Հակաահաբեկչական խուզարկություններ Գյումրիում. այստեղ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել

Հակաահաբեկչական խուզարկություններ Գյումրիում. այստեղ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել

Այսօր Գյումրիում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում խստացված հսկողություն է իրականացվում, նույնիսկ, ըստ ականատեսների, հարակից գյուղերից դեպի Գյումրի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենաների վարորդներին ու զննել են մեքենաները, օրինակ՝ այդպես է եղել Արեւիկ գյուղի մոտակայքում:

Նույն վիճակն է եղել Հոռոմի խաչմերուկում: Իսկ Գյումրու կենտրոնական փողոցներում այնպիսի հսկողություն է եղել, որ թիվ 40 ավտոբուսը փոխել է իր երթուղին: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, մի՞թե ահաբեկչական գործողությունները հասան Գյումրի, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան:

Aravot.am-ին ոստիկանական աղբյուրներից հաջողվեց պարզել, որ Գյումրիում ու շրջակա տարածքում կատարվել են խուզարկություններ Երեւանում այսօր բացահայտված հանցավոր խմբակցության գործունեության շրջանակներում:

Հիշեցնենք՝  այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք