Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Պետրոսյան. «Մենք պետություն ենք մեր մշակույթով»

Մայիս 04,2017 15:44

Մայիսի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ ասուլիս՝ «Արցախում հնագիտական աշխատանքների արդյունքներ և հեռանկարներ» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Քարինտակ գյուղի քարանձավի արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը:

«Տիգրանակերտ հնավայրը հետազոտվում է արդեն 13 տարի։ 2016 թ. պեղումներն իրականացվել են չորս հիմնական հատվածներում՝ ամրացված թաղամասի պարսպապատի, նույն թաղամասի հարավարևելյան դարավանդային տարածքներում, վաղ քրիստոնեական շրջանին պատկանող հրապարակում և արևելյան դամբարանադաշտում։ Լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացվել են քաղաքի աղյուսաշեն կառույցները, հայտնաբերված խեցեղենը, մյուս գտածոները»,- իր հայտնաբերած Արցախի Տիգրանակերտ քաղաքի մասին խոսելով ասաց Համլետ Պետրոսյանը:

«Այսպիսի պեղումների գերնպատակը Արցախի հայկական ծագումը աշխարհին ներկայացնելն է, սակայն բավական ֆինանսական միջոցներ չկան: Գիտությունների կոմիտեն բազմիցս մերժել է պեղումների ֆինանսավորումը»,- նշեց Լևոն Եպիսկոպոսյանը:

Շարունակելով խոսել ֆինանսական միջոցների մասին, Համլետ Պետրոսյանը հավելեց, որ արդեն մի քանի տարի է ոսկոր են ուղարկել Մարսել՝ հետազոտության համար, սակայն գումարի պատճառով այն հետաձգվում է:

«Ադրբեջանի հետ առնչվելիս պատմական փաստերը շատ կարևոր են: Ադրբեջանը անընդհատ շեշտում է՝ այդ հողերը պատմական ադրբեջանական հողեր են, իսկ հայերը համոզված են՝ այն հայերի հայրենիքն է: Այսինքն՝ Տիգրանակերտի հետազոտությունը մեր կամքից անկախ որոշակի քաղաքական երանգներ է ստանում, չնայած նրան, որ Տիգրանակերտի թիմը հետազոտությունը փորձում է պահել հնարավորինս ակադեմիական մակարդակում»,-հավելեց հնագետը:

«Չնայած նրան, որ դեռ պեղվել է քաղաքի միայն 3-4 տոկոսը, մենք կարող ենք պատկերացում կազմել տիգրանյան և ավելի ուշ ժամանակների քաղաքի մասին՝ամրոցն իր պարիսպներով, անտիկ թաղամասեր, վաղ քրիստոնեական ընդարձակ և լավ պահպանված հրապարակ: Այս ամենը հնարավորություն է տալիս ասելու՝ տարածաշրջանում Տիգրանի ժամանակի ավելի դասական հուշարձան , քան Տիգրանակերտն է, գոյություն չունի»,- հպարտորեն ասաց Համլետ Պետրոսյանը:

Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031