Լրահոս
Օրվա լրահոսը

Ելցինը ուշացել է

Դեկտեմբեր 12,1995 18:29
yelcin

Մեկ շաբաթից պակաս է մնացել Ռուսաստանի ընտրություններին: Թեեւ իշխանության որոշիչ լծակները կենտրոնացած են նախագահական համակարգերում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեկտեմբերի 17-ը «լակմուսյան թուղթ» կհանդիսանա 1996-ի ամռանը նախատեսված նախագահական ընտրությունների համար։ Այս իմաստով ներկա քաղաքական սպեկտրի ցրվածությունը 43 կազմակերպություններով լիովին կարելի է հասկանալ. ներկա իշխանությունները ապահովագրված չեն ոչ դեկտեմբերի 17-ին, ոչ էլ 96-ի ամռանը։

43 կազմակերպությունները կարելի է դասակարգել պայմանականորեն 3 ուղղությունների՝ դեմոկրատական, ազգայնական ու կոմունիստական, որտեղ ազգայնականները ու կոմունիստական հոսանքները անձնավորված են մեկ-երկու խոշոր կազմակերպություններով, մինչդեռ այդ 43-ից հիմնական մասը տրոհված է հենց դեմոկրատական դաշտում։ Դեմոկրատական ճամբարի տրոհվածությունը ակնհայտ է. այստեղ առկա են ոչ միայն սուբյեկտիվ հանգամանքներ (ամբիցիաների բախում, իշխանության այս կամ այն թեւերի կատաղի մրցակցություն եւ այլն), այլ նաեւ մի շարք օբյեկտիվ հանգամանքներ, կապված հասարակության խոր հիասթափությամբ ներկա իշխանություններից: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ դժգոհությունները կրում են զուտ տնտեսական ու սոցիալական բնույթ, սակայն իրականում այդ դժգոհությունը ընդգրկում է ավելի լայն ոլորտներ, որտեղ սոցիալական, տնտեսական խնդիրները կատարում են յուրօրինակ «տառանի» դեր: Դժգոհությունը չունի համակարգված բնույթ ի դեմս այս կամ այն սոցիալական շերտերի կամ խավերի։ Եվ հենց դա էր վկայում այն, որ 1993-ի ապրիլին ժողովուրդը հանրաքվեում «այո» ասաց իշխանությունների բարեփոխումներին, իսկ ընդամենը 9 ամսից Պետդումայի դեկտեմբերյան ընտրություններին իր ձայնը հիմնականում տվեց կոմունիստամետ ու ազգայնամետ ուժերին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշ քաղաքագետներ համարում են, որ դեռ չշերտավորված ռուսական հասարակությունը պատրաստ չէ դեմոկրատական ընտրությունների, քանի որ նրա արդյունքը կկրի ոչ բանական բնույթ: Եվ դրա հետեւանքով դեմոկրատական ընտրությունները կարող են օգտագործվել արկածախնդիրների, հակա-դեմոկրատական ուժերի կողմից, որոնք իշխանության գալուց հետո «կփակեն» ընտրությունների ինստիտուտի

հնարավորությունը։ Ելնելով դրանից, այդ քաղաքագետները առաջարկում էին «ժամանակավորապես հետաձգել» նմանատիպ «վտանգավոր» ընտրությունները, մինչեւ որ հասարակությունը շերտավորվի, եւ դրա հիման վրա առաջանան դասական կուսակցություններ, որից հետո միայն հնարավոր կլինի անցկացնել «անվտանգ» (դեմոկրատական համակարգի համար) ընտրություններ։ Որպես օրինակներ բերվում էին Չիլին, Հարավային Կորեան, Թուրքիան եւ այլն:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ունեցել է բոլորովին այլ ավանդույթներ, դեմոկրատական շրջանակների ճնշող մասը մերժեց այդ ճանապարհը։ «Չկա ոչ մի երաշխիք, որ ի սկզբանե դեմոկրատամետ իշխանությունները չեն վերածվի թայֆայախմբերի, մոռանալով իրենց լուսավոր նպատակները, դրանով իսկ ոչ միայն չնպաստելով շուկայական տնտեսակարգի հաստատմանը, այլ նաեւ վարկաբեկելով դեմոկրատիայի գաղափարը ընդհանրապես՝ ահա նրանց հիմնական փաստարկը։ Այսինքն՝ ավելի լավ է գնալ ընտրություններ անցկացնելու ռիսկի, քան թե հանուն դեմոկրատիայի ժամանակավորապես հաստատել ավտորիտար ռեժիմ:

Պետք է նշել, որ նշված երկու տեսակետներից դեմոկրատական

շրջանակներում հաղթանակեց, այսպես ասած, «կոմպրոմիսային» տարբերակը, ըստ որի դեմոկրատական բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ընտրություններ,     խորհրդարան, ազատ մամուլ եւ այլն: Սակայն իշխանության նախագահական թեւը ժամանակավորապես պետք է ունենա բավականին լայն լիազորություններ, որպեսզի ողջ հասարակարգը պահպանի իր կայունությունը:

Այսպիսով, փորձելով ստեղծել մի «կոմպրոմիսային» (ավտորիտարիզմի ու լիարժեք դեմոկրատիայի միջեւ) տարբերակ, դեմոկրատները փորձեցին պահպանել ընդհանուր առմամբ բարեփոխումների ուղին։ Եվ կարծես թե հենց այդպես էլ ստացվեց. չնայած 93-ի դեկտեմբերին Դումայի ընտրություններում ձախերի ու ազգայնականների հաղթանակին՝ կառավարությունը պահպանեց հիմնականում իր ուղին, «սովորելով» համագործակցել նաեւ «ձախերի» հետ:

Սակայն 93-ի դեկտեմբերյան ընտրությունները խոր հետք թողեցին դեմոկրատական շրջանակների վրա: Ոմանք, ինչպես Գայդարն ու նրա շրջապատը, խորապես հավատում էին 93-ին դեմոկրատների հաղթանակին եւ համոզված էին, որ ընտրություններ անցկացնելը ճիշտ է։ Դեմոկրատամետ այլ շրջանակներ նույնպես համոզված էին ընտրությունների անհրաժեշտության մեջ, սակայն, ի տարբերություն Գայդարի, ավելի իրատեսաբար էին գնահատում հասարակական «ձախ» տրամադրությունները, եւ առաջարկում էին, պահպանելով ընդհանուր բարեփոխումների ուղին, «ձախ» ճշգրտումներ կատարել եւ համագործակցելով «ձախ» ուժերի որոշ շրջանակների հետ, ստանձնել այդ «նոր ձախերի» ալիքը եւ 96-ի նախագահական ընտրություններում նորից հաղթանակ տանել, մանավանդ որ ձախերի հետ չհամագործակցելուց ոչ մի օգուտ չկա:

Դրա փայլուն օրինակը երեւաց Լեհաստանում։ Այնտեղ 93-ին «ձախերը» զգալի հաղթանակ տարան աջերի հանդեպ, եւ եթե Վալենսան կարողանար լեզու գտնել «ձախերի» հետ, ապա 95-ի նոյեմբերի ընտրություններում հանդես կգար ոչ թե միայն «աջ Լեհաստանի» անունից (որտեղ, իմիջիայլոց, նա արդեն մեծ հեղինակություն չուներ), այլ «ողջ լեհերի» անունից, ներդաշնակ կամուրջ սարքելով» ձախ» Լեհաստանի հետ։ Սակայն Վալենսան մինչեւ վերջ մնաց միայն որպես «Սոլիդարնոստի» ներկայացուցիչ, մինչդեռ նրա հակառակորդը, բոլորին անծանոթ «ձախ» Կվասնեւսկին առաջ քաշեց «ձախ եւ աջ Լեհաստանի» համերաշխության խաղաթուղթը: Այս հանգամանքը այսօր արդեն գիտակցում է Ելցինը, սակայն կարծում ենք, արդեն ուշացած: Նրա ընդգծված «կոմպլիմենտները» ձախ-ցենտրիստ Սկոկովի հանդեպ խիստ ժամանակավրեպ էին։

Ի տարբերություն 93 եւ նույնիսկ 94-թվականների այսօր, 95-ի վերջում, Ելցինը 1996-ի նախագահական ընտրություններում «շանս չունի»։ Սակայն, դեռ հնարավորություն ունի թողնելու իշխանությունը այնպիսի ուժերի, որոնք ընդհանուր առմամբ կպահպանեն ներկա բարեփոխումների ուղին, էական «ձախ» ճշգրտումներ կատարելով։ Սակայն Ելցինի «ուշացման» պատճառով բարեփոխումները կարող են կանգնել լուրջ վտանգների առջեւ, որի հետեւանքով կարող է տուժել Ռուսաստանը, եւ ոչ միայն նա:

 

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031