Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ՈՒՐԻՇ ԵՆ

Ապրիլ 15,1998 00:00
Vasak Darbinyan

«Նախագահի պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության մեծ զգացումով եւ պատրաստ եմ արդարացնել ժողովրդի վստահությունը»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «ՀՀ», 14 ապրիլի

Դե ուրիշ են, էլի, մեր ընտրյալները։ Անմիջապես՝ ստանձնելով բարձր ու պատասխանատու պաշտոն՝ համապատասխան հայտարարություններ են անում։ Ընդ որում, մի քանի անգամ առիթ ունեցել ենք շեշտելու՝ անվճար հայտարարություններ։ Մինչդեռ այլ երկրներում ինչպե՞ս է լինում։ Ոչ մի այս կարգի հայտարարություն ոչ մի գործիչ կամ պաշտոնյա չի համարձակվում անել։ Որովհետեւ վստահ չեն իրենց ուժերին։ Ի՞նչ պիտի լինի դրանց կառավարած երկիրը։ Այդ անվստահների։

«ՊՆԱԿԱԼԵԶ, ՊԱՏԵՀԱՊԱՇՏ»

«Քանզի Հայաստանի ժողովրդի համար հույսի եւ հավատի օրեր են, ՀՅԴ-ն չի կարող խնայել իր միջոցները ազգային պետությունը ամրապնդելու հարցում, եւ իր զորակցությունը կբերի այս մասնավոր յուրահատուկ շրջանում»։

ՄԱՐԻՈ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀՅԴ բյուրոյի անդամ, «Հայոց աշխարհ», 14 ապրիլի

Ա՛յ, եթե Հայաստանի համար հույսի եւ հավատի օրեր չլինեին, այլ հակառակը, լինեին մռայլ հուսահատության օրեր՝ ՀՅԴ-ն ոչ մի զորակցություն էլ չէր բերի Հայաստանի ժողովրդին։ Կխնայեր, ո՜նց կխնայեր իր միջոցները ազգային պետությունն ամրապնդելու հարցում, կասեր՝ գնացե՛ք դե ձեր ազգային պետությունով։ Իսկ հիմա՞։ Ստիպված՝ չի խնայում իր միջոցները։ Չվատնի՞ հանկարծ մինչեւ վերջին լուման։ Չմնա՞ ՀՅԴ-ն անմիջոց, անկոպեկ, անկոնյակ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«-Հնարավո՞ր է, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նոր նախարար նշանակվի Արտաշես Թումանյանը, հարկային տեսչության ներկայիս պետը։ -Ամեն ինչ հնարավոր է»։

ՀՀ վարչապետ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ հետ «Արմենպրեսի» թղթակցի էքսքլյուզիվ հարցազրույցից, «ՀՀ», «Հայոց աշխարհ», 11 ապրիլի

Խիստ «էքսքլյուզիվ» պատասխան է տվել վարչապետը, որից կարելի է ենթադրել.

ա) հնարավոր է, որ Արտաշես Թումանյանը նշանակվի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, բայց չաշխատի, աշխատի հարկային տեսչության պետ,

բ) հնարավոր է, որ Արտաշես Թումանյանը չնշանակվի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, բայց աշխատի,

գ) հնարավոր է, որ Արտաշես Թումանյանը նշանակվի եւ աշխատի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար,

դ) հնարավոր է, որ ոչ թե Արտաշես Թումանյանը նշանակվի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, այլ բոլորովին ուրիշ մարդ։

Իրոք որ՝ ամեն ինչ հնարավոր է։ Հուսանք, որ վարչապետը դեռ առիթ կունենա ճշգրիտ գուշակել, թե ով է նշանակվելու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, որից հետո կպատճառաբանի, թե ինչու չնշանակվեց։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930