Հանրաքվեի ընդունման մասով չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի տարբերությունը. Երվանդ Բոզոյան

Հանրաքվեի ընդունման մասով չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի տարբերությունը. Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադառնում է նախագահ Սերժ Սարգսյանի նշած մադրիդյան սկզբունքների փաստաթղթի վնասակար ձեւակերպմանը: Հիշեցնենք, որ ըստ նախագահի ելույթում պարունակվող ակնարկի, Մադրիդյան փաստաթղթի այն պարբերությունը, որի հայրությունը ճանաչել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսանյանը, լուրջ հարցեր էր առաջացնում։

Նախագահը, մասնավորապես նշել էր. «Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։ Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից»:

Ըստ պարոն Բոզոյանի, Կազանի փաստաթուղթը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա, հետեւաբար. «Ես կարծում եմ, որ պլեբիսցիտի պարտադիր ընդունման փաստը ե՛ւ Կազանի, ե՛ւ մադրիդյան սկզբունքների մեջ գրեթե նույն կարգավիճակն ունեն: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի համեմատությանը Արեւմտյան Սահարայի հետ, այդ համեմատությունը փաստաթղթում դրված էր նրա համար, որ այդ կոնֆլիկտները շատ նման էին իրար: Հիշեցնենք, որ Արեւմտյան Սահարան Իսպանիայի գաղութն էր եւ ապագաղութացման գործընթացից հետո Արեւմտյան Սահարան կոնֆլիկտի մեջ հայտնվեց Մարոկոյի հետ, նույնը կատարվում էր ԼՂ հարցով: ԼՂ-ն խորհրդային միության բաղկացուցիչ մասն էր, իսկ խորհրդային միության փլուզումից հետո կոնֆլիկտ առաջացավ ԼՂ եւ Ադրբեջանի միջեւ: Հենց այդ կոնտեքստով էր մադրիդյան սկզբունքներում համեմատություն տարված ԼՂ եւ Արեւմտյան Սահարայի միջեւ»:

Ինչ վերաբերում է հանրաքվեի պարտադիր ընդունման հարցին, պարոն Բոզոյանն Aravot.am-ին ասաց, որ մադրիդյան սկզբունքների փաստաթղթում կոնկրետ նշված է, որ այդ հանրաքվեն անցկացվելու է ԼՂ տարածքում, իսկ բնակչություն հասկացության տակ էլ ընկալվում է այն բնակչությունը, որն ապրում էր մինչեւ 1988 թվականը. «Այսինքն՝ 75 տոկոս հայեր եւ 25 տոկոս ադրբեջանցիներ: Ես կարող եմ պնդել, որ զուտ հանրաքվեի ընդունման մասով ես չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի տարբերությունը: Այլ բան է, որ մադրիդյան սկզբունքները ուղղակի սկզբունքներ են, որը դեռ որեւէ կոնկրետ փաստաթուղթ չէ, իսկ կազանյան փաստաթուղթը փաստաթուղթ է, որն ունի իր ուղենիշերը: Մտահոգիչն այն, որ կազանյան փաստաթղթում չի նշված, թե հանրաքվեն երբ է անցկացվելու, կոնկրետ նշված է՝ ինչ զիջումներ պետք է անի հայկական կողմը, բայց շատ անորոշ է ժամկետային իմաստով՝ օրինակ երբ է անցկացվելու հանրաքվեն: Փաստացի կարելի է ասել, որ դա հաստատեց նաեւ պարոն Լավրովը եւ իր ասածով նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն Սերժ Սարգսյանի մատնանշած վնասակար ձեւակերպման հանումը դրական որակ չի՞ տվել փաստաթղթին, պարոն Բոզոյանը պատասխանեց. «Իրավական ու քաղաքական տեսակետից կդժվարանամ պատասխանել, որովհետեւ արդեն նշեցի, թե ինչի համար էր Արեւմտյան Սահարան համեմատվել ԼՂ կոնֆլիկտի հետ»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պնդմանը, թե որոշ փոփոխություններից հետո փաստաթղթում այժմ ամրագրված է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը՝, պարոն Բոզոյանը կրկնեց, որ տարբերություն չի տեսնում մադրիդյան սկզբունքների ու Կազանյան փաստաթղթի մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք