Լրահոս
Օրվա լրահոսը

Սկիզբը եւ վերջը. միստիկա

Փետրվար 28,2015 16:00

«Իմ սկզբում է իմ վերջը»:

Թոմաս Էլիոտ

Հայտնի մի մտայնություն կա՝ որտեղ սկիզբն է, այնտեղ էլ վերջն է: Ամեն ինչ վերջանում է այնտեղ, որտեղ սկսվել է: Այս մտայնությունը բնորոշ է հատկապես վաղնջական, առասպելաբանական մտածողությանը: Իրոք, երեւի չկա մի առասպելաբանական, կրոնական կամ միստիկական համակարգ, որտեղ երեւույթի սկիզբն ու վերջը չհամընկնեն: Ըստ հայկական վաղնջական պատկերացումների, աշխարհը ողողող ջրերում լողում է մի հսկայական օձ-վիշապ, այնքան երկար, որ հասնում է իր իսկ պոչին: Նա ջանում է կուլ տալ իր պոչը, եւ երբ դա հաջողվեց, աշխարհը կկրործանվի: Ամեն մի մահ սկսվում է կյանքից եւ ամեն մի կյանք սկսվում մահից: Երկիրն ամեն ձմռան մեռնում է եւ ամեն գարուն նորից վերածնվում, պտղաբերում ու նորից մեռնում: «Մեռնող եւ հառնող» աստվածները ծնվում են բնության զարթոնքի հետ ու զոհվում ձմռանը, որպեսզի նորից վերածնվեն հաջորդ գարուն: Նրանց կերպարով է մոդելավորվում աշխարհը: Եվ աշխարհն ինքը, բազում կրոնական ու առասպելաբանական համակարգերում, պարբերաբար կործանվում է, ապա նորից վերստեղծվում:

Ընդհանրապես, աշխարհի առասպելաբանական սկիզբը, այլ կերպ ասած՝ արարումը տեղի է ունենում մի սկզբնական «սրբազան» կետում: Այդտեղ է ստեղծվում տիեզերքը եւ նրա բնակիչը՝ առաջին մարդը: Եվ եթե, ըստ քո կրոնի, մարդկությունը ստեղծվել եւ բնակեցվել է քո երկրում, ապա որտե՞ղ, ասացեք խնդրեմ, այն պիտի վերջանա: Նույնը եւ ողջ տիեզերքը, քանի որ մարդով է տիեզերքն իմաստավորվում ու նրանով է այն կանգուն:

* * *

Ուրեմն, աշխարհի վերջը, ըստ առասպելաբանական, կրոնական եւ միստիկական տրամաբանությունների, կապված է աշխարհի սկզբի, եւ այսպիսով՝ Հայաստանի հետ: Հայի բախտ:

Հայաստանն օտարների կողմից կոչվում է Արմենիա եւ նման ձեւերով: Հայ իրականության մեջ էլ Ար(ա)մ- տարրով անունները՝ Արամ, Արամանյակ, Արամայիս, Արմավիր, կապված են ազգածնության առասպելի հետ եւ խորհրդանշում են մեր երկրի եւ ժողովրդի արմեն ցեղանունը: Դրանք հին անուններ են: Իսկ ավելի նոր ժամանակներում արմ- տարրը հանդես է գալիս հապավումների մեջ՝ Արմավիա, Արմպրոմցվետմետ, Արմգիպրոզեմ, Արմակադ եւ այլն, եւ այլն: Սա հայտնի է բոլորին:

Ըստ քրիստոնեական կրոնի, չարի եւ բարու միջեւ աշխարհի վերջին ճակատամարտի վայրը, որը եւ խորհրդանշում է աշխարհի վերջը, կոչվում է Արմագեդոն: Շատ խելք պետք չի հասկանալու համար, թե ինչ է նշանակում այս բառի առաջին արմ-ը: Արմավիր, Արմավիա, Արմակադ, Արմֆան… Որքան ուզեք կարելի է շարունակել: Եվ բոլորը կապված Հայաստանի հետ, բոլորը Արմենիա անվան առաջին տարրով կազմված բառեր: Եվ ի՞նչ, դրանց մեջ միայն մե՞կը պիտի մի ինչ-որ ուրիշ բան նշանակի: Ոչ, բարեկամներ, այդպես չի լինում: Մարդկային, առասպելաբանական, կրոնական, միստիկական եւ մնացած բոլոր այլ տրամաբանություններով, աշխարհի վերջը կապված է Հայաստանի հետ: Եվ Արմագեդոնն էլ, ակնհայտորեն, այդ հավատի դրսեւորումներից մեկն է: Եվ ինչպե՞ս կարող է վերջ լինել առանց հայի մատը խառնվելու:

Իսկ ի՞նչ է նշանակում այդ բառը: Վերեւում բերված համարյա բոլոր հապավումները ռուսերեն են՝ Արմպրոմցվետմետ՝ «Հայաստանի գունավոր մետալուրգիայի արդյունաբերություն», Արմֆան՝ «Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ» եւ այլն: Ուրեմն տեսնենք, թե ինչ է նշանակում այդ գեդոնը ռուսերենում: Ահավասիկ՝ ռուսերեն գեդոնիզմն անվանումն է այն էթիկական ուսմունքի, որի համաձայն հաճույքը կյանքի բարձրագույն բարիքն է եւ կյանքի նպատակը (ռուսերենում «հ» հնչյունը չկա, այդ պատճառով հին հունարեն հեդոնե՝ «հաճույք» բառից ծագող այս տերմինը ներկայացվում է որպես գեդոն): Այսպիսով, Արմագեդոնը Հայաստանի հեդոնական կազմակերպության կամ հաճույքի փիլիսոփայության ընկերության ռուսական անվան հապավումն է: Այդ կազմակերպությունը դեռ չի ստեղծվել, կամ գաղտնի է դեռ, ինչպես վայել է «դավադրության տեսության» այդպիսի կարեւոր սուբյեկտին:

Ուրեմն, աշխարհի վերջն առնչվում է հայերի՝ հաճույքին տրվելու հետ: Հենց տրվեցինք, վերջ, այդտեղ կսկսվի աշխարհի վերջի ճակատամարտը: Զարմանալի բան է, թե ինչպես աշխարհում ամեն ինչ կապված է մեզ ու մեր ճակատագրին: Մի պահ մոռացար, հաճույքին տրվեցիր՝ կգա աշխարհի վերջը: Ահա թե ինչու հայերը չեն սիրում ոչ ոքի: Սերը հաճույքի թագուհին է, նրա գագաթնակետը: Եվ միեւնույն ժամանակ՝ աշխարհի վերջը, եթե հանկարծ հայն իրեն թույլ տա սիրել:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Ապե հայ ես? կայֆ ա չե”: Փաստորեն հայերն ի սկզբանե “հեդոնեի”/գեդոնի մեջ են, որովհետև եդպես են ծնվել: ու քո ասածով եդ վերջն ա:
    արմա-գեդոն, հայի-կայֆ, հայն իր մեջ պարունակում ա սկիզբն ու վերջը: չէ աշխարհի վերջը Հայաստանից չի լինի: Հայաստանում էդ օղակը հայերը վաղուց փակել են, իրանց մեջ փակելով սկիզբն ու վերջը: Փասստորեն ինչ կլինի եթե հայերին վերացնեն, բացեն կողպեքը, որ պահում ա իր մեջ սկիզբն ու վերջը: Միստիկա …

    Բան չեմ ասում, ուղղակի տրմաբանությունդ եմ շարունակում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728