Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ կարելի՞ է

Դեկտեմբեր 12,1995 19:34

Եվրոպացի ինչ-որ մի ազգագրագետ այցելում է Հայաստան ու իր երկիրը վերադառնալուց հետո տպավորություններ գրում։ Երեւի «պայծառ» երեւակայություն է ունենում՝ այսպիսի պատմություն է հորինում, իբր հայ ընտանիքներում հյուրերի համար հատուկ անկողիններ են պահում։ Ոչ ասպնջական դրդումներով, այլ որ հյուրը կենակցի իրենց զոհված որդու այրու հետ՝ նրան երեխա թողնելու ակնկալությամբ։ Այդ երեխան իբր ընտանիքի ապավենն է, միաժամանակ՝ Հայոց բանակի ապագա զինվորը։ Այս անհեթեթությունը ժխտելն իր պարտքն է համարել հայասիրությամբ հռչակված Լյուդմիլա Մոտալովան։ Անպատկերացնելի է նաեւ հորինվածքի հայաստանյան արձագանքը։ Ժամանակները պատերազմական չէին, բայց ճշտումները միանշանակ էին՝ ամուսնուն կորցրած ջահել հայ հարսն ինքը զինվոր կդառնար, իր վիշտը ուրիշների փրկության մեջ կանթեղեր։ Որդուն կորցրած հայ մայրը հարսին ուրիշի գիրկը չէր մղի, թե կարողանար՝ կռվից նրան ետ կպահեր, որ ուրիշ մի օջախ շարունակվեր, ու զինվոր- որդիներ մեծանային։

Հիմա ժամանակները ետպատերազմական են, իսկ ճշտումները՝ անմիանշանակ։ Այն, ինչ երեկ զայրույթ ու ընդվզում էր պատճառում, այսօր չի էլ նկատվում։ Քանի որ կյանքը բացահայտում է ավելի վատթար երեւույթներ։

Նորահարսների ներկա սերունդն ամուսիններին պատերազմ ճանապարհեց՝ բնավ չհավատալով, թե պատերազմն իսկական է: Հանրահավաքային խանդավառությունը նրանց տուն մտավ դագաղային դաժանությամբ: Ովքեր առաջինը մեկնեցին ու սրտի հրամանով, ավելի շուտ նահատակվեցին։ Զորակոչով մեկնածների միջեւ էլ մահը խտրություն չդրեց՝ հավասար էին երկրի համար ընկածները, հավասարվեցին նաեւ վշտակիր հարազատները: Քանի դեռ պատերազմի կրակը մոլեգնում էր, մարդիկ խոշտանգվելով հաշտվում էին իրենց ճակատագրի հետ, բայց զինադադարից հետո վշտին դիմանալու եղանակները այլակերպվեցին: Ընտանեկան անախորժությունները սկսեցին խախտել ընտանիքի սահմանները եւ դառնալ հանրության սեփականությունը։ Այնքան, որ արդեն վերաճել են հասարակական մտահոգության։ Զոհվածների ընտանիքներին աջակցելու կոչված կազմակերպությունները ստիպված են միջամտել, որպեսզի դատական միջամտությունը բացառվի։ Դա էլ, իհարկե, չի օգնում, քանի որ շատ ընտանիքներում հակասությունները դարձել են անշեջ բորբոքումներ։

Ծանոթ- մտերիմները ՝զարմացած հարց են տալիս՝ ինչո՞ւ այսպես եղավ,

ախր վիշտը պետք է ողջերին ավելի մտերմացներ, ինչո՞ւ ավերեց նախկին համերաշխությունը: Պետք է… Մինչդեռ որոշակի փաստերը հոգեբանական այնպիսի ձեւախեղումներ են մատնում, որոնք անսպասելի են թվում մեր մտածողության համար։ Որդուն կորցրած ծնողները հանկարծ համակվում են հանգիստ չտվող մտքերով՝ վռնդել հարսին ու երեխաներին։ Վեճերը սկսվում են չնչին իրադարձություններից, ապա դառնում զուտ նյութական խնդիրների շուրջը՝ հարսին ոչինչ չի հասնում՝ ոչ տուն, ոչ հողամաս, ոչ մեքենա, ոչ կահույք, ոչ սպասք, ոչ գորգ, ոչ թաշկինակ։ Իսկ երեխաներին, որ իրենց որդու շարունակությունն են այս երկրի վրա, առանց սակարկության զիջում են։ Հարսի նկատմամբ տածած ատելությունը տարածվում է նաեւ անմեղ որբուկների վրա: Կարծես բոլորին պատժում են, որ նրանք ապրում են, իրենց որդին՝ ոչ։ Սա մի այնպիսի հոգեկան թնջուկ է, որի առաջ անզոր են դառնում նաեւ մնացած հարազատները, ողջ միջավայրը։ Նրանց հորդորները պարզապես լռեցվում են՝ իրենք են զոհի տերը, իրենք պետք է որոշեն։

Ընդդիմախոսներն էլ իրենց առարկությունները կունենան. իսկ եթե այրին ամենակարճ ժամկետում մոռանում է իր վիշտն ու այլ կողակի՞ց գտնում: Կամ ավելի վատը՝ երեխաների ներկայությամբ սիրեկանի՞ն է ընդունում: Ավելի վատը՝ շատերի հե՞տ է սիրաբանում։ Չարժե՞ նրան դաս տալ։ Արժե։ Միայն թե՝ մասնավոր կարգով։ Ամենասիրելի մարդուն անգամ կորցրած կինը երկրորդ անգամ երջանկանալու իրավունք ունի: Նրան պետք է այդ հնարավորությունը տալ եւ հետեւել, որ թոռնիկները նոր ընտանիքում իրենց ավելորդ չզգան։

Իսկ եթե գիտակցես, որ տղայիդ շառավիղներին դժբախտություն է վիճակվել, պետք է նրանց ետ բերես սեփական ընտանիք՝ կյանքիդ մնացորդը նրանց խնամքին ու դաստիարակությանը նվիրելով։ Սակայն ընտանեկան բազմաթիվ պատմություններ վկայում են, որ ծնողներ-հարսներ ճակատամարտում առաջին հերթին տուժում են երեխաները: Դպրոցը, զանազան միությունները չեն կարող նրանց տալ այն, ինչի մենաշնորհը վերապահված է ընտանիքին, թեկուզեւ՝ իր սյուներից մեկը կորցրած ընտանիքին։ Ողջ իմաստությունը հանգում է նրան, որ կորստի ցավը ճղճիմ քինախնդրություն չդառնա, այլ կամրջի սգակիր հոգիները։ Եթե այս ամենի մասին եվրոպացի ինչ-որ մի ազգագրագետ կամ ուղղակի գրագետ ասեր, երեւի զայրույթից կապտեինք, քանի դեռ երեւույթը մերն է ինքներս էլ պետք է նրա վճիռը կայացնենք։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031