Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը կգնա նաեւ ճաշկերույթի

Օգոստոս 15,1998 00:00
qef

Սեպտեմբերին Անկախության տոնակատարություններից անմիջապես հետո հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ։ Այցելության առիթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովում Հայաստանի նախագահի ունենալիք ելույթն է, որի մասին հաղորդվել է։

Հավելենք, որ սպասվում է, որ Լոս Անջելեսում սեպտեմբերի 26-ին նա նաեւ կմասնակցի Հայկական Միացյալ ֆոնդի կազմակերպած ընդունելություն-ճաշկերույթին։ Այն կլինի նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի առաջին այցելությունը Լոս Անջելես։ Ճաշկերույթը տեղի կունենա քաղաքի «Սենչըրի Պլազա» հյուրանոցի սրահում։ Միջոցառումը նվիրված է լինելու ՀՄՖ-ի կողմից Հայաստանի օժանդակության 100-րդ թռիչքին։

Արդեն իսկ տարվում են նախապատրաստական լուրջ աշխատանքներ։ Ստեղծվել է 33 անդամներից կազմված հատուկ հանձնախումբ, իսկ մինչ այդ ֆոնդը հայտարարել է, որ իբրեւ հովանավոր մասնակցելու համար կարելի է կատարել 25 հազար, 10 հազար եւ 5 հազար դոլարի նվիրատվություններ։ Ճաշկերույթում յուրաքանչյուր սեղանի գինը կլինի 1500 դոլար, իսկ մուտքի տոմսը կարժենա 150 դոլար։ Դեռեւս հայտնի չէ, Ռոբերտ Քոչարյանից նույնպե՞ս կգանձվի այդ գումարը, թե՞ պատվավոր հյուրերի համար կլինեն բացառություններ։

Ավելացնենք նաեւ, որ մոտ 10 տարի գործող Հայկական Միացյալ ֆոնդը մինչ օրս Հայաստան է առաքել 235 մլն դոլարի օգնություն եւ առաջիկա ընդունելություն-ճաշկերույթը եւս կազմակերպվում է այդ նպատակով։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31