Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք և մեր ժողովուրդը հաղթահարում ենք Խորհրդային Միության այդ նոստալգիան։ Իրենք հասկանում են, որ ՀՀ-ն՝ իրենց պետությունը, այլևս իրենց մղում է նայելու առաջ և ոչ թե հետ. Փաշինյան

Օգոստոս 27,2026 17:53 Share

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի  1,255,853.3 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ գումար կհատկացվի 7 համայնքներում 9 սուբվենցիոն ծրագրերի համար։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. 2 ծրագիր՝ Արմավիրի մարզում, 3 ծրագիր՝ Գեղարքունիքի մարզում, 2 ծրագիր՝ Լոռու մարզում, 1 ծրագիր՝ Կոտայքի մարզում, 1 ծրագիր՝ Վայոց ձորի մարզում։ «Ընդհանուր առմամբ, այս հաստատումով էլ 2026 թվականի բյուջեից կունենանք 10.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր հանրապետության բոլոր համայնքներում»,– նշել է Դավիթ Խուդաթյանը։

Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը. Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է 438 գծմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուները՝ 15 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի 2-րդ, 3-րդ և 10-րդ, Այգեշատ բնակավայրի 6-րդ և 9-րդ, Բերքաշատ բնակավայրի 1-ին փողոցների ասֆալտապատում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, ասֆալտապատվել է 4,8 կմ երկարությամբ ճանապարհ),  Գեղարքունիքի մարզ՝            Մարտունի համայնքի Մարտունի և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 4,9 կմ երկարությամբ ճանապարհ), Մարտունի համայնքի Արծվանիստ-Ծովինար, Ծովինար-Վարդենիկ, Վարդենիկ-Զոլաքար, Աստղաձոր-Վաղաշեն, Մարտունի-Ներքին Գետաշեն, Ծակքար-Ծովասար և Վարդաձոր-Ձորագյուղ բնակավայրերը միացնող կենտրոնական ճանապարհներին նոր լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, կառուցվել է  6,8 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 226 հենասյուն և լեդ լուսատու), Մարտունի համայնքի Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է  9,4 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝  1320 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝  340 հա), Լոռու մարզ՝ Թումանյան համայնքի Մարց, Չկալով և Քարինջ բնակավայրերի գազաբաշխիչ ներքին ցանցի ընդլայնում     (ավարտված, կառուցվել է 3 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 75 տնային տնտեսություն), Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում ոռոգման ջրի ջրահավաք ավազանի կառուցում, Լեռնանցք բնակավայրում ոռոգման ջրի ջրամբարի կառուցում, Գեղասար և Շենավան բնակավայրերում ոռոգման համակարգի ընդլայնում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, կառուցվել է 1,6 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, 1.5 մ բարձրությամբ երկաթբետոնե պատնեշ, 4700 խմ տարողությամբ ջրամբար, շահառուները՝ 1048 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝  197 հա), Կոտայքի մարզ՝ Նաիրի համայնքի Եղվարդ, Զորավան, Սարալանջ, Արագյուղ, Բուժական բնակավայրերում փողոցների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ), Վայոց ձորի մարզ՝ Վայք համայնքի  Զառիթափ բնակավայրի 3-րդ, 8-րդ, 12-րդ փողոցների, 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Արտավան բնակավայրի 1-ին փողոցի, Ազատեկ բնակավայրի 2-րդ փողոցի, Փոռ բնակավայրի 2-րդ, 3-րդ և 6-րդ փողոցների հիմնանորոգում (ավարտված, ասֆալտապատվել է 3,5 կմ երկարությամբ ճանապարհ)։

Կապահովվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումը. կհատկացվի 1,174.7 մլն դրամ

Կառավարության որոշմամբ կապահովվի  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերով նախատեսված միջոցառումների բնականոն ընթացքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է իրականացնել 1,174.7 մլն դրամի ներքին վերաբաշխումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի տարբեր հատվածներում անհրաժեշտ վճարումներ կատարելու նպատակով։

Այսպիսով՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետևյալ ծրագրերի համար.

Աշտարակ–Թալին 42 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագիր՝ կապալառուի հետավարտական գումարի 5 տոկոս մնացորդի վճարումներ,

Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագիր՝ տեխնիկական հսկողի  ծառայությունների դիմաց վճարումներ,

Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագիր՝ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրում,

Քաջարանի 7 կմ թունելի կառուցման ծրագիր՝ 2025թ. կատարված և վերականգնման ենթակա ծախսերի փոխհատուցում,

Մ6 Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի վերակառուցման ծրագիր  35 մլն դրամ  Մ6 ճանապարհի վերականգնման, Դիլիջանի և Պուշկինի թունելների նախագծման աշխատանքների համար մնացորդային գումարի վճարում։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շատ լավ տեմպերով ընթանում է։ Նաև քաջարանի թունելի աշխատանքներն են լավ տեմպերով ընթանում, և ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ շատ պատեհ է և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը»։

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը: Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի  287,140.6 հազար դրամ, որից 15,142․5 հազար դրամը՝ Լոռու մարզպետի աշխատակազմին,  69,667․9 հազար դրամը՝  Շիրակի, 31,985․0 հազար դրամը՝  Սյունիքի,  437․0 հազար  դրամը՝ Վայոց ձորի,  169,908․2 հազար դրամը՝ Տավուշի։

Գումար կհատկացվի Լոռու մարզում Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի վրա թեքահարթակների կառուցման, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի ջրամատակարարման արտաքին ջրատար համակարգի վերակառուցման աշխատանքների ծրագրում լրացուցիչ իրականացված աշխատանքների ֆինանսավորման համար։ Շիրակի մարզում կիրականացվեն՝ Անի համայնքի Անիպեմզա բնակավայր մտնող 335 մետր երկարությամբ հատվածի ասֆալտապատման, Ախուրիկ բնակավայրում ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքներ։  Սյունիքի մարզում կիրականացվեն Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։ Գումար կհատկացվի  Վայոց ձորում՝ Տ-9-23/Տ-9-21/-Արտաբույնք–Հորբատեղ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 3,1 կմ հատվածի փլուզված մասի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Տավուշի մարզում կիրականացվեն Բերդ համայնքի Տ-10-50 /Հ-82/- Վերին Ծաղկավանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։

Անդրադառնալով Երերույքի տաճար տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այնտեղ հնավայր-թանգարան է հիմնադրում։ Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է. «Մի կողմից անում ենք ամրակայման, վերականգնման աշխատանքները, մյուս կողմից՝ պեղումներ: Տարածքը շատ մեծ պոտենցիալ ունի, և պլանավորում ենք նաև զարգացնել՝ դրանով նպաստելով նաև հարակից Անիպեմզա բնակավայրի զարգացմանը»։

Անդրադառնալով  Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներին՝   Նիկոլ Փաշինյանն այն համարել է շատ խորհրդանշական. «Շատ կարևոր է, որ Ներքին Հանդի ժողովուրդը խնդրել են իրենց համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն, որ  ասում ենք՝ խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է։ Դա նշանակում է, որ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չունեն չէ՞ մտավախություն։ Պարզ է, որ սահմանազատում արված չէ այնտեղ, պարզ է, որ հարցեր կան։ Դա նշանակում է, որ մարդիկ նաև արդեն արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ։ Այդ դաշտը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում վավերացված է, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Եվ սա շատ խորհրդանշական է»։

 2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է վերջին ութ տարիներին՝ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ, իրականացված ներդրումներին և նշել, որ ԽՍՀՄ-ի վերջին ամենաակտիվ շրջանի հետ համեմատած՝ Հայաստանի Հանրապետությունում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են ԽՍՀՄ տարիներին իրականացված ներդրումները։

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ  2025 թվականին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը, որը Խորհրդային Հայաստանի ամենամեծ ծավալով բնակարանային շինարարություն իրականացնելու ժամանակաշրջանն է։ «Սա ինչով եմ կարևոր համարում։ Անկախությունից ի վեր, շատ արագ առաջին էմոցիոնալ դրսևորումներից հետո, մեր ժողովուրդը Խորհրդային Միության հետ կապված նոստալգիայի տրամադրություններով է ապրել։ Դա կապված է եղել նաև այն երևույթների հետ, երբ մարդիկ տեսել են, որ ճանապարհները կառուցվելու փոխարեն քանդվում են, մանկապարտեզները կառուցվելու փոխարեն քանդվում են, դպրոցները կառուցվելու փոխարեն քանդվում են։ Եվ այստեղ հարցը միայն թվաբանության մեջ չէ։ Ես կարծում եմ, որ այսպիսով՝ նաև մենք և մեր ժողովուրդը հաղթահարում ենք Խորհրդային Միության այդ նոստալգիան։ Իրենք հասկանում են, որ ՀՀ-ն՝ իրենց պետությունը, այլևս իրենց մղում է նայելու առաջ և ոչ թե հետ։ Սա շատ կարևոր արձանագրում է»,- նշել է  վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Վիճակագրության կոմիտեի  հրապարակած 2026 թվականի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշներին. «Պետք է արձանագրել, որ այդ ցուցանիշները բավականին լավն են: Դրանից առաջ, իմիջիայլոց, հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը։ Արձանագրվեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ: Սա կարևոր արձանագրում է այն առումով, որ մենք, 2021-ին ստանձնելով կառավարումը՝ օգոստոսին էլի, մեր առջև խնդիր դրեցինք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և աներկբա ու միանշանակ մենք 7 տոկոսից ավելի՝ միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Եվ սա շատ կարևոր ցուցանիշ է: Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են, և իհարկե, պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում՝ շինարարությունը և ծառայությունները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ շինարարությունը հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 26,5 տոկոս, իսկ ծառայությունները՝ 17 տոկոս։

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում արձանագրված ակտիվությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.  «Երկրորդային շուկան էլ բավականին ակտիվ է, և  նախորդ տարվա համեմատ՝ այս տարի անշարժ գույքի հետ կապված 15 հազարով ավելի գործարքներ ունենք: Ընդ որում՝ սա վերաբերում է տարբեր գործարքներին: Դա միայն առքը և վաճառքը չէ»։

 

Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է՝ Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ու այն մարդկանց համար, որոնք ուղղակի ուզում են ներդրում անել: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այդ ֆոնին անշարժ գույքի գները շարունակաբար աճում են։ «Մենք քննարկումներ ենք ունենում, և մեր նախնական եզրակացություն այն է, որ շուկայի գործընթացներին կոշտ միջամտություններ անելն այնքան էլ ճիշտ չէ։ Մենք առաջիկայում  անդրադառնալու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդրին, իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր  հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր։ Շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Կառավարության պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար։

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ 16 մլն-ի ծրագրին, Պաշտպանության նախարարության և այլ բնակապահովման ծրագրերին։

 

ՀՀ անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարք՝  Երևանում և մարզերում

 

ՀՀ անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ հոբելյանական տարեդարձի առիթով սեպտեմբերին նախատեսվում է իրականացնել ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառումների նպատակն է պատշաճ կերպով արժևորել և հանրայնացնել ՀՀ անկախության 35-ամյա ճանապարհը, ընդգծել անկախ պետականության ձեռքբերումների կարևորությունը և հանրությանը ներկայացնել մշակութային բարձրարժեք միջոցառումներ։ Այս նպատակով «Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն», «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ», «Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում և մարզերում նախատեսվում է իրականացնել մի շարք մշակութային և համերգային միջոցառումներ։ Միջոցառումների շրջանակում նախատեսվում է անդրադառնալ Հայաստանի անկախության ձեռքբերման պատմական նշանակությանը, անկախ ՀՀ անցած 35-ամյա ուղուն, արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ընդգծել պետականության պահպանման, ամրապնդման և հետագա զարգացման կարևորությունը։

 

Մասնավորապես՝ սեպտեմբերի 19-ին Կապանում կկազմակերպվի «Անկախության օրը Կապանում» խորագրով համերգ, որին կմասնակցեն «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» երաժշտական խմբերը։ Սեպտեմբերի 18-ին Վանաձորում կկազմակերպվի «Սիմֆոնիկ Ռոք» համերգ, որին կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ: Գյումրիում կանցկացվի «Անկախության սիմֆոնիա»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ, Իջևանում՝ «Անկախության ռիթմը Իջևանում» համերգ։ «ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված բացօթյա տոնական համերգ Հանրապետության հրապարակում»՝ նախագծի իրականացմանը, որը բաղկացած կլինի երկու հիմնական մասից՝ պատմամշակութային ներկայացումից և ՀՀ անկախության հռչակման 35-ամյակին նվիրված համերգային ծրագրից։ Պատմամշակութային ներկայացման հիմքում դրված է «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվների վրա հիմնված կոնցեպտը։ Համերգային ծրագրում նախատեսվում է ՀՀ ճանաչված և սիրված արտիստների, երաժշտական խմբերի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությունը, այդ թվում՝ Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությամբ։

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջոցառումների վերաբերյալ լայն իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդիկ տարբեր մարզերում անցկացվող միջոցառումներին մասնակցեն, ինչը կնպաստի նաև երկրի ճանաչմանը։ «Կան մարդիկ, որ  չեն եղել բազմաթիվ վայրերում, որը կապի ունի նաև պետության և պետության ընկալման հետ, Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ, որովհետև եթե մարդն իր երկիրն իրականում չի տեսել… Սա զգացողության շատ կարևոր փոփոխություն է, և մենք պետք  դա խրախուսենք»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առիթները նաև  ստեղծվում են  մարդկանց այդ հարցում լրացուցիչ խթան տալու համար։

 

Կառավարությունը հաստատել է Գոռ Վարդանյանի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները

 

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Հուլիսի 29-ին կայացած մրցույթին մասնակցել է 3 հավակնորդ: Մրցույթը, որն անցկացվել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության կանոնակարգին համաձայն, կայացել է մեկ փուլով։ Արդյունքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (18 կողմ) տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանն ընտրվել է համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

 

Հայաստանը Լեհաստանում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա

 

Գործադիրի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Լեհաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի երկու պետությունների պաշտպանության և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Ակնկալվող արդյունքը՝ միջազգային ռազմական համագործակցության շրջանակում փոխշահավետ և բովանդակային փոխգործակցության ապահովումն է, երկկողմ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը՝ որպես կարևոր բաղադրիչ պետության անվտանգային ճարտարապետության մեջ: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար Լեհաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի պաշտպանության ոլորտում գործընկերային հարաբերություններին  և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար և անհրաժեշտ է գտնում Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ պաշտպանական և ռազմատեխնիկական բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ընդլայնումը՝ պաշտպանական ոլորտի կարողությունների ամրապնդման և փոխշահավետ գործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի համար արտաքին անվտանգային միջավայրի ձևավորման համատեքստում: Լեհաստանի հետ պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը առավելապես միտված է Հայաստանի պաշտպանական կարողությունների ընդլայնմանը և զարգացմանը, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների շարունակական ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակն է Հայաստանի պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանումն ու իրագործումը, այդ թվում՝ ռազմական սպառնալիքները պաշտպանական կարողություններով զսպելու և չեզոքացնելու միջոցով:

 

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի

 

Կառավարության որոշմամբ թույլատրվել է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանի քաղաքի Սասունցի Դավթի 27 հասցե տեղափոխումը: Ըստ հիմնավորման՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի՝ մոնումենտալ արվեստի հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հուշարձանի տեղափոխումը հանրության համար հասանելի, բարենպաստ տեսողական ընկալման պայմաններ ապահովող համահունչ և հարմարավետ միջավայր: Որոշմամբ առաջարկվում է վերջինիս տեղափոխումը Բարեկամության այգի՝ կատարելով հիմնանորոգման աշխատանքներ: Բարեկարգվելու է տվյալ տարածքը և լինելու է ավելի հարմարավետ, մեծ տարածքով՝ մարդկանց այցելության համար: Արդյունքում՝ այգին կլինի բարեկարգված, ընդլայնված և տեղափոխվող հուշապատը կլինի իր նախկին պատմական տեսքով։ Արդյունքում՝ այգին կլինի բարեկարգված, ընդլայնված և տեղափոխվող հուշապատը կլինի իր նախկին պատմական տեսքով։

 

«Ֆեստիվառ»  փառատոնի երրորդ համերգը՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում

 

Մարզերում մշակութային-ժամանցային կյանքը աշխուժացնելու, ՀՀ քաղաքացիների մասնակցությունը մշակութային միջոցառումներին բնականոն պահանջ դարձնելու, ինչպես նաև «Ֆեստիվառ»  փառատոնի երրորդ համերգը պատշաճ  կազմակերպելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Այս տարի «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 2 համերգ` Թալին և Գորիս քաղաքներում: Եվս մեկ համերգ նախատեսվում է անցկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 2026 թ. օգոստոսի 29-ին: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել համերգ: Միջոցառման շրջանակում մարզի բնակիչներն ու հյուրերը կկարողանան ծանոթանալ տեղական արտադրանքին: Փառատոնը բաց կլինի հանրության լայն շրջանակների համար, իսկ համերգին նախատեսվում է 10 000 հանդիսատեսի ներկայություն:

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

 

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

«Մեգա փրոդաքշն» ՍՊԸ ներմուծվող հումքով նախատեսում է իրականացնել նավթամթերքների արտադրություն։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում նախատեսվում է զարգացնել նավթավերամշակման արտադրությունը՝ կիրառելով արդիական տեխնոլոգիաներ և բարձր արտադրողականությամբ սարքավորումներ։ Ընկերությանը պատկանում է ՀՀ-ում գործող միակ նավթավերամշակման գործարանը, որը համալրված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով։ Ծրագիրն իրականացվելու է Արարատի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 13․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 55 աշխատատեղ՝ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով,  մինչև 2027 թ.-ը  նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 675 մլն դրամ։

«Ռայդենա» ՍՊԸ օտարերկրյա ներդրումներով կազմակերպություն է, որը հանդիսանում է ավիատիեզերական, ավտոմոբիլային և արդյունաբերական այլ նորարարական ճյուղերի համար կոմպոզիտային նյութերի՝ պրեպրեգների (prepregs) մշակման և արտադրության մեջ մասնագիտացված ինժեներատեխնոլոգիական միակ ստարտափ ընկերությունը ՀՀ-ում։ Պրեպրեգը համարվում է տնտեսապես բարդ արտադրվող ապրանք։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 31 աշխատատեղ՝ 1․1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 48-ի՝ 1․5 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 245 մլն դրամ։

«Եվրոթերմ» ՓԲԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել Նոյան ապրանքանիշի հյութերի, պահածոների, մուրաբաների արտադրության համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 44 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման և 50 մլն դրամի ներդրում նոր պահեստների կառուցման համար։ Ներկայումս առկա է 121 աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ.-ը աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 140-ի՝ 280 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 44 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․5 մլն դրամ։

«ԱՄ լյուքս տեքստիլ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 247․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 30 մլն դրամի կապիտալ  ներդրում։ Ներկայումս առկա է 37 աշխատատեղ՝ 104 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ.  նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 104 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 247․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 15․7 մլն դրամ։

«Հայր և որդի Կնյազյաններ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 90․2 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 84 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 55-ի՝ 88 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 90․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 7 մլն դրամ։

«ՀԱՄԱ գրուպ» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել ալյումինե դռների և պատուհանների արտադրության համար՝ իրականացնելով 325․5 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման և 150 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 51 աշխատատեղ՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 70-ի՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 325․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 33․3 մլն դրամ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել