Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Կրթության համակարգը և նոր գիտահետազոտական արդյունքները

Նոյեմբեր 25,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Անկասկած աշխարհում զարգանում է «Մանկավարժություն»  պահանջարկված գիտությունը, որն իր  ինքնուրույն  ընթացքը  սկսել է  17-րդ դարից և կյանքի, քաղաքակրթության պահանջներով գտնվում է անընդհատ փոփոխությունների՝ բարեփոխումների մեջ, որն ի դեպ տեղեկատվական հասարակարգի պայմաններում  ավելի է ընդգծվում։

Ինչպես ցանկացած գիտության դեպքում, այնպես էլ մանկավարժության պարագայում ստեղծված նոր գիտելիքը պետք է կիրառվի գործնականում, իսկ այս դեպքում կիրառությունը պետք է երևա և մանկապարտեզում, և դպրոցում, և համալսարանում, և ընտանիքում իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքներում…

Ժամանակակից աշխարհում կրթության  որակի բարձրացման  ամենաարդյունավետ ուղիներից մեկը, այսպես կոչված, ապացուցահեն կրթությունն է, ըստ որի՝ ուսուցման մեթոդները և տեխնոլոգիաները, դասագրքերն ու իրականացվող կրթական բարեփոխումները պետք է հիմնվեն ոչ թե ենթադրությունների կամ միայն ավանդույթների, այլ գիտականորեն  ստուգված փաստերի և տվյալների վրա։

Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, գիտական բացահայտումների և կրթական առօրյայի միջև հաճախ մեծ անջրպետ կա։ Ուրեմն  կա պահանջ գիտությունը, նրա արգասիքները դարձնել ուսուցչի  ամենօրյա կիրառման գործիքը, թեման, նյութը…

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կազմակերպած հետազոտությունները փաստում են, որ նույնիսկ  զարգացած երկրներում գիտական արդյունքների  ներդրումը բախվում է  մի շարք գործնական բնույթի խնդիրների։ Այսպես, ուսուցիչների  մոտ 62 տոկոսը նշում է, որ ծանրաբեռնվածության  պատճառով  ժամանակ չունի գիտական հոդվածներ ուսումնասիրելու համար։

Մանկավարժների 53 տոկոսը դժվարանում է վերլուծել ակադեմիական  բարդ տվյալները և դրանք օգտագործել դասի ընթացքում։

UNESCO-ի գնահատմամբ՝ կրթական համակարգում հաճախ բացակայում է հետադարձ կապը հետազոտողների, կրթական քաղաքականություն մշակողների և դպրոցների (կրթական հաստատությունների) միջև։ Արդյունքում  ոլորտի գիտնականները ուսումնասիրում են մի բան, իսկ ուսուցիչներին անհրաժեշտ են բոլորովին այլ հարցերի պատասխաններ…

Առկա են վերլուծություններ, որոնց շնորհիվ  հնարավոր է առանձնացնել այն մեթոդները, որոնք աշխարհի կրթական համակարգերում կիրառվում են և համեմատաբար արդյունավետ են։ Օրինակ,  ձևավորող գնահատումը և հետադարձ կապը իրականացնելը, որի շնորհիվ աշակերտը ստանում է ընթացիկ կառուցողական խորհուրդներ՝ առանց թվանշան նշանակելու, ավելի արդյունավետ է, քան պարզապես ստուգողական  աշխատանքներ անցկացնելը (եթե գիտելիք չկա, ինչքան ուզում ես ստուգողականներ անցկացրու…):

Դասարանում ակտիվ համագործակցություն առաջացնող մեթոդների կիրառումը, երբ ուսուցիչը խրախուսում է քննարկումները, հարցադրումները, բանավեճը ու սովորողների ուսումնական համագործակցությունը, նպաստում  է ուսման որակի բարձրացմանը։

UNESCO-ի 2026 թ. զեկույցի համաձայն՝ նախադպրոցական կրթության ֆինանսավորման կրկնապատկումը եռապատկում է երեխաների ընդգրկվածությունը, ինչը հետագա դպրոցական, ուսումնական հաջողությունների կայուն հիմքն է։

Աշխարհում առաջատար շատ երկրներ ստեղծել են  հատուկ մեխանիզմներ  գիտությունը դպրոցին  մոտեցնելու նպատակով։ Մասնավորապես Նորվեգիայում, այսպես կոչված՝ «տեղական կարողությունների զարգացման սխեմա»   մոդելի շրջանակներում պետությունը ֆինանսավորում է համալսարանների և դպրոցների երկարաժամկետ համագործակցությունը։ Գիտնականները և ուսուցիչները համատեղ մշակում են  դասավանդման նոր մոտեցումներ։

Շվեյցարիայում գործողության  վրա հիմնված  հետազոտություն մոդելի շրջանակներում, դպրոցում աշխատում են  խորհրդատու հետազոտողներ, որոնք օգնում են  ուսուցիչներին, իրենց իսկ դասարանում փոքր գիտափորձեր դնել և վերլուծել դրանց արդյունքները։

Գերմանիայում երիտասարդ  գիտնականներին ու ուսուցիչներին սովորեցնում են «թարգմանիչ-միջնորդի» դեր կատարել՝ գիտական բարդ լեզուն դարձնելով մատչելի ու կիրառելի սովորողների համար։

Այս շարքը անշուշտ կարելի է շարունակել, բայց ցանկալի է առանց երկարացնելու փորձել մշակել գործնական ալգորիթմ, որի շնորհիվ կարելի է որոշակիորեն  կամրջել  գիտությունն ու պրակտիկան՝ դպրոցական առօրյան։ Այդ նպատակով կիրառելի են հետևյալ հաջորդական քայլերը.

– Ստեղծել գիտելիքի միջնորդ կառույցներ՝ հարթակներ, ապահովված մասնագետներով, որտեղ գիտական  հոդվածները կվերածվեն  կարճ, մատչելի ուղեցույցների՝ նախատեսված ուսուցիչների համար։

– Փորձել ուսուցչին  նայել որպես հետազոտողի, սա ենթադրում է, որ ուսուցիչը պետք է ունենա ազատության որոշակի աստիճան և հմտություններ՝ իր դասարանում  փոքր նորարարություններ  փորձարկելու, տվյալներ ստանալու և գործընկերների հետ կիսվելու ու քննարկելու համար (օրինակ, մեթոդական խորհուրդի նիստերում, կրթական համաժողովներում և այլն)։

– Մասնագետների օգնությամբ տեղայնացնել այլ տեղերում առկա առաջավոր փորձը։ Պարզ է, որ այլ երկրներում  ստեղծված մեթոդը կամ մոտեցումը չի կարելի մեխանիկորեն  պատճենել (մի բան, որին հաճախ ենք ականատես լինում ու որը չիմացության և սեփականը չճանաչելու արդյունք է), այլ անհրաժեշտ է նախքան համատարած ներդրումը, այն փորձարկել տեղական մի քանի դպրոցներում՝ հաշվի առնելով մշակութային և սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները։

Ասվածից հետևում է, որ  մանկավարժական գիտության, հետազոտությունների  արդյունքները չպետք է մնան ակադեմիական գրադարաններում։ Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ  գիտնականն ու ուսուցիչը գործընկերներ են։ Նման պայմաններում կրթությունը կվերածվի գիտակցված, չափելի և բոլորի համար հասանելի զարգացման գործընթացի, իսկ դպրոցական կրթությունն ավելի որակյալ կդառնա։

Կամո Աթայան

Հ.Գ. Հետաքրքիր կլինի լսել խնդրո առարկայի վերաբերյալ ուսուցիչների, դասախոսների և կրթության համակարգի այլ աշխատողների կարծիքները…

«Առավոտ» օրաթերթ
23.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել