«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան գրառումը
500,000 դրամ տուգանքը խոշոր ընկերության համար և լրագրողի համար նույն բանը լինել չի կարող։ Անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենսդրական նախագծում վարչական պատասխանատվության չափերի վերաբերյալ, իմ կարծիքով, լուրջ խնդիր կա։ Նախագծով նախատեսվում է 200,000–500,000 դրամ տուգանք ԱՏՊ խախտումների դեպքում։ Բայց այստեղ խնդիրը միայն այն չէ, որ միջակայքը լայն է և կարող է հանգեցնել Հանձնաժողովի չափազանց լայն հայեցողության։
Խնդիրն այն է, որ տուգանքը չի կարող նույն կերպ կիրառվել էապես տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեցող սուբյեկտների նկատմամբ։ Պատկերացնենք՝ նույն խախտումը կատարել է անհատ լրագրողը կամ փոքր կազմակերպություն կամ խոշոր ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում է միլիոնավոր դրամներ։
500,000 դրամը այդ երեք սուբյեկտների համար բոլորովին տարբեր նշանակություն ունի։ Լրագրողի համար այն կարող է լինել շատ ծանր ֆինանսական բեռ, մինչդեռ խոշոր կորպորացիայի համար՝ ընդամենը չնչին ծախս, որը որևէ կանխարգելիչ ազդեցություն չի կարող ունենալ։ Հետևաբար պատասխանատվությունը պետք է լինի ոչ միայն խախտմանը, այլև խախտողին համաչափ։
Կարդացեք նաև
Եվրոպական միության GDPR-ի 83-րդ հոդվածը հենց այս տրամաբանությունն է կիրառում։ Որոշ խախտումների դեպքում ընկերությունների համար տուգանքի առավելագույն սահմանը կարող է հասնել նախորդ ֆինանսական տարվա համաշխարհային տարեկան շրջանառության 2%-ին, իսկ ավելի ծանր խախտումների դեպքում՝ 4%-ին։
Միաժամանակ GDPR-ը պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատել խախտման բնույթը, ծանրությունը և տևողությունը, դիտավորությունը կամ անզգուշությունը, տուժած անձանց թիվը, պատճառված վնասը և այլ հանգամանքներ։ Այսինքն՝ տուգանքը պետք է լինի արդյունավետ, համաչափ և կանխարգելիչ։
Իմ կարծիքով՝ այս մոտեցումը պետք է հաշվի առնել նաև Հայաստանի նոր կարգավորումները մշակելիս։


















































