Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանուկ Սիմոնյանի սպանության հաջորդ օրը կինը կոմպոտ էր փակում, խալի լվանում». Գայանե Սիմոնյան

Հունվար 23,2018 15:55

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Մինչ պաշտպանական կողմը պնդում է, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարել է աֆեկտի տակ, քանի որ սպանությանը նախորդել է Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ ծեծն ու ծաղրուծանակը, Մանուկ Սիմոնյանի եղբոր կինը՝ Գայանե Սիմոնյանը, Aravot.am-ին վստահեցնում է, որ ամուսնու կողմից ծեծված կինը չէր կարող դեպքից մեկ օր հետո խալի լվանալ, տնային գործեր անել:

Մեր զրուցակցի պատմելով, Մանուկ Սիմոնյանի սպանության հաջորդ օրը, երբ դեռ ոստիկանները չէին գտել նրա դին ու որոնում էին որպես անհետ կորած, ինքը Ռուզաննա Մկրտչյանի հետ է եղել, նրանց տանը. «Ռուզանի վրա ոչ մի կապտուկ չի եղել, նրա ոտքերը, ձեռքերը բաց էին, ես էլ մեջքն էի տրորում, որ իրեն լավ զգա, նրա մարմնի վրա նույնիսկ մոծակի կծածի հետք չկար»:

Նշենք, որ Գայանե Սիմոնյանի ամուսինը՝ Արամ Սիմոնյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Մեր զրուցակցի պատմելով՝ իրենք գործի նյութերից են տեղեկացել, որ Ռուզաննա Մկրտչյանի մարմնի վրա կապտուկներ են եղել. «Դեպքի օրը իբրեւ թե Մանուկը Ռուզանի ոտքերին է հարվածել, բա որ Մանուկը ոտքերին խփել է, կապտացրել, ինքն էլ ցավին չի դիմացել, էդ ցավոտ ոտքերով ոնց է էդքան գործ արել: Ինձ էլ ասում էր՝ Գայան, 15 կիլո նիհարել եմ, մի հատ ցավոտ տեղ չունեմ, նենց եմ առողջացել, դու էլ նիհարի: Ես չեմ ասում՝ Մանուկն Աստված է, բայց Մանուկին հրեշ պետք չէ ներկայացնել, Աստծուց թող վախենա Ռուզանը»:

Անդրադառնալով Ռուզաննա Մկրտչյանի պաշտպանի այն պնդմանը, թե դեպքից առաջ Մանուկ Սիմոնյանը Ռուզաննայի ատամներն է քաշել՝ Գայանե Սիմոնյանը կրկին հերքեց. «Ես նրա հետ եմ եղել, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Գայանե Սիմոնյանի խոսքով, դեպքի հաջորդ օրը Ռուզաննա Մկրտչյանի համար շտապօգնություն են կանչել, այցելած բուժանձնակազմն արձանագրել է, որ տիկնոջ հետ ամեն ինչ կարգին է, խնդիրներ ունի գլխի հետ. «Ասացին, իր գլխի հետ է ինչ-որ բան կատարվում, սիրտն էլ, արյան ճնշումն էլ նորմալ է եղել, թող էդ շտապ գնության աշխատակիցները ցուցմունք տան, ասեն՝ Ռուզանի վրա մի բիծ նույնիսկ եղե՞լ է: Ամոթ է, թող Ռուզանը իմ աչքերին նայելով ասի, թե ես էսքան բանը սուտ եմ ասում: Մանուկը խիստ է եղել, բայց դաժան չի եղել, Ռուզանն ամեն ինչ անում է Նորիկի համար, որ նրան ազատի, բայց էդ ճիշտ չէ, Ռուզանը դեռ երանի է տալու, որ Մանուկը սաղ լիներ: Մանուկը մեռավ, գնաց, էլ չկա, վերջ, Ռուզան, վաղը քո թոռնիկին ինչ ես ասելու՝ ուր է քո պապը»:

Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ Մանուկ Սիմոնյանի դին բերելուց մեկ օր առաջ Ռուզաննա Մկրտչյանն անընդհատ կրկնում էր. «Չեմ ուզում լուսանա, մեռնեմ, Մանուկին այդ վիճակում չտեսնեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031