Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ՝ ով է այդ արտահոսքը տվել»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ քոչարյաններին տեղեկատվության արտահոսք տվողին փնտրելու մասին

Օգոստոս 27,2026 17:43 Share

«Նիկոլ Փաշինյանն ամբողջովին ալիևյան տրամաբանության մեջ է, կատարելով Ալիևի հանձնարարությունները՝ փորձում է ամեն ինչում նմանվել նրան։ Մտածում է՝ Ալիևը կարող է այդքան տարի երկրում բռնապետություն հաստատել, ում ասես՝ բռնի, տարիներով պահի բանտերում, ես ինչո՞ւ չեմ կարող։ Փոքրիկ Ալիև է փորձում խաղալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին։ 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվող գործընթացների առնչությամբ Գեղամ Մանուկյանն ասաց․ «Դա անհատական, անձնական այն մեծագույն քինախնդրությունն է, որը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է։ Բարդույթավորված մարդու քինախնդրությունն է։ Մենք գործ ունենք մի կողմից հաղթած, երկիր խաղաղություն բերած մարդու հետ, որը երկրի տնտեսությունը զարգացրել, կյանքում անդորր էր բերել և գործ ունենք մեկը մյուսին հաջորդող պատերազմներում խայտառակ պարտված, արտաքին աշխարհում վիզը ծռած և ամեն օր ներհասարակական կյանքում ատելություն բերող մարդու հետ։ Բանտը տղամարդու համար է, հատկապես պարոն նախագահը շատ տղամարդավարի, ողնաշարը պինդ այդ փորձություններով մեկ անգամ անցել է։ Բայց ահավոր ցավալի է․ ԱԱԾ մեկուսարանը շատ մեծ չէ, տասից ավելի խուց է, մի քանի քայլ է, մարդկային էդ սրիկայությունը, որ երկուսին՝ հորն ու որդուն նույն մեկուսարանում է պահում»։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը փնտրում է քոչարյաններին տեղեկատվության արտահոսք տվողին, այս առիթով Գեղամ Մանուկյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանն ամեն օր իրավապահ մարմիններին անօրինական հանձնարարություններ այնքան է տալու, մինչև մի օր էլ հանձնարարի, որ իրավապահները հենց իրենք իրենց տները գնան, և Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատ չուշացան։ Այսօր էլի սպառնաց իրավապահներին, վախի նոր դոզա մտցրեց, որ շատ ավելի անօրինական գործողություններ կատարեն։

Արտահոսքի մասին ասեմ՝ մի քանի շաբաթ առաջ կարծեմ Նիկոլ Փաշինյանն էր խոսում, որ ԱԱԾ-ից արտահոսք և այլն, ԱԱԾ-ն ինքն է որոշում։ Արտահոսքն ինքնին անօրինական բան է։ Հարցումներ եմ ուղարկել ԱԱԾ, չեն պատասխանել, դատական կարգով եմ այդ հարցումների պատասխանն ակնկալում։ ԱԱԾ-ից տեղեկատվություն դուրս տալը կանոնակարգումներով է որոշվում, դրա տակ փաստաթղթեր պետք է լինեն։ Իսկ արտահոսք նշանակում է անօրինական գործողություն։ Ինչ վերաբերվում է՝ արտահոսք է եղել, որ նախորդ գիշեր Ռոբերտ Քոչարյանը կամ ընտանիքն իմացել է, հա, եղել է արտահոսք։ Ես գիտեմ՝ ով է այդ տեղեկատվությունը տվել, և եթե Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ թևերը ոլորած ասֆալտի համն է կերցնելու, պատրաստ եմ անունը հնչեցնել։ Ուզում եք ասեմ անունը․ Նիկոլ Փաշինյան, ԱԺ նիստերի դահլիճ »։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31