Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ասում է՝ քաղբանտարկյալներ կան, գլխավոր դատախազը պնդում է, որ քաղբանտարկյալներ չկան

Մայիս 15,2018 16:20

Այսօր լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեցին, թե հիմա, երբ քաղաքական իրավիճակ է փոխվել, խափանման միջոցներ են փոխվում, Անդրիաս Ղուկասյանին, Գարեգին Չուքասզյանին ազատ են արձակում, ինչո՞վ են դրանք պայմանավորված՝ քաղաքական հրահա՞նգ է՝ պատասխանեց. «Բոլորս ականատես եղանք, որ իսկապես, լուրջ պատմական իրադարձություն է տեղի ունեցել: Այդ իրադարձություններն իրենց հետ բերում են որոշակի հանրային պահանջ: Ես, որպես դատախազի, հավաստում եմ, որ բոլոր իրավական գործընթացները ի վերջո լուծում են ստանալու բացառապես իրավական կարգավորման շրջանակներում»: Նա վստահեցրեց, որ հրահանգներ չեն ստացել, որ քաղբանտարկյալ համարվող անձանց նկատմամբ դիրքորոշում փոխեն. «Ո՞վ պետք է նման հրահանգ տա»:

Նա վստահեցրեց, որ Փաշինյանի հետ այդ հարցով քննարկումներ չեն ունեցել:

Լրագրողները հարցրեցին՝ ո՞ր պահին հասկացաք՝ դա պատմական իրադարձություն է, ոչ թե իրավական՝ նա ի պատասխան ասաց՝ մեկը մյուսին չեն բացառում:

Հարցին՝ այն, ինչ տեղի ունեցավ Էրեբունի-Արցախի փողոցների խաչմերուկում, Փաշինյանին մի խումբ մարդիկ բռնի կերպով նստեցրին մեքենան ու տարան, դա ձեր տեսածով ի՞նչ էր՝ առեւանգում էր, հրավեր էր ինչ-որ տեղ սուրճի՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Դա քրեական գործի նյութերով ձերբակալման գործողություն էր»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել եւ հայտարարում է, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ, դուք ասել եք, որ չկան քաղբանտարկյալներ, փոխելո՞ւ եք ձեր դիրքորոշումը այդ մասով, քանի որ չեք ուզում հրաժարական տալ՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Որեւէ պաշտոնյա, ցանկացած, կարող է իր տեսակետը ներկայացնել, դատախազն իր տեսակետը ներկայացնում է՝ կոնկրետ վարույթում նյութերի հիման վրա»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հիմա պետության ղեկավարն է եւ ասում է, որ կան քաղբանտարկյալներ, դուք պետության ներկայացուցիչն եք, կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չկան քաղբանտարկյալներ»: Այդ հակասության հարցը ինչպե՞ս է լուծվելու՝ նա պատասխանեց. «Մենք խոսում ենք, կոնկրետ ինչը նկատի ունենք, վարույթներ, որոնք առնվազն երկու տարվա պատմություն ունեն: Այդ 2 տարիների ընթացքում բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դեսպանատներ, իրավապաշտպան կազմակերպություններ իրականացրել են մոնիտորինգ: Ամեն դեպքում որեւէ միջազգային կառույցի կողմից մինչ այսօր ինձ հայտնի չի փաստ, որ որեւէ մեկը ճանաչված լինի քաղբանտարկյալ՝ միջազգային ձեւակերպմանը համապատասխան: Ստացվում է, որ բոլորը մեջբերում են միջազգային փաստաթղթում քաղբանտարկյալի սահմանումը, բայց երբ հերթը հասնում է մեկնաբանությանը, ընկնում ենք ծայրահեղության մեջ: Ես հաճախ հանդիպել եմ մեկնաբանությունների, որից այսպիսի տպավորություն է, որ եթե որեւէ մեկը քաղաքական գործիչ է, նրան մի օր մեղսագրվեց հանցագործություն, ուրեմն պարտադիր պետք է լինի քաղբանտարկյալ: Դա այդպես չի: Դրա համար պետք են նյութեր»:

Նա ասաց, որ հիմա իրականացվում է արդարադատություն ու պետք է ամեն ինչ արվի, որ դատարանի դերը չնսեմանա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031