Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը Իսլամի հետևորդ է. մեծացել է Հունաստանում. նոր մանրամասներ (Տեսանյութ)

Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը Իսլամի հետևորդ է. մեծացել է Հունաստանում. նոր մանրամասներ (Տեսանյութ)

Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում:

Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում: Նրա հարցաքննությունից Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն:

Ի դեպ, Բուլվարային թաղի բնակիչները ևս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական, մեզ հետ զրույցում ասում էին. «Հայի վիդ չկար վրեն, երևի դրսի շպիոն է, որին չգիտես ինչի ուղարկել են Գյումրի՝ այս քաղաքի անդորրը խաթարելու»:

Ինչևէ, ինչո՞ւ հոգեկան խնդիրներ ունեցող, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված, բանակից մեկ ամիս առաջ ազատված երիտասարդը Ստեփանավանից հայտնվեց Գյումրիում ու ո՞րն էր սպանության դրդապատճառը, այս հարցերի շուրջ զրուցեցինք նրա հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ:

Ի դեպ, պաշտպանը ևս հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Ա.Ջ.-ն բնակվել է Հունաստանում, իսկ մուսուլման հայ լինելու հետ կապված՝ խորհուրդ տվեց սպասել նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրությանը:

Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ, Ա. Ջ.-ն 14 տարի բնակվել է Հունաստանում, Հայաստան վերադարձել է նախորդ տարի՝ 2016 թվականին: Նա, ըստ հանրային պաշտպանի, բնակվում է տատիկի ու պապիկի հետ: Արամայիս Հայրապետյանի ասելով, Ա. Ջ.-ն մինչ այս դեպքը բնակվել է պապիկի հետ՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, իսկ տատիկը Հայաստանի Հանրապետությունում չէ, բնակվում է Հունաստանում: Փաստաբանի ասելով, ծնողների մասին խուսափում է խոսել, հետևաբար և հայտնի չէ նրանք բաժանվա՞ծ են, թե՞ մահացած: Քույր, եղբայր ունենալու մասին ևս ոչինչ չի ասել, ունի միջնակարգ կրթություն, նախկինում դատապարտված չի եղել:

Արամայիս Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե նրան արդեն առաջադրվե՞լ է մեղադրանք: Փաստաբանը տեղեկացրեց, որ այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ, սակայն կառաջադրվի այսօր, գործն արդեն քննվում է քննչական գլխավոր վարչության վարույթում, այդ իսկ պատճառով հանրային պաշտպանության կարգով նրա շահերի պաշտպանությունը կիրականացնի Երևանի հանրային պաշտպանի գրասենյակը:

Մեր հարցին ինչո՞ւ էր եկել Գյումրի, ո՞ւմ ուղեկցությամբ, Արամայիս Հայրապետյանն ասաց, որ ըստ Ա.Ջ.-ի խոսքերի, առաջին անգամ էր Գյումրիում, ուղեկցողներ չի ունեցել, եղել է մենակ: Իսկ թե ինչո՞ւ էր Ստեփանավանից հասել հանրապետության երկրորդ քաղաք, փաստաբանն ասաց, որ այդ տվյալները չի կարող հրապարակել:

Նա հորդորեց սպասել պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ վարույթի այս փուլում այդ տվյալը իրավասու է հրապարակել միայն նախաքննական մարմինը: «Նախ, որպես նախաքննական գաղտնիք՝ ես չեմ կարող հրապարակել, երկրորդն էլ որպես փաստաբանական գաղտնիք՝ առանց իմ պաշտպանյալի դիրքորոշմանը ծանոթ լինելու, չեմ կարող այդ մասին խոսել», -ասաց հանրային պաշտպանը:

Մենք հետաքրքրվեցինք նաև Ա. Ջ.-ի հոգեկան առողջությամբ՝ հարցնելով, թե բանակ գնալուց առաջ են ի հայտ եկե՞լ հոգեկան խնդիրները, թե՞ հենց ծառայության ընթացքում: Արամայիս Հայրապետյանն ասաց, որ նախքան բանակ զորակոչվելն անցել է ռազմաբժշկական փորձաքննություն, ճանաչվել է պիտանի ծառայության համար, սակայն 3-4 ամիս ծառայելուց հետո հայտնաբերվել են հոգեկան առողջական խնդիրներ, որից հետո զորացրվել է: Սակայն, նրա պահվածքը, ըստ փաստաբանի այնպիսին էր, որ նրա հետ հնարավոր էր շփվել, զրուցել, այդ պատճառով էլ ստանձնել է նրա պաշտպանությունը:

Նա, ըստ փաստաբանի, ռուս զինծառայողին չի ճանաչել:

Հարցին՝ սպանությունը կատարելու պահին մեղսունա՞կ է եղել, թե՞ անմեղսունակ, փաստաբանն ասաց. «Այդ հարցին կարող է պատասխանել դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը: Անգամ եթե մեղսունակ է եղել, արդյոք առկա՞ են եղել որոշակի հանգամանքներ, որոնք կարող են, օրինակ՝ աֆեկտի վիճակի հասցնել: Աֆեկտի մասով դատահոգեբանական փորձագետը կարող է պատասխանել, իսկ մեղսունակության մասով միայն դատահոգեբուժական փորձաքննությունը: Այս փորձաքննությունները, բնականաբար, կիրականացվեն նախաքննության ընթացքում»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ձեռքի ի՛նչ վնասվածք ուներ իր պաշտպանյալը. Բուլվարային թաղամասի բնակիչները տեսել էին, որ նրան դեպքի վայր բերելիս՝ ձեռքը կապած է եղել: Պարզվում է, որ նրա ձեռքին կան և հին վնասվածքներ՝ սպիների տեսքով, և թարմ վնասվածքներ, որոնք ամենայն հավանականությամբ՝ կապված են դեպքի հետ: Սակայն, ըստ հանրային պաշտպանի, դեռ հայտնի չէ, դրանք ստացե՞լ է իր, թե՞ տուժողի գործողությունների հետևանքով:

Երեկ մեզ հետ զրույցում «Արգո» խանութի աշխատակիցները, պատմելով իրենց տեսախցիկի արձանագրած կադրերի մասին, նշում էին, որ Ա.Ջ-ն հետևի կողմից դանակի 5-6 հարված է հասցրել ռուս զինծառայողի պարանոցին: Արամայիս Հայրապետյանը, սակայն, ասաց, որ երկու հարվածի տարբերակ է քննարկվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք, որ շարժառիթի մասին մեր ունեցած տեղեկատվությունը չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից ու սպասելով պաշտոնական վարկածին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. PATRON says:

    ԿԱՐԾԵՍ ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԴԵՊՔԻ ՀԱՅԵԼԱՊԱՏԿԵՐԸ ԼԻՆԻ!

  2. Serge says:

    Որտե՞ղ է տրամաբանությունը՝
    • … «14 տարի բնակվել է Հունաստանում, Հայաստան վերադարձել է նախորդ տարի՝ 2016 թվականին» …
    • … «զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում»…
    • … «2017 թվականի մարտին նա զորացրվել է»…
    http://www.aravot.am/2017/04/23/880590/

    • … «մինչ այս դեպքը բնակվել է պապիկի հետ՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում» …
    • … «Արամայիս Հայրապետյանն ասաց, որ ըստ Ա.Ջ.-ի խոսքերի, առաջին անգամ էր Գյումրիում» …
    • … «Բուլվարային թաղի բնակիչները ևս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական»…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք