Լրահոս
Օրվա լրահոսը

Թվանշան մարզպետներին

Սեպտեմբեր 12,1998 00:00
mes

Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունում, ֆրանս-հայկական համատեղ ուսուցման ծրագրի շրջանակներում ավարտվեց հայ փրկարարների եւ մարզպետների ուսուցումը։ Հայ փրկարարներին ուսուցանվեց նախաբժշկական առաջին օգնություն, իսկ մարզպետներին՝ արտակարգ իրավիճակների կառավարում։ Այն իրականացվեց Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի եւ ֆրանսիացի փրկարարների ուժերով։

Եվրախորհրդի կողմից սահմանված դիպլոմների հանձնմանը ներկա էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան։ Այս ծրագրի շրջանակներում ուսուցում կազմակերպվեց նաեւ հայ մարզպետների համար՝ «Արտակարգ իրավիճակների կառավարում» թեմայով։ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ, գեներալ-մայոր Հարությունյանը տեղեկացրեց, որ այս ծրագրի իրականացումը 2 տարվա արդյունք է։ Նույն վարչության կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ինստիտուտի ռեկտոր պրն Մաթեւոսյանն ավելացրեց, որ մարզպետներ են եղել, որոնք արդեն ուսուցումն ավարտել են։ Այս փուլով ավարտվեց մարզպետների ուսուցումը։

Ի դեպ, հարկ է նշել, որ վերջին փուլին մասնակցեցին Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի եւ Սյունիքի մարզպետները։ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետին տրված այն հարցին, թե արդյոք ծույլ մարզպետներ չգտնվեցին, որոնք ստացան անբավարար թվանշաններ, գեներալ-մայոր Հարությունյանը պատասխանեց. «Չէ։ Պատկերացրեք, որ նրանց համար բավականին մեծ հետաքրքրություն էր այս։ Եթե սկիզբն ընդունում էին ոչ լուրջ, հենց առաջին օրը լրջանում էին»։ Այս ծրագիրը կշարունակվի, եւ նախատեսվում է 1999 թ. ուսուցում կազմակերպել նաեւ փոխմարզպետների, քաղաքապետների, ինչպես նաեւ գործարանատերերի համար։

Մեզ հետաքրքրեց նաեւ ծանրաքարշ ճամպրուկների առկայությունը վարչության պետի առանձնասենյակում։ Այն հարցին, թե ի՞նչ ճամպրուկներ են դրանք, «Փրկարարների պատրաստման եվրոպական կենտրոնի» գործադիր քարտուղար Գայանե Օհանջանյանը պատասխանեց. «Ճամպրուկները պարունակում են մանեկեններ, փրկարարական գործիքներ, ֆոտոնյութեր եւ այլ իրեր։ Դրանք կոչվում են «մանկավարժական ճամպրուկներ», որը նվիրատվություն է հայ փրկարարներին»։

Վերջում նշեմ, որ մեր հյուրերը եւ այս 24 հայ փրկարարները, որոնք ուսուցում ստացան, կմասնակցեն սեպտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք միջազգային փրկարարական զորավարժություններին։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930