Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք գրողներ-երեք մեծ հայեր

Դեկտեմբեր 21,1995 15:49

Քսաներորդ դարասկզբի առաջին տասնամյակում ստեղծագործող Մեծ Հայորդիներից մեկը պոեմանման մի կարճ բանաստեղծություն գրեց, որի մեջ կային այսպիսի տողեր.

 

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,

Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին,

Որպես լեռն է մեր պայծառ տեսել ազատ ձյուն,

այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Գերված ենք մենք- ոչ ստրուկ- գերված մի արծիվ,

Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ՝ ազնիվ:

Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,

Կանգնիր հպատ, որպես լույս լեռն է մեր կանգուն:

 

Այդ Մեծ Հայը համոզված էր, որ իր երկիրը, առասպելական փյունիկի նման, կվերածնվի ու կելնի կրակից՝

Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Նա տեսավ իր երկրի վերածննդի լոկ սկիզբը, այն էլ՝ հեռվից ու անհուսալի հիվանդ: Բայց քիչ բան չարեց այդ վերածննդին օժանդակելու համար:

Այն օրերին, երբ նա մեռնում էր օտարության մեջ, բուն Հայաստանից ոչ շատ հեռու ապրող մի ուրիշ Մեծ Հայ, օգտագործելով «գերված, բայց ոչ ստրուկ արծվի» կերպարը, միօրյա մի թերթում հրապարակեց մի փոքրիկ հոդված, որը կոչվում էր «Հայը» եւ վերջանում էր այսպիսի տողերով.

«Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից… Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թեւերը կոտրում։ … Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից- ազատությունից։ Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին.- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցեք խաղաղ եւ երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը՝ ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը –Ազատությունը»։

Բայց տեսեք, թե ինչպես է սկսում նա իր հոդվածը. «Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից… Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած։ Որքա՜ն խաբուսիկ։ Երեւույթը, ո՛չ ինքը։ Բայց եւ ի՞նչ է ինքը՝ իր նկարագիրը։ Զո՛ւր աշխատանք.- որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց եւ իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երեւույթ էր։ Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով՝ գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան։ Որքա՛ն անհույս է թվում իր ապագան, բայց որքա՜ն հուսացող է նա։ Ասենք իր կյանքում երկու բան բնավ չտեսավ, մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը՝ չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջն է։ Ապա նայիր, սա՞ է հայը, այս չարչին, այս բուրժուան, արարածներից ամենագծուծը եւ անասուններից ամենակուշտը։ Այսքան անխնա ստորացնել իրա՜ն… Կարո՞ղ է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրվանքով եւ արշինով։ Հանրօգուտ գործի՝ եւ ոչ մի գրոշ: Բայց մի օր էլ տեսար՝ մեռավ ու ողջ կարողությունը կտակեց հասարակությանը։ Դե գնա իմացի՛ր, թե ինչ մարդ էր։ … Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա դուքան բաց անէ։ Մարդը իր հացի եւ իր գործի տերն է ուզում լինել եւ ոչ թե նրա ծառան: Եվ արդեն հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր՝ չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտե… Իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, եւ այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…»։

Այդ հոդվածի լույս տեսնելուց մի քանի ամիս հետո Հայաստանը դարձավ Խորհրդային Հանրապետության եւ մի երկու տարի անց, Վրաստանի

ու Ադրբեջանի հետ ֆեդերացիա կազմած՝ մտավ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության մեջ։

Տասնամյակներ անցան,- մեծագործություններով, տնտեսական ու ռազմական սխրանքներով, մեծամեծ տառապանքներով հարուստ տարիների շարաններ։ Երկրորդ «Մեծ Հայը» բազում գրքեր գրեց ու շատ անգամներ դրանց մի մասը վերահրատարակեց՝ հաճախ վերամշակելով իր գործերն ու հարմարեցնելով ժամանակի պահանջներին։ Բայց «Հայը» չվերահրատարակվեց մինչեւ իր մահը (1967թ.), իսկ երբ լույս տեսավ նրա երկերի ժողովածուի 14-րդ հատորը (1987թ.), պարզվեց, որ «Հային» կռտել էին. հոդվածից կրճատել էին, օրինակ, այսպիսի տողեր. «քծնում է, ստրկանում օտարի ոտքի տակ՝ ինչպես իր Ձենով Օհանը», «Իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է։ Թաթա՞րն էր մոտը՝ սպասեց ռուսին, ռո՞ւսը եկավ՝ աչքը եվրոպացուն էր։ Եկա՞վ անգլիացին՝ դարձյալ ռուսին էր սպասում։ Ռո՞ւսն է գալիս՝ չի ընդունում… Ուրեմն իր պետությո՞ւնն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել, ի՞նչ իմանաս… Մի ձեռքը ճանկռտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու»։ Եվ էլի ուրիշ կտորներ։

(վերջը հաջորդիվ)

 

Արմենակ ՈՍԿԱՆՅԱՆ

փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031