարզելն ավելի հեշտ է, քան երեքի: Միայն ավելի բարդացրինք և ծանրացրինք մեր վիճակը: Երկու ասպատակողի փոխարեն երեքն ունեցանք:

Պարսիկներն էլ թանկ վճարեցին իրենց պապենական կրոնին դավաճանելու համար, քանիցս կորցրեցին իրենց անկախությունը, նվաճվեցին ուրիշների կողմից: Սակայն նրանք չտուժեցին այնքան, որքան հայերը, լրիվ չկորցրեցին իրենց հայրենիքը: Դրանում կարելի է համոզվել նայելով քարտեզի վրա մեր երկու երկրների չափերին: Այնինչ մի ժամանակ դրանք համարյա հավասար են եղել չափերով: Հետո մեր երկրի մակերեսը սկսել է փոքրանալ, իսկ նրանցը մեծանալ: Նրանք չկորցրեցին իրենց հայրենիքը, որովհետև նրանք Քրիստոնեությունը չէին ընտրել: Իսկ եթե ինչ-որ մեկն առարկի, թե Քրիստոնեությունն ավելի առաջադեմ կրոն է, քան մահմեդականությունը, ապա երկընտրանք է առաջանում. ո՞րն է ավելի լավ՝ լինել առաջադեմ, բայց առանց հայրենիքի և ազգի մեծ մասի՞, թե՞ հետամնաց, բայց հայրենիքով և ամբողջական ազգով: Թող ամեն մեկն իր խղճի առջև որոշի այս հարցի պատասխանը:

Իսկ որքան ավելի հավատարիմ եղան հայերը քրիստոնեական Բյուզանդիային, այնքան ավելի շատ այն դավաճանեց հայերին: Նույնն էլ տեղի ունեցավ 19-րդ և 20-րդ դարերում, երբ հայերը հույսը դրեցին Եվրոպայի և Ռուսաստանի քրիստոնեական լինելու վրա, բայց հենց այդ երկուսն էլ դավաճանեցին հայերին և մղեցին մահմեդական Թուրքիային քրիստոնյա հայերի ցեղասպանությանը: Իսկ մեր հարևան և ազգակից պարսիկներին հայերը չդիմեցին, որովհետև նրանք մահմեդական էին: Կրոնական ստրկության ինչպիսի՜ վառ օրինակ: Կրոնը կյանքից ավելի թանկ դասելու կրոնական ստրկամտության չլսված, չտեսնված օրինակ: Մի՞թե արդարացում ունի ազգի համար կրոնը իր գոյությունից, կյանքից ավելի բարձր դասելու անմտությունը: Պատմությունն անընդհատ ցույց էր տալիս, սովորեցնում էր հայ ազգին, որ այդ կրոնի պատճառով իրենք տուժում են, բայց ազգն ավելի մեծ համառությամբ էր բնաջնջում իրեն հանուն կրոնի: Այն էլ ինչպիսի կրոնի, գոնե դա լիներ մեր ազգային կրոնը, այդ դեպքում արժեր տալ կյանքը հանուն հավատարմության մեր ազգի Աստծուն: Բայց արժե՞ր արդյոք ոչնչանալ հանուն օտարի աստծո: Չէ՞ որ մարդկային առաքինությունների թագն ու պսակը հայրենասիրությունն է, ոչ թե կրոնասիրությունը, եկեղեցասիրությունը կամ աստվածասիրությունը: Կյանքում ամենաբարձր, ամենաթանկ արժեքը հայրենիքն է, հանուն հայրենիքի արժեր տալ կյանքը, բայց ոչ հանուն օտարի աստծո: Մի՞թե կրոնը ի վիճակի է եղբայրացնելու ազգերին: Մի՞թե Բյուզանդիան ավելի լավն էր դառնում նրանից, որ քրիստոնեական կրոն ուներ: Իսկ մի՞թե Պարսկաստանն ավելի վատն է դառնում նրանից, որ զրադաշտական է լինում կամ մահմեդական: Չէ՞ որ պատմությունը բազմաթիվ անգամներ ցույց է տվել, հաստատել, ապացուցել լրիվ հակառակը՝ Բյուզանդիայի, Եվրոպայի, Ռուսաստանի անմարդկայնությունը և Պարսկաստանի մարդկայնությունը: Որովհետև արյան ուժն ավելի մեծ է, քան դավանանքի ուժը: Ազգակիցները կապված են արյունակցական կապով և ավելի հարազատ են իրար: Եթե բյուզանդացիներն անմարդկային էին ի սկզբանե և ստորությամբ լեցուն հայերի նկատմամբ, ապա կրոնը չէր փոխի նրանց, չէր լավացնի: Իսկ եթե պարսիկները լավ էին տրամադրված մեր նկատմամբ և մեզ համարում էին իրենց եղբայրներն ու լավ հարևանները, ապա ինչ կրոն էլ որ ունենային նրանք, այն չէր փոխի նրանց մարդկային հատկությունները դեպի վատը: Այնպես որ, կրոնը ոչ մի կապ չունի բարեկամության, եղբայրության, բարության, մարդկայնության, մարդասիրության հետ: Չար ազգը քրիստոնյա լինելով էլ է մնում չար, իսկ բարի ազգը այլադավան լինելով էլ է մնում բարի: Օրինակ, քրիստոնյա ազգերը հրահրեցին և իրականացրեցին ցեղասպանությունը, իսկ մահմեդական արաբներն ու պարսիկները հյուրընկալում և պատսպարում էին քրիստոնյա հայերին:

Հայաստանում քրիստոնեական կրոնի գործած ավերածությունների մասին շատ է խոսվել: «Հայաստանում մ.թ. 301 թ. Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց անմիջապես հետո տեղի է ունեցել մեծ աղետ, բոլոր նախաքրիստոնեական տաճարները (բացի Գառնու տաճարից, որը թագավորի ամառանոցն էր) և արձանները քանդվել էին ու ջարդվել, բոլոր գրքերը այրվել էին ու ոչնչացվել: Հայկական այբուբենը, որպես հեթանոսական, արգելված էր: …Այս ամենը սարսափելի կործանիչ հարված է եղել (և է) հայոց հին պատմությանը, գիտությանը, մշակույթին» [3, էջ 97]: Եվ արժե՞ր արդյոք հոգի տալ մի կրոնի համար, որը եկել էր կործանելու ազգին: Կործանելու եթե ոչ միանգամից, ապա աստիճանաբար տանելու դեպի կործանում: Այնինչ, կարծես ճակատագրի հեգնանքով, մինչև հիմա էլ Հայաստանում շարունակվում են եկեղեցիներ կառուցվել:

Նույն հետևությանն է հանգել նաև մեծ հայրենասեր ու մտավորական Րաֆֆին, որն իր վեպերն ու այլ գրական ստեղծագործությունները գրելու ընթացքում շատ է հետազոտել հայրենիքի ճակատագիրը պայմանավորող պատճառները: «Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը, թագը, վերցրեց խաչը և մտավ Մանիա այրը ճգնելու…» [4, էջ 1]:

Դարերի ընթացքում քրիստոնեական կրոնն արեց իր սև գործը: Նրա ընդունումից հետո մի քանի դարերի ընթացքում հայի հոգում դեռևս պահպանվում էր հայրենիքի համար կյանքը տալու պատրաստակամության նախաքրիստոնեական դաստիարակության թափի ուժը (իներցիան): Բայց այն աստիճանաբար պակասեց դարերի ընթացքում, որովհետև արդեն դաստիարակվում էր կրոնի, օտար աստծո համար կյանքը տալու պատրաստակամությունը: Հայրենիքի սրբության գաղափարը մղվել էր ետին հարթություն: «Պրոֆեսոր Գ. Խրլոպյանը գտնում է, որ քաջության և հերոսության գաղափարները, փոխարինվելով մարտիրոսության հասկացությամբ, դրանով իսկ զրկվում են հայրենասիրության տարրից» [5, էջ 23]: Թեև մեր ազգությունը մնաց նույնը, բայց մարդկային որակները փոխվեցին: Ցավո՜ք, դեպի վատը:

Այլ մտավորականներ էլ կան, որոնք Քրիստոնեությունը համարում են «…խոստումների և վախի կրոնը» [6, էջ 1]։ «Մինչև Քրիստոնեությունը յուրաքանչյուր տղամարդ եղել է զինվոր։ Միայն այս եզրույթով կարելի է հիմնավորել այն փաստը, որ հայոց աշխարհը անմատչելի էր…» [7, էջ 1]:

Որովհետև հայրենասեր հայի կյանքի ու պայքարի սկզբունքները ձևավորվել էին հազարամյակներով և իրենց արդարացրել հզոր երկրի առկայությամբ: «Հայկազուն սերունդներին ավանդվում էր ազգի նահապետից և թագավորից մինչև շինականը պատրաստ լինել հայրենիքի համար զոհվելուն, և յուրաքանչյուրն իր տեղում հավասարապես պատասխանատու էր հայրենիքի ազատագրման գործի համար» [8, էջ 8]: Որովհետև «Հայաստանը սուրբ ծեսերի և օրենքների երկիրն» [8, էջ 37] էր աշխարհում, ուներ աշխարհի ամենալավ կրոնը, ազգը և երկիրը, որի «տարածքը մեկ միլիոն քառակուսի կիլոմետրի» [8, էջ 19] էր հասնում:

Մենք և պարսիկները ինչ-որ ժամանակ նույն ազգը կամ ցեղն ենք եղել: Հնադարի ժամանակներում պարսիկների և հայերի նախահայրերը «ոչ միայն հպարտ ու անկախ ազգ էին ներկայացնում, այլև կապված էին միասնական կրոնով, միասնական պետությամբ և միասնական քաղաքակրթությամբ» [9, էջ 8]:

Այս պնդման հետ համահունչ է Հայաստանի պատմությունը ուսումնասիրողներից Մովսես Նաճարյանի հետևությունը, որտեղ նշվում է նաև հայ ազգի ճակատագրի պատճառներից մեկը, որն, ի դեպ, լավագույնս է արտահայտում սույն հոդվածի վերնագրի գլխավոր միտքը, այն է՝ հայ ազգի ճակատագրի հիմնական պատճառներից մեկը հայերի և պարսիկների անմիաբանությունն էր: Պարսիկները եղել են այն ընտրյալները, որոնք Աստվածորդիների մայր օջախից մի օր բաժանվել են ու հեռացել Հայաստան դրախտավայրից, ստեղծելով մի նոր օջախ հարավ-արևելքում: Ահա և Մայր Հայաստանի թուլացման պատճառներից մեկը, հատկապես, երբ նկատի ունենանք, որ այդ ընտրյալները Սասանյանների ժամանակ նույնիսկ փորձել են բռնությամբ իրենց ենթարկել հայրական տունը [10, էջ 80]:

Մեծ ջրհեղեղից առաջ հայերը տարածվել են աշխարհի չորս կողմերը: «Ամենուրեք հայերը տեղի բնակիչներին սովորեցրել են իրենց մշակույթը, գիտելիքները, հայոց լեզուն (այսինքն հնդեվրոպականը), քարոզել են բարություն և Արևի կրոնը, արգելել են մարդկային զոհաբերությունները աստվածներին: Հայերը կարևոր դեր են խաղացել նաև բոլոր այդ երկրների պատմության, մշակույթի, գիտության մեջ» [3, էջ 215]: Հայ ազգի՝ արիացիների կրոնը հազարամյակներով աշխարհի ամենաառաջադեմ կրոնն է եղել, կրթել, քաղաքակրթել, մշակութականացրել, զարգացրել և առաջընթացի ուղու վրա է դրել տարածաշրջանի բնակիչներին, ազգերին ու ցեղերին: Ներկայումս այն պահպանվել է «Ուխտագիրք արորդյաց» գրքում:

«Սկսած աքեմենյան կայսրեր Կյուրոս Մեծի և Դարեհ Առաջինի ժամանակներից, Արշակունիներից մինչև Սասանյան տիրապետության հիմնադրումը բացարձակապես իրանցիների և հայերի միջև ոչ միայն չեն եղել բախումներ, հակասություններ, պատերազմներ, այլև այդ երկու ժողովուրդների միջև միշտ իշխել են բարիդրացիական փոխադարձ կապերն ու առնչությունները» [1, էջ 6]:

«Պարսից թագավոր Կյուրոս Մեծը դաշնակցելով Հայաստանի Երվանդունի արքայատոհմից Երվանդ Սակավակյացի որդի Տիգրանի հետ, որը եղել է Կյուրոսի մտերիմը, գրավել է Մարաստանի մայրաքաղաք Եկբատանը, արքունի գանձերը և, դաշնակից հայերի հետ՝ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Արիական կամ Արյաց համադաշնությանը, որը արդի գիտության մեջ դեռ շարունակում են անվանել Աքեմենյան պետություն: Իրենք՝ պարսիկներն իրենց տերությանը անվանում էին Արյաց Տերություն կամ Արյաց Աշխարհ, Արիների Երկիր: Հենց Արիյանամ բառից էլ ծագում է Արիանա-Իրան երկրի անունը» [11, էջ 1]:

Ի դեպ, Պարսկաստան բառի մեջ էլ կա արևի Աստծո, Ար Աստծո անունը, ինչպես և Արմենիա և հայկական շատ այլ անունների ու բառերի մեջ: «Իրանը Մեծ Հայքի արևելյան սահմանակիցն է: Իրանի հայկական անունը եղել է Արան, այսինքն Արևի երկիր» [3, էջ 215]: Ի դեպ, այդպիսի բառերից են նաև Պարթևստանը, Մարաստանը, որոնք նույնպես իրանական՝ արիական երկրների անուններ են, որտեղ նույնպես հայերի ցեղակից, եղբայրական ազգեր են ապրել: Իրանյան ազգերն էին մարերը, պարսիկները, պարթևները, սկյութները, լեզվով իրար շատ մոտ: Դրանք տարբեր ժամանակներում գերիշխել են իրենց երկրում, և երկիրը կոչվել է Մարաստան, Պարսկաստան, Պարթևստան: Ըստ պատմաբան Ռաֆայել Իշխանյանի՝ Հայաստանը միշտ ուժեղ ու անվտանգ է եղել, երբ եղբայրություն է արել մշակույթով իրեն շատ նման հարևանի հետ: «Արտաշես 2-րդի տիրապետությունը դարձյալ ցույց տվեց, որ երբ Հայքը լավ հարաբերություններ էր պահպանում իր մշտական զորեղ հարևանի հետ, հաջողության էր հասնում: Այս անգամ այդ հարևանը պարթևներն էին» [12, էջ 141]: Մեկ այլ տեղում նա գրում է. «Փորձը ցույց տվեց, որ երբ Հայաստանը կարողանում էր դաշնակցել և բարեկամ մնալ պարթևների հետ, ավելի հաջողակ էր լինում» [12, էջ 139]: «Հայերն ու պարթևները իրենց սովորություններով, կենցաղով շատ մոտ էին, հայ և պարթև շատ իշխանական տներ կապված էին իրար հետ խառն ամուսնություններով» [12, էջ 146]: Իսկ Արշակունիների արքայատան հիմնադիր Արշակը սկյութ էր, «Պարթևստանի սկյութական պարն ցեղի առաջնորդն» էր {12, էջ 144}:

«Մեծ Հայքը գրեթե բոլոր ժամանակներում սերտ հարաբերությունների մեջ է գտնվել Իրանի հետ: Մինչ այժմ էլ Իրանում բնակվում են շատ հայեր, քանի որ հայերն ու իրանցիները բարեկամ (արիացի) ժողովուրդներ են: Որոշ ժամանակ երկու երկրների թագավորները անգամ եղել են միևնույն արքայատոհմից՝ Արշակունի» [3, էջ 215]:

Նոր կրոնների հայտնվելու ժամանակաշրջանում «ցավոք, հայկական վերնախավը ընդունակ չեղավ ձևավորել մի նոր ազգային նախագիծ, և հայությանը պարտադրվեց քրիստոնեական նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ մարդու ազատության երազանքն իրականացնելու համար այլևս անհրաժեշտ չէր աշխարհիկ իշխանությունը, ավելին՝ Քրիստոսի հավիտենական թագավորությունը հաստատելու համար, հարկավոր էր ամեն կերպ պայքարել հանուն երկրի վրա աշխարհիկ իշխանության վերացման: …Հայկական պետության վերացումով իրականացան թշնամիների դարավոր ձգտումները և հայ ժողովրդի քրիստոնեական հարյուրամյա նախագիծը» [2, էջ 7]:

«Քրիստոնեական գաղափարները հայության մեջ վերափոխեցին ազգ և ազգային արժանապատվություն հասկացությունները՝ ձևավորելով քրիստոնյա ժողովուրդ և քրիստոնեական արժանապատվություն: Սրա արդյունքն էր, որ հայությունը բացարձակ անտարբերություն էր դրսևորում այն ամենի նկատմամբ, ինչը ոտնահարում էր ազգային արժանապատվությունը և շատ կտրուկ ըմբոստանում էր, երբ ոտնահարվում էր նրա քրիստոնեական արժանապատվությունը: Սա ցույց է տալիս, որ ազգը, որպես հավաքական օրգանիզմ, այլևս չկար» [2, էջ 8]:

Հայ ազգի իմաստուններից մեկը՝ հանճարեղ իմաստասեր Հայկ Ասատրյանը նույնպես ափսոսանքով է խոսում օտար աստծո գործած ավերածությունների մասին, ակամա հարցականի տակ դնելով նրա գոյության փաստը կամ ակնարկելով նրա չգոյության փաստը: «Անին հոյակապ տաճարների, պալատների, գեղակառույց պարիսպների նշանավոր այն քաղաքն է, որի ավերակների առաջ կանգնած ամեն հայ թե քրիստոնյա մարդ չի կարող բողոքի ձայն չբարձրացնել դեպի երկինք. «Աստված ի´մ, ինչո՞ւ թողեցիր քեզ պաշտող ազգը» [13, էջ 190]: Պատասխանը կարող է լինել հետևյալներից մեկը. կա´մ այդ աստվածը չկա, կա´մ կա, բայց նրա համար իրեն պաշտող ազգը ոչ մի արժեք չունի, կա´մ նա մեր ազգի թշնամին է: Պատասխանի ամենահավանական տարբերակը առաջինն է:

Հայաստանի պատմության, հայ ազգի դժբախտության խոր վերլուծությունից հետո Հ. Ասատրյանը հանգում է հետևության, որ «իբրև աշխարհաքաղաքացիական ուսմունք, սակայն, քրիստոնեությունը չէր համապատասխանում հայի քաղաքական երազանքներին և խորթ էր հայ ժողովրդի անջատական հոգեբանությանը: Այս հակասության հետևանքով Քրիստոնեությունը, հենց սկզբից, Հայաստանի պատմությունը դրեց առեղծվածային մի շրջանակում և ծնունդ տվեց զանազան երանգներով և փոփոխակներով արտահայտվող կամ կերպավորվող, բայց ամբողջ անցյալում մեր կյանքի ընթացքը դրոշմող ողբերգությունների մի շղթայակցության: Ինչ Քրիստոնեությունը սաղմնավորվեց Հայաստանում` մինչև այսօր էլ, անհաղթահարելի անեծքի պես ճմլում է մեր սիրտը» [13, էջ 69]:

Հայտնի է, որ Հ. Ասատրյանն ու Գ. Նժդեհը գաղափարակիցներ էին: Ուստի նրանց՝ մեծ հայերի կարծիքով «մե´նք եղանք քրիստոնեության համար ամենից շատ արյուն թափողը, բայց գործնականապես նրանից ամենաքիչը օգտվողը» [13, էջ 96]: «Ամենաքիչը օգտվողը» նշանակում է, որ Քրիստոնեությունը մեր կրոնից ավելի լավը չէր, այլապես կօգտվեինք նրանից: Իսկ եթե հաշվի առնենք, որ այն շատ մեծ վնասներ տվեց մեզ, նշանակում է Քրիստոնեությունը մեր կրոնից ավելի վատն էր: Մի՞թե սա ամենամեծ ու ամենահամոզիչ ապացույցներից մեկը չէ հայ ազգի կողմից սխալ կրոնի ընտրության: Վերլուծությունները երբեք ինքնանպատակ չեն լինում: Կյանքը անընդհատ շարժում է, երբեք ուշ չէ անցյալից հետևություններ անելը և սխալներն ուղղելը: Հասկացողը կհասկանա:

Հայաստանի անկախացումից հետո Իրանը անմիջապես բարիդրացիական հարաբերությունների մեջ մտավ Հայաստանի հետ: Ըստ որում, բարեկամության ձգտումը փոխադարձ է: Կողմերը կարծես ցանկանում են սրբագրել անցյալը, ուղղել սխալները, վերականգնել ազգակցական կապերի նշանակության արժևորումը, եղբայրության բարձր կարգավիճակը: Ուրախալի է և գովելի, որ Հայաստանի անկախացումից հետո բավականին ընդարձակվել են Իրանի հետ տնտեսական, քաղաքական կապերը, ստեղծվել ու հաստատվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ:

 

Գրականություն

1. ՌաթևոսյանՆ. Զ. Զրադաշտականության քննական վերլուծությունը: Փիլ. գիտ. թեկ. գիտ. աստ. հայց. ատեն. սեղմ.-Եր., 1997, 25 էջ:

2. Հարությունյան Շ. Իմ ազգային իդեալը.–Եր.: Սեպտեմբերի 21, 2005.–https://septemberi21.blogspot. de/2008/12/blog-post_21.html.–22.06.2012, 24 էջ:

3. Պարիս Մ. Հերունի Հայերը և հնագույն Հայաստանը.-Եր.: Անահիտ, Տիգրան Մեծ, 2006, 320 էջ:

4. Րաֆֆի – Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը.- Հայ գենի հաղթանակ, 11.11.2013. https://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/11/blog-post_11.html .- 20.04.2014, 1 էջ:

5. Հարությունյան Ս. Հայոց գաղափարաբանության հենասյուները.-Armenian Church Library https://hygradaran. weebly.com.-15.12.13, 47 էջ:

6. Մուխսիկարոյան Ա. Կրոնը և հայը.-https://muxsikaroyan.blogspot.com/p/blog-page_17.html .- 14.01.14.- 2 էջ:

7. Մուխսիկարոյան Ա. Չհերքված փաստեր, որոնք կօգնեն լինել հզոր.-https://muxsikaroyan.blogspot. com/p/blog-page_26.html .- 14.01.14.- 2 էջ:

8. Մեր հաղթանակները.-Հ.1.-Եր.: Նորավանք, 2008, 260 էջ:

9. Սմերդիս Իլլարիոն Նամակ Սուրբ Հովհաննես վանքից /Իլլարիոն Սմերդիս; Թարգմ.` Գ. Ա. Խաչատրյան. – Եր., 2010. – 32 էջ:

10. Նաճարյան Մովսես Լեզվաբանությո՞ւն, թե իմաստասիրություն.-Հալեպ, 2006, 277 էջ:

11. Աքեմենյան պետություն.-Վիքիպեդիա, Ազատ հանրագիտարան.-https://hy.wikipedia.org/wiki/ Աքեմենյան_պետություն .-31.03.2014, 1 էջ:

12. Իշխանյան Ռ. Ա. Պատկերազարդ պատմություն հայոց: Գիրք Ա: Զրույցներ: (Դպր. միջին տարիքի համար).- Եր.: Արևիկ, 1990.- 162 էջ:

13. Ասատրյան Հ. Հատընտիր.–Եր., Ամարաս, 2004 թ. 412 էջ:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Հայ-իրանական եղբայրության ամրապնդումը ողջունելի,կարեվոր գաղափար է;Սակայն չի կարելի դրան գնալ քո 2հազար տարվա գաղափարը ուրանալով,քո ազգային դարձաց եկեղեցին ու նրա դերն ուրանալով…Ով էր մեր մշակույթին ու առհասարակ հոգեվոր կյանքին տեր կանգնելու,այն խթանելու,եթե երես թեքեինք Հայ առաքելական եկեղեցուց,դա արկածաղնդրություն է,կործանարար ճանապարհ;Մեր եկեղեցին, ու նաեվ Մխիթարյաններն ու ավետարանչականները/Ռնե Լեվոնյան/ մեր ազգային ինքնության հենասսյուներն են, առանց Հայ Առաքելական եկեղեցու մենք շատ արագ կտարալուծվենք;Դուք դրան եք՞ ձգտում…Խազարները երեք անգամ փոխեցին ազգային կրոնը եվ ի վերջո հեռացան պատմուրյան բեմից;Կամ նույն մեր ցեղակից պարսիկների հետ կապված.ինչ է՞հնարավոր համարում եք,որ զրադաշտականությունից հրաժարվեն,կարծում եմ,որ բացառված է.Կրոնը հայ-պարսկական հարաբերություններում միմիայն շինիչ դեր պիտի խաղա եվ ոչ տարափեղկող;Հայ Առաքելական եկեղեցին իր իմաստնությամբ դա անում է;Ինչ վերաբերում է թշնամությանը նախ եղածը չպետք է ուռճացնել եվ հետո այն մենք չենք սկսել ,այլ Սասանյանները,դրա համար էլ 1976 թ-ն Իրանի արտգործնախարար Ամիր Աբաս Հովեյդան,որպես քաղաքակիրթ ազգի ներկայացուցիչ ներողություն խնդրեց հայ ժողովրդից Երեվանում:

  2. Ռուբեն says:

    Հ.Գ.Քար մի նետեք Էջմիածնի ուղղությամբ,դուք հինքն եք ավերում:Եվ հետո. մենք ոչ մեկ ազգի թշնամի չենք,եվ չեմ հավատում,թե որեվէ մեկ այլ էթնոս խնկարկում է մեր տեսակի առաջ;Պատմությունը չի կարելի լաց ու կոծ սարքել,սեվացնել,այլ պիտի հենվել նրա վեհություն ու հզորություն հաղորդող ազդակների վրա;Այդպիսի ազդակներ մեր եկեղեցու պատմությունը շատ ունի;Վանաձորցի;

  3. Արա Հովհաննեսյան says:

    Հարգելի Գեղամ Խաչատրյան,
    Հրաշալի և գերազանց վերլուծություն, Իրականում քրիստոնեությունը Արի Հայերին վերածեց ոչխարի հոտի, որոնք ցեղասպանության ժամանակ իրենց հովվի՝ տերտերի ու մի քանի թուրք զինվորի ուղեկցությամբ գնում էին Տեր-Զորի անապատ կոտորվելու, գնում էին առանց դիմադրության, որովհետև նրանց հովիվ տերտերը ասել էր, որ գնում են իրենց տիրոջ քրիստոսի գիրկը, էլ ինչ եք ուզում: Միթե՞ Արիացի կամ Հեթանոս Հայը թույլ կտար, որ հենց իր երկրում իրեն գենոցիդի ենթարկեն:

  4. Ռուբեն says:

    Հարգելի Արա Հովհաննիսյան, կարծում են,որ ձեր դատողությունները կտրված են պատմական ենթատեքստից;Հավանաբար տեղյակ չեք,որ հայերը շուրջ 500 տարի պետություն չունեին եվ ,այդուհանդերձ զարմանալի դիմադրություն են ցույց տվել;Ֆրանց Վերֆելը,Գեմբարսկին,Լեփսիուսը…շատ -այլ օտարազգիներ գիտեին ու գիտեն այդ մասին…իսկ դուք՞՞՞…Եվ գուցե մի օր կհասկանաք,թե ինչ էր նշանակում դիմադրել Օսմանյան գերտերությանը,որն իր ճանապարհին քարտեզից սրբել էր պարսկական,արապական ու բյուզանդական կայսրությունները,միոր կհասկանաք թե ինչ է նշանակում հայկական ֆենոմենը 900 տարի մարտնչել այդ խորշակի դ եմ եվ ի վերջո վերականգնել պետականությունն ու հող հետ բերել…Իմ նախնիները համենայն դեպս ոչխար չեն եղել;

  5. Գեղամ says:

    Շնորհակալություն բոլոր ընթերցողներին, հավանողներին և մեկնաբանողներին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728