Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտեր առանց կանոնների» սկզբունքով բանավեճ՝ ասուլիսում. Ասուլիսը ստիպված եղան ընդհատել. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 13:33

Այսօր «Ելակետ» ակումբում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկումը անկանխատեսելի ընթացք ստացավ: Բանախոսները սկսեցին այնպես վիճել միմյանց հետ, որ ակումբի վարողը ստիպված եղավ միջամտել ու ընդհատել ասուլիսը: Նա հայտարարեց, որ ասուլիսը փակվում է, որովհետեւ կրքերը թեժացել էին:

Նախ, Փաստաբանների պալատի անդամ Արտաշես Խալաթյանը կասկածի տակ դրեց այն սոցհարցումները, որոնց հիման վրա էլ պատճառաբանվում է օրենքի անհրաժեշտությունը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ իրավապաշտպան Նարե Արամյանը հակադարձեց՝ «Կյանքում մեկ անգամ արդարադատության նախարարությունը մի լավ նախաձեռնություն է անում, այն էլ…»:

Սկսեցին վիճել եւ Խալաթյանը բորբոքվեց. «Եթե սա վերածում ենք «բոյ բեզ պրավիլ» կանոններով բանավեճի… թվերով եթե խոսենք…, դուք ո՞վ եք, ո՞ր կազմակերպությունից եք»: Արամյանն ասաց. «Մենք լեզվի փառատոնի չենք մասնակցում, ասուլիսի գալով՝ դուք պետք է իմանայիք, թե ովքեր են ձեր բանախոսները: Դուք արդեն բավականաչափ խոսեցիք նորմալ պսիխիկայով մարդկանց հունից հանելու համար»:

Խալաթյանը հորդորեց Արամյանին իրեն կոռեկտ պահել եւ տոն չբարձրացնել: «Եթե ձեզ դուր չի գալիս, կարող եք լքել»,- արձագանքեց Նարե Արամյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին զարմացրել էր այն, որ փաստաբան Խալաթյանի համար թեկուզ 10 տոկոս ընտանեկան բռնությունները «թիվ չեն».

Նարե Արամյանի խոսքով՝ «Եթե մեզ կապացուցեն, որ բռնությունը մեր ավանդական ընտանիքի մաս է կազմում, կարող ենք մենք հանգիստ դառնալ մահմեդական»: Նա վստահ է, որ հատկապես երեխաների համար եվրոպական երկրներում ողջունելի է. «Կարծում եմ, միայն մեր եւ, կարող է միջինասիական եւ աֆրիկյան պետություններում՝ կարող է հասարակությունը դեմ լինել մի բանի, որը պետք է բարելավի իր եւ առաջին հերթին երեխայի կյանքը: Կանայք ջհանդամ, բա երեխե՞քը: Եթե կանայք չեն կարողանում այդ ամուսիններին առնվազն թունավորել, չեմ ասում էլ ծեծել, որպեսզի իր երեխան այդ վիճակում չլինի, հավանաբար ես կասեմ՝ լավ, անցանք, բա երեխաներն ո՞ւմ էին մի կտոր հաց տվել, որ այդ ավանդապաշտները եկան իրենց դեմը»:

Լրագրող Արթուր Հովհաննիսյանը Մանե Թանդիլյանին սկսեց հարցեր ուղղել ՝ իր խոսքերի հետ կապված, թե իրեն ընկալելի չեն հակառակ կարծիքները, որոնք հնչում են այս նախագծի հետ կապված: Նրա խոսքով՝ «Այն, որ ընկալելի կարող է չլինել՝ կապված է գիտակցության մակարդակից»: Պատգամավորը փորձեց զուսպ արձագանքել՝ ասելով, որ իսկապես իր ընկալումների մեջ չեն տեղավորվում այն հակադարձումները, որոնք հնչեցնում են ընդդիմախոսները. «Ես կարծում եմ, որ այս նախագիծը կզսպի բռնարարին բռնություն կատարել իր ընտանիքում: Սա հրատապ է, որովհետեւ այս հարցն ունի լատենտայնություն, մարդիկ չեն խոսում այս մասին, որովհետեւ մեր ավանդական ընտանիքները սովոր են իրենց կեղտոտ լվացքը դրսում չփռել: Այստեղ է, որ անհրաժեշտ է կանխարգելել, այլապես պրոբլեմը կարող է լուծվել Քրեական օրենսգրքով»:

Երբ Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե պատժիչ սանկցիաներով հնարավոր չէ կանխարգելել բռնությունը՝ Նարե Արամյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում նման տեսակետ: Բանը հասավ աղմուկ-աղաղակի, Նարե Արամյանը ճշտեց. «Դուք հարց չպիտի՞ տաք, դուք բանախո՞ս եք, դուք ձեր տանն էլ եք այսպիսի՞ն, հանգիստ խոսեք, այ, երբ որ լինի այս օրենքը…Պետությունը պարտավոր է երեխաների բարօրությունը միանշանակ վերցնել իր ենթակայության տակ եւ եթե կան քաղաքացիներ, ովքեր դեմ են, որ պետությունը վերահսկի երեխաների իրավունքները, բարօրությունը եւ զարգացումը, պետք է լքեն այս երկիրը, ապրեն ուրիշ երկրում»:

Կրքերը թեժացան, բոլոր բանախոսները սկսեցին իրար մեղադրել, վիճել: Մեկընդմեջ գոռում էին՝ «սա հանրահավաք չի, սաբոտաժի եք ենթարկում»: Տեսնելով, որ իրավիճակը դառնում է արդեն անվերահսկելի, ասուլիսը վարողը հորդորեց վեճը շարունակել ակումբից դուրս եւ դադարեցնել ասուլիսը:

Ավելի ուշ, երբ կրքերը հանդարտվեցին, ասուլիսը շարունակվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031