Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանների գործը կպավ

Հոկտեմբեր 22,2016 19:07

4+4-ի վերջին հանդիպումներից մեկի ժամանակ, երբ իշխանությունը համաձայնեց, որ կհրապարակի ընտրությունների արդյունքում ստորագրված ընտրացուցակները, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա ընդդիմության պատմական հաղթանակն էր: Ընդդիմությանը (եթե, իհարկե նման կատեգորիա կա Հայաստանում) թվաց, որ իրենք վերջապես հաղթեցին և իշխանությունները պարտավորված կլինեն առաջիկա՝ ապրիլյան ընտրություններն անցկացնել լրիվ նորմալ, քանզի փակցված ցուցակներում հայտնաբերված ամբողջական խախտումները (ուրիշի, բացակա, մահացած մարդկանց փոխարեն ընտրություն) հնարավորություն կտան բողոքարկելու և չեղարկելու մեծաթիվ խախտումներով անցկացված ընտրությունները:

Ընդդիմությունը հիացած էր իշխանությունների կոմպրոմիսով, որ վերջապես՝ իրենց համառ պահանջի և Վենետիկի ու նմանատիպ այլ կառույցների ճնշումների ներքո, իշխանությունները թուլացրին սեղմող օղակը և գնացին վերը նշված մեծագույն զիջմանը՝ ցուցակների հրապարակմանը, դրանով «կնքելով իրենց մահկանացուն» և ամրագրելով ընդդիմության ջախջախիչ հաղթանակը, քանզի ժողովուրդը պետք գա և անկաշառ ձևով իր ձայների ճնշող մեծամասնությունը տա ընդդիմությանը, և վերջապես ի կատար ածվի ընդդիմության երկարատև փայփայած երազանքը՝ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը: Ընդդիմությունը միամիտ մանկան նման հավատաց այս ամենի՝ կայացած փաստ լինելուն և բարձր տրամադրությամբ սկսեց լծվել ապագա Ազգային Ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: Փաստացի, այդքան տարիներ՝ կողք-կողքի աշխատելով իշխող ուժի և բոլոր իրավիճակներում ՝հակաքայլերի մեծագույն վարպետ Դավիթ Հարությունյանի (հանկարծ չասի, թե սուտ եմ հայտարարում, որ ինքը մեծագույն վարպետ չէ և առաջին քրեական գործը հարուցեն: Փառք Տիրոջը. օրենքը դեռ վավերացված չէ) հետ, ընդդիմությունը մի պարզ բան չհասկացավ, որ նրանք երբեք պատրաստ չեն իրենց բաժին կերակուրը հոժարակամ մատուցել ընդդիմությանը: Ընդդիմության չափից դուրս ոգևորությունը՝  լրիվ կուրացրել էր նրան և նա չէր էլ պատկերացնում, թե իշխանական թիմն ինչ հուզիչ անակնկալ՝ ցուգ-ցվանգ էր պատրաստելու և ճիշտ՝ անհրաժեշտ պահին, ինչպես է ընդդիմությանը դեմ տալու պատին՝ չթողնելով պաշտպանվելու դույզն իսկ չնչին հնարավորություն:

Վերջին մի քանի օրերին, իշխանությունը գործի դրեց իր ծանր հրետանին և ԱԺ նիստում ձեռնարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, որոնք հիմնականում վերաբերվում էին սուտ մատնությունների վերաբերյալ քաղաքացիների հայտարարություններին: Կառավարության՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի կողմից արվող փոփոխություննների առաջարկի իմաստը  հետևյալն էր. սուտ մատնությամբ հայտարարություն տարածելու համար քրեական օրենսգրքում նախատեսել պատիժ՝ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով, որը զարմանք և շոկ առաջացրեց համարյա բոլոր պատգամավորների շրջանում, քանզի առաջարկվող փոփոխությունն իր տեսակով և բնույթով եզակի «հայտանագործություն» էր, որի նմանը չէր եղել անգամ Ստալինյան ժամանակահատվածում: Պատկերավոր լինելու համար ասենք, որ այդ ժամանակահատվածում, եթե Խորհրդային Միության որևէ քաղաքացի նկատեր, որ ասենք Լոռեցի Սաքոն գիշերով կոլխոզի պահեստից կամ կալից երկու կիլոգրամ ցորեն էր գողացել, որը մասին պատմեր գյուղացիներին կամ գյուղապետին և հետո պարզվեր, որ դա ոչ թե Լոռեցի Սաքոն էր, այլ Լոռեցի Պողոսը, ապրանքի  քաշն էլ մեկ կիլոգրամ ինն հարյուր իննսուն գրամ էր ու տոպրակի մեջ էլ ոչ թե ցորեն էր, այլ ալյուր, ապա այդ քաղաքացուն՝ բարձրաձայն հայտարարած անհամապատասխանությունների (այն էլ՝ մի քանի) համար հաստատ չէին ազատազրկի, այլ ընդամենը մի լավ կքննադատեին և կպարտավորեցնեին, որ նա  այսուհետ զգույշ լինի իր հայտարարությունների մեջ:

ԱԺ-ում առաջարկվված  փոփոխությունների ներկայացումից հետո, օրենսդիրների մի մասը զարմանքից լռեց, մյուս մասն էլ բարձրաձայնեց, որ առաջարկվողը՝ շատ խիստ փոփոխություն է: Մարդ են էլի, կարող է անզգուշաբար են հայտարարել, ինչ անենք, բռնենք բոլորին 2-5 տարի դատենք: Քննարկումները հիմնականում շարունակվեցին այս տրամաբանության շրջանակներում և առաջարկվեց՝ որոշակիորեն մեղմացնել առաջարկվող փոփոխությունը ու դարձյալ ետ բերել Ազգային Ժողով՝ քննարկումները շարունակելու համար: Կառավարության նախաձեռնող խումբը, իշխող և ընդդիմադիր խմբակցությունների համապատասխան պատգամավորները երկար բանավիճելուց հետո եկան կոնսենսուսի. անզգույշ հայտարարության պարագայում կարելի է  հեղինակին առաջադրել տուգանք՝ նվազագույն աշխատավարի 200-800-պատիկի չափով կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով, իսկ միտումնավոր սուտ հայտարարության համար՝ առաջարկվող փոփոխությունը թողնել նույնը, այսինքն՝ ազատազրկում 2-5 տարի ժամկետով: Այս փոփոխությունը ներկայացնելուց հետո, որոշ պատգամավորներ ծափահարություններով ընդունեցին այն և խորը շունչ քաշելով, ասացին. այ, սա արդեն ուրիշ բան է, չէ ՞ որ խոսքը մեր ժողովրդի մասին է…: Եվ այս փոփոխությունն առաջին ընթերցմամբ՝ 104 կողմ ձայներով ընդունվեց:

Եվ այսպես, ի ՞նչ ունեցանք այս ամենի արդյունքում: Փաստացի, առաջարկվող փոփոխություններով իշխանություններն  ասացին. ցուցա ՞կ էիք ուզում, որքան պետք է, կտանք,…, դե տղա եք, տեր կանգնեք  դրանց…: Առաջարկվող փոփոխություններով իշխանությունն ամրագրեց հետևյալը. ընտրությունների ընթացքում ինչ ուզենք, կանենք, ավարտից հետո դրանց ուզած ցուցակները կկախենք և որպեսզի դա համարժեք լինի ցուցակների չկախելուն, այնպես կանենք, որ իրենց տեսածը և կարդացածը՝ իրենց ոչինչ չտա: Այսինքն, կձեռնարկենք քայլեր, որի արդյունքում իրենց տեսածը և կարդացածը չկարողանան որևէ կերպ օգտագործել: Այսինքն՝ իրենք պետք է ապացուցեն, որ այն ամենը, ինչ մասին՝ իբր տեսել և բարձրաձայնում են, ճիշտ են տեսել և կարդացել, այսինքն՝ իրենք պետք է ապացուցեն, որ ամեն ինչ ճիշտ են հասկացել, այսինքն՝ իրենք պետք է ապացուցեն, որ հայտնաբերված  խախտումները ճիշտ են, այսինքն՝ իրենք պետք է ապացուցեն, որ ճիշտ և դիտավորյալ են բարձրաձայնում խախտումների մասին կամ պետք է ապացուցեն, որ ճիշտ և անզգուշաբար են բարձրաձայնում խախտումների մասին: Այլ խոսքով, իրենք պետք է ապացուցեն, որ ճիշտ և դիտավորյալ կամ անզգուշաբար են բարձրաձայնում խախտումների մասին…:

Այսինքն, եթե պարզվի, որ ինչ-որ բան սխալ են նկատել կամ կարդացել, ընկալել կամ հասկացել, ապա անզգուշաբար են այդպես հասկացել, ընկալել կամ հայտարարել, որպեսզի նվազագույնը՝ երեք տարի քիչ նստեն, կամ դիտավորյալ և մտածված են հայտարարել և մնում է ապացուցեն այդ ամենի իսկությունը, որպեսզի 2-5 տարի չնստեն: Անկեղծ ասած, մի քիչ լավ չեմ հասկանում, թե ստի անզգուշաբար կամ դիտավորյալ լինելը ոնց կարելի է տարբերակել: Մի խոսքով, Մեսրոպ Մաշտոցն ու Հրաչյա Աճառյանը կզարմանային հայերենի իմացության իրենց թերի գիտելիքների վրա, եթե ներկա լինեին Ազգային Ժողովի տվյալ նիստին:

Այժմ ավելի որոշակի, թե վերջին օրերին ինչ կատարվեց Ազգային Ժողովում՝ ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների ժամանակ: Ինչպես արդեն նշվեց վերևում, որպեսզի իշխանությունների խոստացած ցուցակների հրապարակումը բումերանգի նման չհարվածի հենց իրենց և չփչացնի այդքան չարչարանքով ընդունված սահմանադրական հանրաքվեի արդյունքում ծնված նոր ընտրական օրենսգրքի ընձեռնած ֆանտաստիկ առավելությունները, մնում էր մի ճանապարհ. պետք էր այնպես անել, որ ընտրությունների ընթացքում կատարված խախտումները և ընտրական ցուցակների հրապարակային կախելը ընդդիմությանը տա այն, ինչ չկախելու դեպքը:

Հենց այս նպատակով, իշխանությունները գտան այս գերխնդրի միակ և անզուգական լուծումը. ընդդիմությունը, լրագրողները, հանրային վերահսկողները, այլ շահագրգիռ անձինք պետք է ուսումնասիրեն փակցված ցուցակները, բայց չկարողանան խախտումների վերաբերյալ ոչինչ բարձրաձայնել, քանզի ամեն հայտարարության վերաբերյալ պետք է ներկայացվի հստակ ապացուցներ, հակառակ պարագայում հայտարարությունների հեղինակները  մեկիկ-մեկիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ վերը նշված պատժաչափերով: Փաստացի, նման փոփոխությունների պարագայում,  ընդդիմությունը՝ անկախ ունեցած ռեսուրսների ծավալից, որևէ ընտրախախտում կանխել և դրա մասին բարձրաձայնել չի կարող: Սա է դառը իրականությունը…

Երևի բոլորը հասկացան, որ սա «իսկական ժողովրդավարության, ազատության, արդարության, թափանցիկության» փայլուն օրինակ է, որն առաջինը պետք է փորձարկվի Հայաստանում, մեկ բացառությամբ, որ այս պարագայում դատարանները հեղեղվելու են մատնության բազում գործերով, որը վերջ ու սկիզբ չի ունենա: 1937 թվականի իրադարձությունները՝ սրանց համեմատ կլինեն հրեշտակային…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

 

    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31