Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ-ն մտադիր է տուգանքների մասին բջջային հեռախոսով տեղեկացնել, իսկ 25% եւ 50% տույժերը վերացնել

Փետրվար 23,2017 16:30

Ճանապարհային ոստիկանությունը խոստանում է բարեփոխվել, ավելի ճիշտ՝ շարունակել բարեփոխվել. համենայնդեպս, այդպես է գրված կառավարություն ներկայացրած որոշման նախագծում:

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը, որտեղ նշված է, որ բարեփոխումների 1-ին հայեցակարգով նախատեսված միջոցառումներն արդեն իրականացրել են 2006-2009 թվականներին, հետո 2010-2015-ին եւս, ինչպես փաստաթղթում է գրված, մեծածավալ բարեփոխումներ են արել առանձին ծրագրերով: Հիմա ոստիկանությունը փորձում է մտնել բարեփոխման նոր փուլ: Դատելով հայեցակարգից՝ կարելի է ենթադրել, որ ոստիկանությունն, այսպես ասած, «ոստիկան-վարորդ բարիդրացի» քաղաքականություն է որդեգրել: Ճանապարհային ոստիկանությունը փորձում է 21-րդ դարին համահունչ քայլեր անել եւ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրեն է՛լ ավելի հասանելի դարձնել խախտում թույլ տված վարորդներին:

Ներկայացնում ենք հայեցակարգի առավել ուշագրավ առաջարկությունները:
Օրինակ՝ նախատեսվում են տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգում փոփոխություններ: Վարչական ակտերի ծանուցման առավել մեծ մակարդակ ապահովող կամավոր ծանուցումների նոր եւ, ըստ ոստիկանության, առավել մատչելի ընթացակարգեր մշակելու եւ ներդնելու ուղղությամբ առաջարկվում է անձի հանրային ծառայության համարանիշի հիման վրա աշխատող վարչական ակտերի ծանուցման բջջային հավելվածի մշակում եւ անվճար տրամադրում բոլոր ցանկացողներին (iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար): Բացի այս, նաեւ նախատեսվում է ծանուցման մատչելիություն ապահովելու համար էլեկտրոնային եղանակով որոշումների առաքում փոստի տեղական բաժանմունքներ, www.police.am կայքում գրանցվելու եւ վարչական ակտերի մասին ծանուցումները նաեւ բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով ստանալու հնարավորության ապահովում:

Հաջորդ բարեփոխումը հաստատ դուր կգա վարորդներին, ոմանք նույնիսկ կսկսեն սիրել ճանապարհային ոստիկանությանը: Իրականում ոստիկանությունը, դատարաններն ու ԴԱՀԿ-ն մի մեծ գլխացավանքից են ազատվում: Նախկինում խախտում կատարած վարորդը եթե տուգանքը չէր վճարում սահմանված ժամկետում` 30 եւ 60 օրվա ընթացքում, ապա տուգանքը եռապատկվում եւ հնգապատկվում էր: 2014-ից տուգանքի վրա հաշվեգրվող ավելացումների չափը նվազեցվեց՝ համապատասխանաբար 25 եւ 50% չափով: Ըստ ոստիկանության՝ այս մեղմացումը ոչ մի կերպ չազդեց կամավոր վճարումների թվի ավելացմանը: Տուգանքների վճարման համակարգում, ըստ ոստիկանության, բազմաթիվ խնդիրներ են առաջանում. օրինակ՝ էլեկտրոնային եղանակով վարչական ակտերի հաշվառման եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո ավտոմատ կերպով վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու դեպքում առաջանում են մեծ ծավալի խնդիրներ, որոնց հիմնական պատճառը փոստային ծառայության կողմից ստանալու մասին տեղեկատվությունը ուշ հայտնելն է:

«Հաճախ վարչական ակտն ստանալու ամսաթվի մասին տեղեկատվությունը ճանապարհային ոստիկանությունը փոստային ծառայությունից ստանում է ավելի ուշ, քան պետք է վարչական ակտով նշանակված գումարի վրա կատարեր ավելացում կամ ավելացված մասն ուղարկեր հարկադիր կատարման: Արդյունքում առաջանում է կամ մեծ ռեսուրսներ պահանջող ոչ արդյունավետ աշխատանք կատարելու անհրաժեշտություն, կամ վարչական մարմինը պետք է բեռը դներ քաղաքացու վրա, ինչը կհարուցի մարդկանց արդարացի դժգոհությունը: Բացի այդ, երբեմն փոստային ծառայության կողմից տրված տեղեկատվության հիման վրա հաշվարկվում եւ կատարվում է տուգանքի գումարի ավելացում, սակայն հետագայում՝ հարկադիր կատարման ներկայացնելուց հետո, պարզվում է, որ վարչական ակտն իրականում նույն հասցեում ստացել է այլ անձ, իսկ նման դեպքում վարչական դատարանը համարում է վարչական ակտը տվյալ անձի կողմից չստացած եւ տուգանքի գումարի ավելացման գործողությունը ճանաչում ոչ իրավաչափ»,- այսպիսի խնդիրներ է նշում ոստիկանությունը:

Ի վերջո, այս ամենից ազատվելու համար ոստիկանությունը կառավարությանն առաջարկում է դադարեցնել տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25% կամ 50%-ի չափով հաշվեգրվող ավելացումների կիրառումը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների՝ ՃՏՊ-ների գրանցման համար ոստիկանությունն առաջարկում է մինչեւ 100 հազար դրամի վնասով պատահարները, այսինքն՝ պարզ դեպքերը, վարորդների կողմից ինքնուրույն գրանցելու մեխանիզմը փոխարինել էլեկտրոնային եղանակով գրանցող բջջային հավելվածներով, ինչի համար նաեւ առաջարկվում է ստեղծել այդ հավելվածները:

«Ստանդարտացնել վարորդների կողմից գրանցվող (պարզ դեպքերը) ՃՏՊ-ից բացի մյուս բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ հավաքագրվող՝ պատահարին առնչվող անձնական եւ տեխնիկական ելակետային տվյալները եւ ավտոմատացնել դրանց հավաքագրումը, ներդնել ՃՏՊ-ների կենտրոնացված եւ միասնական հաշվառման համակարգ»,- գրված է հայեցակարգում: Այսինքն՝ նախատեսվում է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով կազմում, լուսանկարների կամ այլ տվյալների հավաքագրման միջոցով ՃՏՊ-ի վայրի սխեմայի էլեկտրոնային եղանակով կազմում, այդ նպատակներով համապատասխան բջջային հավելվածների ստեղծում:

Մեկ այլ ուշագրավ կետ էլ կա հայեցակարգում. նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով վերացնել նյութական վնասով ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացումը (հետեւանքի առաջացման համար պատասխանատվությունը), իսկ ՃՏՊ առաջացման մեջ մեղավոր անձին պարզելու եւ փոխհատուցում տրամադրելու հարցերը դիտարկել ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում՝ ապահովագրական ընկերությունների կողմից:

ՃՏՊ ելակետային տվյալները, մասնավորապես՝ պատահարը տեսագրված լինելու մասին տեղեկատվությունը արագ ստանալու եւ պատահարի վայրն արագ ազատելու նպատակով, ըստ ոստիկանության, անհրաժեշտ է խաչմերուկներում տեղի ունեցած ՃՏՊ-ի դեպքում ապահովել խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերին շուրջօրյա հետեւելու հնարավորություն, ներդնել ՃՏՊ-ի մասնակից վնասված տրանսպորտային միջոցները պատահարի վայրից տարհանելու միասնական ծառայություն՝ դրա ծախսերը դասակարգելով որպես վարչական ծախս, եւ այն կրելու հարցը լուծել վարչական վարույթի շրջանակներում: Բացի այդ, վթարի վայրերում առաջացող խցանումները կամ կուտակումները նվազեցնելու նպատակով, ինչպես գրված է հայեցակարգում, անհրաժեշտ է ստեղծել ՃՏՊ-ի վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ տարածելու միջոցով հասարակությանն այդ մասին իրազեկելու համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է մշակել եւ ներդնել ՃՏՊ-ների գրանցման էլեկտրոնային քարտեզ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում քարտեզի վրա նշել ՃՏՊ-ի վայրը եւ լրատվամիջոցներին (հիմնականում՝ ռադիոկայաններին) ավտոմատ եղանակով ոստիկանության միջոցով տեղեկատվություն տրամադրել այդ մասին:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

23,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728