Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՄ 100 ՏՈԿՈՍՈՎ ՄԱՐՈՒՄ ԵՆ ՊԱՐՏՔԸ, ԿԱՄ՝ ԴԱՏԻ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ»

Օգոստոս 15,1998 00:00
dex

«Հայդեղագործություն» ՓԲԸ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Վարդանյանի խոսքը կտրուկ էր եւ անառարկելի։ Ընկերությունը թմրադեղերի առք ու վաճառքով, ընդունումով եւ բաշխումով զբաղվող միակ արտոնագրված կազմակերպությունն է հանրապետությունում։

Երեկ ընկերության նախագահը մեզ հրավիրել էր ասելու, որ իրենք եկող շաբաթվա առաջին օրից դադարեցնելու են հանրապետության հիվանդանոցներին եւ պետպատվերի շրջանակներում թմրադեղ ստանալու իրավունք ունեցող հիվանդներին այդ դեղի մատակարարումը։ Խնդիրը դարձյալ եւ միշտ ֆինանսական է։ «Հայդեղագործություն» ՓԲԸ-ը միշտ կատարել է իր պարտականությունները, սակայն այժմ այնպիսի իրավիճակ է առաջացել, երբ կողմերից մեկը՝ առողջապահության նախարարությունը չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները։ Մ. Վարդանյանի հավաստմամբ պարտքն առաջացել է այս տարվա մարտի վերջից սկսած։

Սրանից մեկ ամիս առաջ ընկերությունը տեղեկացրել է առողջապահության նախարարությանը, որ եթե պարտքի մարումը տեղի չունենա, ապա ինքը կդադարեցնի թմրադեղի բացթողումը հիվանդներին։ Այս վերջնագրի հետեւանքները դժվար չէ ենթադրել։ Եթե չլինեն ցավազրկողները, ոչ մի վիրահատություն չի կատարվի, իր տառապանքներն այլ կերպ չի կարող թեթեւացնել ոչ մի օնկոլոգիական հիվանդ։ Հիվանդ մարդիկ եւ հիվանդանոցները կհայտնվեն մի կատարյալ Սոդոմ-Գոմորի մեջ։ «Ես գիտակցում եմ, որ սա շատ ծանր քայլ է։ Ես երբեք այսպիսի քայլի չեմ գնացել, բայց մենք չենք կարող համակերպվել այն բանին, որ բանկի («Հայէկոնոմբանկ»- Մ. Ե.) վարկը չենք մարում եւ բանկը մեզ վրա մեծ տոկոսադրույքներ է դնում։

Փաստորեն սա մեր կազմակերպության համար ստեղծում է սնանկացման վտանգ։ Նախարարությունը դեռեւս միայն խոստումներով է մեզ կերակրում։ Մի երկու ամիս մենք տատանվում էինք, գնալ այս քայլին, թե՝ ոչ։ Մինչեւ վերջին պահը (երբ ֆինանսական կրախի հարցը չկար) ուզում էինք նամակով զգոնության կոչել առողջապահության նախարարությանը։ Սակայն տեսնում ենք, որ եթե այս ուղղությամբ շեշտակի քայլեր չձեռնարկենք, ապա մեր ֆինանսական վիճակը ոչ մեկին տագնապ չի հարուցում, իսկ իրենց պարտականությունների չկատարելն արդեն կարծես թե համապարփակ բնույթ է կրում առողջապահության նախարարության կողմից»,- ասաց ընկերության նախագահ Մ. Վարդանյանը։

Խոսքը ուժեղ ցավազրկողների մասին է, այն միջոցի, որը մահվան դուռն հասած մարդկանց ցավերը ժամանակավոր անզգայացնում է։ Առողջապահության նախարարության պարտքը հասնում է մոտ 50 միլիոնի՝ հուլիսի 1-ի դրությամբ։ Սակայն դրանից հետո եւս նախարարությունը շարունակում է անվճար դեղատոմսեր դուրս գրել, իսկ այդ նշանակում է պարտքերն ավելանում են։ Ըստ տիկին Վարդանյանի նախարարը պատճառաբանում է, թե բյուջեում փող չկա, սակայն տիկին Վարդանյանը չի հավատում, որ փող չկա, որովհետեւ թմրադեղի համար բոլոր ժամանակներում էլ փող գտնվել է։ Փորձեցինք հարցը քննարկել նաեւ առողջապահության նախարարի հետ։ Նախ, վերջինիս սրտով չէր, որ ինֆորմացիան մեզ է հասել, հետո էլ, ինքը չպատասխանեց մեր հարցերին, այլ՝ հանձնարարեց այդ հարցով պատասխանատուին։

Օրվա վերջում խմբագրություն զանգահարեց նախարարության ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Կ. Անտոնյանը։ Նախ, պարոն Անտոնյանը փորձեց համոզել, թե հարկ չկա, որ այդ ինֆորմացիան տպագրվի, քանի որ մեկ շաբաթից գումարը կլինի եւ կփոխանցվի, հետո էլ, համոզվելով, որ մենք տպագրելու ենք նյութն, ասաց. «Մենք նրանց հետ նման խոսակցություն չենք ունեցել, սա առաջին անգամն է։ Պրոբլեմը կապված է ընդհանուր առմամբ ֆինանսների նախարարությունից գումարների փոխանցման հետ։ Մեկ շաբաթվա ընթացքում տալու ենք դեղերի ամբողջ գումարը։ Ուղղակի նրա («Հայդեղագործություն» ՓԲԸ- Մ. Ե.) պարտքերն են իրեն խեղդում, ես նրան հասկանում եմ»։

Խնդիրն, իրոք, լուրջ է եւ թմրադեղերի ու նրանց մատակարարման հետ կատակները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ։ Այստեղ են ասել՝ եկել է մարդկանց սեփական ցավի հետ մենակ թողնելու ժամանակը, այդ ցավը առողջապահության նախարարության համար այլ ակունք ունի, «Հայդեղագործության» համար՝ այլ։ Իսկ հիվանդ մարդիկ՝ սեփական մաշկի վրա են զգում այս ամենը։ Ավելորդ անգամ համոզվում ենք, որ առողջապահության համակարգը ամենահիվանդ կետերից է եւ շտապ բուժման կամ վիրահատական միջամտության կարիք է զգում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31